Հուլիսի 15-ին նախատեսված է Գյումրու ավագանու արտահերթ նիստը։ Սկզբում նախատեսում էին հուլիսի 3-ին, ապա օրը փոխվեց: Ըստ ամենայնի, կապված է ընդդիմության կողմից մանդատները վերցնելու որոշման հետ:
Քաղաքի ընդդիմադիր իշխանությունը կարծես վստահ է, որ 15-ի նիստը կկայանա, քանի որ մեկ մանդատի հետ կապված հարցն արդեն լուծված է։ Հիշեցնենք, որ նախորդ արտահերթ նիստը տապալվեց իշխանությունների ձեռնարկած քայլերի հետեւանքով. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտեց նիստը` չմասնակցեց, նույն օրը խուզարկություն իրականացվեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում։ ՔՊ-ական իշխանությանը թվում էր, թե իրավապահների օգնությամբ իրենց կհաջողվի հասնել նպատակին` նիստը տապալել, ճգնաժամ առաջացնել, որ Գյումրիում նոր ընտրություն նշանակելու օրինական հիմք ստեղծեն, սակայն Գյումրու ընդդիմությունը շարունակում է պայքարել ու պահպանել քաղաքային իշխանությունը, ինչպես իրենք են ասում` «ատամներով»։
Սակայն նույնիսկ եթե հուլիսի 15-ի ավագանու արտահերթ նիստը կայանա, Գյումրիում զարգացումները դրանով չեն ավարտվելու։ Թեեւ ավագանին եռամսյա ընդմիջումից հետո կվերսկսի աշխատանքը, մինչ այդ հնարավոր են նոր քաղաքական վերադասավորումներ։ Մասնավորապես, եթե ընդդիմադիր ուժերը որոշեն վերցնել ԱԺ մանդատները, ԱԺ կանցնի նաեւ քաղաքապետի պարտականությունները կատարող, փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի փեսան է եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 8-րդ համարը։
Մեր տեղեկություններով՝ Առաքելյանը հակված է գնալ ԱԺ։ Այսինքն, Գյումրին փաստացի կմնա առանց քաղաքապետի։ Փորձեցինք իրավական տեսանկյունից պարզել, թե նման իրավիճակում ինչ ընթացակարգ է նախատեսված, եւ ինչ զարգացումներ կարող են հաջորդել։ Եթե Ավետիս Առաքելյանը հրաժարվի քաղաքապետի պարտականություններից եւ վերցնի պատգամավորի մանդատը, Գյումրու ընդդիմադիր չորս խմբակցությունները ստիպված կլինեն քաղաքապետի պարտականությունները կատարող նոր անձ ընտրել։ Մեծ է հավանականությունը, որ ՔՊ խմբակցությունը, ինչպես նախորդ դեպքերում, կա՛մ չի մասնակցի ընտրությանը, կա՛մ մասնակցելու դեպքում դեմ կքվեարկի, քանի որ ընդդիմադիր ուժերը, բնականաբար, կառաջադրեն իրենց թեկնածուին։ Իսկ ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում դիտարկվել են տարբեր տարբերակներ: Մասնավորապես, ուսումնասիրել են Կոմունիստական կուսակցության ավագանու կազմը, որն այս ընտրություններում Վարդան Ղուկասյանի շնորհիվ ամենամեծ խմբակցությունն է` Ղուկասյանը ՀԿԿ-ի ցուցակով է մասնակցել ընտրություններին:
Իսկ ՀԿԿ ցուցակում չկա այդպիսի թեկնածու, որը կարողանա փոխարինել Ավետիս Առաքելյանին։ Ինչ վերաբերում է Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» խմբակցությանը, որն ավագանիում ներկայացված է 4 անդամով, ապա այստեղ եւս, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետի պարտականությունները կատարողի հավանական թեկնածու չի դիտարկվում։ Խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը դեռ ամենասկզբում հայտարարել էր եւ այժմ էլ պահպանում է նույն դիրքորոշումը, որ չի հավակնում ո՛չ քաղաքապետի, ո՛չ էլ փոխքաղաքապետի պաշտոնին։ Մինչդեռ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր ուժերի շրջանում դիտարկվում է որպես ամենաընդունելի հավանական թեկնածուներից մեկը։
