Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ Ի-դրաֆտում, հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկա ներդնել՝ փուլային սկզբունքով։
2026-2027 ուսումնական տարում առարկան ներդրվում է 5-րդ եւ 10-րդ դասարաններում։ Մինչ այս առարկայի ներդրման ավարտը, դպրոցներում շարունակելու են դասավանդել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, իսկ նախագծի ավարտից հետո ՆԶՊ-ն դպրոցում չի դասավանդվի։ Զրուցել ենք կրթության փորձագետ Վանո Կարապետյանի հետ։
- Այս իշխանությունը «Հայոց պատմությունը» դարձրեց «Հայաստանի պատմություն», բանակի թվակազմը կրճատեց, հիմա էլ փորձում են ՆԶՊ-ն հանել դպրոցից, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը դարձել է Ադրբեջանը: Կարծում եք՝ այս ամենն արվում է, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության ճանապարհո՞վ:
- Կրթական բարեփոխումները պետք է նախեւառաջ գնահատվեն մասնագիտական չափանիշներով։ Միաժամանակ, հանրության շրջանում բնական հարցեր են առաջանում՝ արդյո՞ք ՆԶՊ առարկայի անվան եւ բովանդակության փոփոխությունը չի հանգեցնի նախնական զինվորական պատրաստության բաղադրիչի թուլացման։ Եվ ուշադրության է արժանի նաեւ այն, թե «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան «Անվտանգ կենսագործունեություն» անվամբ փոխարինելու արդյունքում իրականում ինչ է փոխվելու՝ ինչ ենք կորցնելու: Եթե փոփոխությունը միայն անվանափոխությունն է, եւ նոր առարկան պահպանելու է ՆԶՊ-ի ողջ բովանդակային հիմքը՝ ներառյալ հայրենասիրական դաստիարակություն, քաղաքացիական պատասխանատվություն, զինվորական ծառայությանը նախապատրաստող գիտելիքներ ու գործնական հմտություններ, ապա այն կարելի է դիտարկել որպես կրթական ծրագրի արդիականացում։ Սակայն մտահոգությունն առաջանում է, երբ անվանափոխությունն ուղեկցվում է բովանդակային նահանջով։ «Նախնական զինվորական պատրաստություն» հասկացությունը պարունակում էր պետության պաշտպանության, բանակ-հասարակություն կապի եւ ապագա քաղաքացու անվտանգության պատասխանատվության գաղափարը։ Եթե այդ բաղադրիչը թուլացվի, ապա կարող է տուժել ոչ միայն առարկան, այլեւ՝ սովորողների մոտ ձեւավորվող ազգային անվտանգության ընկալումը։ Այս հարցը հանրության մի հատվածի կողմից դիտարկվում է ավելի լայն քաղաքական համատեքստում՝ հաշվի առնելով վերջին տարիների գործընթացները՝ բանակի թվակազմի կրճատման, անվտանգության քաղաքականության փոփոխության, ինչպես նաեւ կրթական ոլորտում ազգային բովանդակություն ունեցող որոշ առարկաների անվանափոխությունների շուրջ քննարկումները։ «Հայոց պատմություն» առարկայի անվան փոփոխությունը «Հայաստանի պատմություն» ձեւակերպմամբ, եւս առաջացրեց հասարակական քննարկումներ՝ կապված պատմական ինքնության եւ պետական մտածողության ձեւավորման հետ։ Կրթությունը միայն գիտելիքների փոխանցման համակարգ չէ․ այն նաեւ պետության արժեքային եւ քաղաքացիական համակարգի ձեւավորման գործիք է։ Այդ պատճառով ցանկացած փոփոխություն, որը վերաբերում է ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը կամ անվտանգությանը, պետք է իրականացվի առավելագույն մասնագիտական հիմնավորմամբ եւ լայն քննարկումներով։
- «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի բացասական եւ դրական կողմերը որո՞նք են:
- ԿԳՄՍՆ-ն արդեն հայտնել է, որ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել գործող չափորոշչում, եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան այսուհետ կկոչվի «Անվտանգ կենսագործունեություն»։ Ներդրումից հետո ՆԶՊ առարկան դուրս կգա հանրակրթական ծրագրից։ Այս մոտեցումը հիշեցնում է նախկինում «Ինֆորմատիկա» առարկան «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկայով փոխարինելու փորձը, որի ընթացքում նույնպես առաջացան բազմաթիվ մասնագիտական եւ կազմակերպչական խնդիրներ։ Հիշեցնեմ, որ դպրոցներում «Ռազմագիտություն» առարկան դեռեւս 2007-ին փոխարինվեց «Նախնական զինվորական պատրաստություն» անվանմամբ։ Դա հիմնավորված փոփոխություն էր, քանի որ շեշտադրումը տեղափոխվեց ոչ միայն տեսական գիտելիքների, այլեւ գործնական կարողությունների ձեւավորման վրա։ 2021-ից ՆԶՊ առարկան ընդգրկվեց «Նախնական զինվորական պատրաստություն եւ անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառում։ Սա նույնպես տրամաբանական լուծում էր, քանի որ դպրոցի ՆԶՊ ուսուցիչը՝ զինղեկը, միաժամանակ իրականացնում է դպրոցի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի գործառույթներ, պատասխանատու է քաղպաշտպանության կազմակերպման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության եւ աղետների ռիսկերի կառավարման համար։ Հետեւաբար, անվտանգության բաղադրիչն արդեն