Քաղաքականություն

«Հրապարակ». Եթե Բաքուն սխալվի, առաջին հարվածը կստանա Նախիջեւանի ուղղությամբ

«Հրապարակ». Եթե Բաքուն սխալվի, առաջին հարվածը կստանա Նախիջեւանի ուղղությամբ

Իրանը ուժ է ցուցադրում։ Իրանական զորավարժությունները Կասպից ծովում հստակ ուղերձ էին Ադրբեջանին՝ չտրվել գայթակղության ու չներքաշվել Իրանի դեմ որեւէ գործողության։ Եթե Իսրայել-Իրան հարաբերություններում իրավիճակն այնպիսին լինի, որ Ալիեւի վրա ճնշումները մեծանան ու նա  ստիպված՝ գնա գործողության, չի բացառվում, որ Իրանը հարված ստանա հենց Ադրբեջանից տարածքից, ուստի իրանական կողմը նախազգուշացնում է։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Զորավարժություններն անցկացվում են Աստարա նավահանգստի մոտ։ Տեղացիները զգուշացվել են ենթադրյալ թշնամու թիրախների դեմ ուղղված հրթիռային հարվածների և ռմբակոծությունների մասին։

«Իրանը կանխարգելիչ քայլեր է անում՝ ուժի ցուցադրություն Ադրբեջանին, որ եթե այնուամենայնիվ, Բաքուն սխալվի եւ Իրանի դեմ գործողություններ թույլ տա իրեն, ապա առաջին հարվածը Ադրբեջանը կստանա Նախիջեւանի ուղղությամբ, որով կփակվի Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող միջանցքը,-ասում է Նահապետյանը։
Ըստ մեր զրուցակցի, տարածաշրջանում մեծ պատերազմի երկու շահառու կա՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն՝ իր անձնական խնդիրներով եւ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը, որը ցանկանում է վերարտադրվել եւ պահել իշխանությունը։ Նրանց նպատակը Իրանին ցամաքային գործողությունների մեջ ներքաշելն է, իսկ այդ սցենարի դեպքում, Իրանին դրսից հարվածող կարեւորագույն պետությունը դառնալու է Ադրբեջանը, որտեղ Իսրայելը բավականին լուրջ ներկայություն ունի։

«Ոչ միայն Արաքսի հովտում՝ Կուբաթլու Զանգելան, Ջեբրայիլ, այլեւ Ֆիզուլիում Իսրայելը ներկայություն ունի, որտեղ ռազմական օդանավակայան է կառուցված, այնտեղ Իսրայելից թռչող ինքնաթիռները վայրէջքի եւ  Իրանի տարածքը ռմբակոծելու հնարավորություն ունեն»,-բացատրում է ռազմական փորձագետը՝ այս հանգամանքով են պայմանավորում նաեւ ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգույի այցը Թեհրան եւ Բաքու։ 
Բացի այս, Նահապետյանի խոսքով, Իրանում պարսիկներից հետո ամենամեծ էթնիկ խումբը, որը լուրջ հավակնություններ ունի Իրանի որոշ տարածքների վրա պետություն ստեղծելու կամ միավորվելու Ադրբեջանի հետ, ազերիներն են՝ շիա մահմեդական ադրբեջանցիներ են։ 