Ըստ մեր զրուցակիցների՝ Սիմոնյանը կարողանում է համագործակցել ընդդիմադիր բոլոր խմբակցությունների հետ եւ կարող է դառնալ միասնական թեկնածու։ Թերեւս, հենց այս հանգամանքով կարող են պայմանավորված լինել վերջին շրջանում նրա նկատմամբ իրականացվող իրավական գործողություններն ու ճնշումները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ քաղաքապետի պարտականությունները կատարողի հարցը լուծվի «Մեր քաղաքը» խմբակցության միջոցով։ Ըստ նույն աղբյուրի՝ դա պայմանավորված է նրանով, որ Մարտուն Գրիգորյանը տարբեր փուլերում աջակցել է քաղաքային կառավարման կայունությանը եւ մասնակցել ընդդիմադիր ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Միեւնույն ժամանակ, մեր զրուցակիցը չբացառեց, որ վերջին օրերին տեղի ունեցած որոշ իրադարձություններ կարող էին կապված լինել քաղաքական զարգացումների հետ։ Խոսքը վերաբերում է Մարտուն Գրիգորյանի որդու՝ իրավապահ մարմիններին ներկայանալուն եւ ձերբակալվելուն։ Հայտնի է, որ նա հետախուզման մեջ էր եւ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվել է։ Միաժամանակ, քննարկվում են նաեւ այլ հնարավոր սցենարներ։ Մարտուն Գրիգորյանի ավագ որդին ձերբակալվել է, մինչդեռ կրտսեր որդին Գյումրու ավագանու անդամ է։ Թեեւ նրա անունը եւս շրջանառվում է որպես հնարավոր թեկնածուի, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ տարբերակը քիչ հավանական են համարում։ Գրիգորյանի կրտսեր որդու նկատմամբ նույնպես իրավական որոշ գործընթացներ են ընթանում, ինչի պատճառով, հավանաբար, Մարտուն Գրիգորյանը չի առաջադրի նրան փոխքաղաքապետի կամ քաղաքապետի պաշտոնում՝ նախընտրելով խուսափել հավելյալ լարվածությունից եւ որդուն թիրախ դարձնելուց։ Փոխարենը, մեր աղբյուրի խոսքով, առավել հավանական թեկնածուներից է համարվում «Մեր քաղաքը» խմբակցության քարտուղար Լիզա Գասպարյանը։
Նա Գյումրիում ճանաչված կին քաղաքական գործիչներից է, համարվում է բավականին փոխզիջումային թեկնածու։ Եթե, ի վերջո, ընտրությունը կանգ առնի նրա վրա, ապա նա կստանձնի քաղաքապետի պարտականությունները կատարողի գործառույթները։ Մեր աղբյուրների գնահատմամբ՝ նման նշանակումը կարող է նաեւ որոշակիորեն մեղմել Գյումրիում ստեղծված քաղաքական լարվածությունը։
Բացի այդ, այս սցենարի դեպքում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմղվի հետին պլան: Նրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանը հատուկ սեւեռում ունի, եւ սա նաեւ ՔՊ-ին ու գործող իշխանությանն է ձեռնտու։ Սակայն, ինչպես նշում են մեր աղբյուրները, այս ամենը առայժմ քննարկվող սցենարներ են, եւ վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել։ Թե ինչ զարգացումներ կլինեն իրականում, պարզ կդառնա առաջիկա օրերին՝ հատկապես Գյումրու ավագանու արտահերթ նիստից հետո։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, իշխանական շրջանակներում քննարկվում է նաեւ Գյումրու վարչատարածքային կառուցվածքի փոփոխության հնարավոր տարբերակը։ Մասնավորապես, դիտարկվում է համայնքի խոշորացման սցենարը՝ Գյումրուն միացնել հարակից գյուղական բնակավայրերը։ Եթե նման փոփոխություն իրականացվի, սա կարող է փոխել ընտրական հաշվեկշիռը, եւ նոր ընտրությունների պարագայում ՔՊ-ն շանս կունենա Գյումրին զավթել: Այնպես, ինչպես արեց Վաղարշապատում` նոր խոշորացմամբ իր թեկնածուի շանսերը մեծացնելով։