իսկ ներառված էր գործող համակարգում եւ նոր երեւույթ չէ։ Այսօր գործող օրենսդրությամբ, ՆԶՊ առարկան դասավանդելու իրավունք ունեն բարձրագույն կրթություն եւ սպայական կոչում ունեցող անձինք։ Գործնականում առարկան դասավանդում են պահեստազորի կամ թոշակի անցած զինվորականներ, սպայական կոչում ունեցող ոստիկանության եւ այլ ուժային կառույցների նախկին ծառայողներ, ինչպես նաեւ՝ զինվորական ամբիոններում սպայական կոչում ստացած մանկավարժներ։ Միեւնույն ժամանակ, չի կարելի յուրաքանչյուր փոփոխություն ինքնաբերաբար կապել որեւէ քաղաքական նպատակի հետ։ Ավելի ճիշտ է գնահատել արդյունքը՝ նոր համակարգն ուժեղացնո՞ւմ է, թե՞ թուլացնում սովորողի՝ որպես պատասխանատու քաղաքացու, հայրենիքի եւ պետության անվտանգության նկատմամբ գիտակցված վերաբերմունքը։ Ի վերջո, խնդիրը ոչ թե առարկայի անվան մեջ է, այլ այն հարցում, թե ինչ քաղաքացի է ձեւավորում դպրոցը։ Եթե «Անվտանգ կենսագործունեությունը» կարողանա համատեղել ժամանակակից անվտանգության գիտելիքները եւ պահպանել ազգային պաշտպանունակության գիտակցումը, ապա փոփոխությունը կարող է արդյունավետ լինել։ Եթե ոչ՝ այն կարող է վերածվել միայն ձեւական վերանվանման գործընթացի։
- Առարկան դասավանդելու համար նոր մասնագետներ պատրաստվելո՞ւ են:
- ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը նախատեսվում է կազմակերպել ՆԶՊ ուսուցիչների վերապատրաստում, որի արդյունքում նրանք կվերապրոֆիլավորվեն որպես «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչներ։ Այսինքն՝ առայժմ խոսք չի գնում նոր մասնագետների լայնածավալ պատրաստման մասին, այլ նախատեսվում է աշխատել գործող կադրերի վերապատրաստման ուղղությամբ։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ կլինի նաեւ բուհերում ներդնել համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, քանի որ միայն վերապատրաստումներով հնարավոր չէ ապահովել նոր առարկայի կայուն եւ որակյալ դասավանդումը։ Առարկայի ներդրման հաջողությունը պետք է գնահատել ոչ թե նրանով, որ այն պաշտոնապես ներառվել է ուսումնական պլանում, այլ՝ նրանով, թե արդյո՞ք նախարարությունը ժամանակին կապահովի որակյալ դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ, մեթոդական նյութեր եւ վերապատրաստված ուսուցիչներ։ Եթե այս բոլոր փուլերը կատարվեն շտապողականությամբ, ապա մեծ է հավանականությունը, որ առաջին հերթին կտուժի դասագրքերի որակը։ Իսկ կրթության ոլորտում սխալներն ավելի ուշ են երեւում, բայց հետեւանքները երկարաժամկետ են։ Ուստի, եթե նախարարությունը նպատակ ունի ներդնել իսկապես արդյունավետ եւ ժամանակակից «Անվտանգ կենսագործունեություն» առարկա, ապա առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե բարեփոխման արագությունը, այլ՝ որակը։ Ավելի նպատակահարմար է ունենալ ուշ, բայց մասնագիտական բարձր չափանիշներին համապատասխան դասագիրք, քան սահմանված ժամկետում ներդրված, սակայն թերի եւ վերամշակման կարիք ունեցող ուսումնական նյութ։ Առանձին հարց է նաեւ դասագրքերի պատրաստման իրատեսական ժամկետը։ Եթե առարկայի ներդրումը նախատեսվում է 2026-2027 ուստարվանից, ապա բնական հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք ընդամենը 2 ամսվա ընթացքում մշակել, փորձաքննել, խմբագրել, հաստատել, տպագրել եւ դպրոց հասցնել որակյալ դասագրքեր։ Իմ գնահատմամբ՝ ժամկետը չափազանց սեղմ է։ Ժամանակակից դասագիրք ստեղծելը միայն տեքստ գրելը չէ։ Այն ներառում է կրթական չափորոշչին համապատասխան բովանդակության մշակում, մեթոդական լուծումների ընտրություն, մասնագիտական եւ գիտամեթոդական փորձաքննություն, փորձնական կիրառման հնարավորություն, խմբագրական աշխատանք, ձեւավորում, տպագրություն եւ ուսուցիչների համար ուղեցույցի պատրաստում։ Եթե ԿԳՄՍ նախարարությանը չհաջողվի մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը դպրոցներին ապահովել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի դասագրքերով եւ անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով, ապա մեծ է հավանականությունը, որ կկրկնվի «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» (ԹԳՀԳ) առարկայի ներդրման փորձը, երբ առարկան ներդրվեց դպրոցում, սակայն դասագրքերը ժամանակին պատրաստ չէին, ինչի հետեւանքով ուսուցիչները ստիպված էին դասավանդել ժամանակավոր նյութերով, սեփական նախաձեռնությամբ մշակված ռեսուրսներով կամ մեթոդական ցուցումներով։ Նման իրավիճակում փաստացի ստացվում է, որ դպրոց է մտնում ոչ թե ամբողջությամբ պատրաստված նոր առարկա, այլ դրա գաղափարը, եւ նույն առարկան տարբեր դպրոցներում, տարբեր ուսուցիչների կողմից դասավանդվում է տարբեր բովանդակությամբ եւ մոտեցումներով, ինչը հակասում է ՀՊՉ-ի տրամաբանությանը։