Իսրայելաիրանյան հակամարտությունում Թեհրանը զուսպ է գործում՝ հասկանալով Թել Ավիվի նպատակը։ Ու չնայած նրան, որ Իրանում բարձրացվեց վրիժառության կարմիր դրոշը, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կտրուկ քայլերի չգնաց, որին սպասում էին Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Ըստ մեր զրուցակցի, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձնական պատճառներ ունի իրավիճակը սրացման տանելու․ Իսրայելում որեւէ քաղաքական փոփոխությունից հետո գործող վարչապետն առնվազն երկու դրվագով կարող է դատարանի առաջ կանգնել, նախ այն բանի համար, որ Իսրայելի քաղաքական իշխանությունը հատուկ ծառայությունների ու բանակի կողմից տեղեկացված է եղել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված գործողության վերաբերյալ եւ քաղաքական որոշման հետեւանքով համարժեք գնահատական դրան չի տրվել ու կանխարգելիչ քայլեր չեն արվել։ «Նեթանյահուն պատճառ է դարձել հարյուրավոր ու հազարավոր իսրայելցիների սպանության ու պատանդառության, արաբական աշխարհի եւ Իսրայելի դեմ լարելուն։ Եվ ակնհայտ է, որ մեկ ու կես Երեւանի չափ տարածք ունեցող Գազայի հատվածում առայսօր աշխարհի ամենամոտիվացված բանակներից մեկը՝ Ցախալը չի կարողանում հաղթել ՀԱՄԱՍ-ին եւ քաղաքական իմաստով Իսրայելը պարտվել է, ուստի Նեթանյահույին պետք է, որ պատերազմը երկրի սահմաններից դուրս գա։ Այստեղ նա կարեւորագույն դաշնակից ունի՝ ԱՄՆ-ը»,-ասում է ռազմական փորձագետը։ 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակարգին, Նահապետյանի խոսքով, նա չունի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի երաշխիք ու պատահական չէ, որ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը  նախօրեին խոսել էր միգրանտների խոստացված արտոնությունների ու բանտերից ազատելու մասին։ ԱՄՆ-ում 10-15 միլիոնի է հասնում ներգաղթյալների թիվը, ինչը ընտրողների մի քանի տոկոսն է կազմում, բայց անգամ սա բավարար չէ դեմոկրատների հաջողության համար, ուստի, եթե ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը Մերձավոր Արեւելքում պատերազմ սկսի Լիբանանի, «Հզբոլլահի» եւ Իրանի դեմ ու տեսականորեն հաղթանակով դուրս գա մինչեւ նոյեմբեր, ապա, ինչպես կատակում է մեր զրուցակիցը, անգամ Թրամփը իր ձայնը կտա դեմոկրատներին։ Սրանք են, ըստ ռազմական փորձագետի, տարածաշրջանում հնարավոր մեծ պատերազմի մոտիվացիոն գործոնները։ 
Ինչ վերաբերում է Հայաստանին, որն այս սցենարի դեպքում անխուսափելիորեն դառնալու է Թուրքիայի ու Ադրբեջանի թիրախը, ըստ Նահապետյանի, ստեղծված իրավիճակում «ռուսական անփոխարինելի դերակատարումը մեր անպաշտպան երկրի միակ վահանն է»։

«Ցանկացած երկիր, որի իշխանությունը պատրաստ չէ պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, միշտ դրվում է զոհասեղանին։ Մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույնին, այսինքն, որ տարածաշրջանը դառնում է ռազմական գործողությունների թատերաբեմ, այդ թվում, ցամաքային գործողությունների թատերաբեմ, որտեղ կարող են ներգրավված լինել Իրանը եւ Թուրքիան։ Ի՞նչ եք կարծում, Ալիեւը չի՞ օգտվի հարմար իրավիճակից եւ մի քանի սադրանք չի՞ իրականացնի, օրինակ, Սադարակի շրջանի գյուղերում սպանություններ։ Այնտեղ կհայտնվեն դիակներ, որոնք, իհարկե, Ադրբեջանի քաղաքացիներ չեն լինի, կարող են լինել Ադրբեջանի բանտերում պահվող գերիները, բայց Ադրբեջանը կներկայացնի, որ հայ ահաբեկիչները մտել ու գյուղացիների նկատմամբ բռնություններ են կատարել եւ իրենք ստիպված են կանխարգելիչ գործողություններ կատարել, իսկ այդ կանխարգելիչ գործողությունները կարող են հասնել մինչեւ Երեւան»,-ասում է փորձագետը։ 

Վատթարագույն սցենարին պատրաստ լինել՝ նշանակում է Ադրբեջանի կողմից հնարավոր քայլերին կարողանալ դիմակայել։ Այստեղ մեր զրուցակիցը ռուսական գործոնն է շեշտադրում, որովհետեւ, ըստ նրա, անտեսելով այդ գործոնը, Ադրբեջանն անուղղակիորեն ձեռնոց կնետի նաեւ Ռուսաստանին, որի հետ Հայաստանն ունի փոխօգնության պայմանագիր։ 

«Կարծում եմ, որքան էլ Ալիեւը էյֆորիայի մեջ լինի, Շոյգույի հետ հանդիպումը սառը ցնցուղ էր նրա համար, որ գայթակղության չտրվի ոչ միայն Իրանի նկատմամբ։ Այնպես որ, ռուսական անփոխարինելի դերակատարումը մեր անպաշտպան երկրի միակ վահանն է»,-եզրափակում է Հայկ Նահապետյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image