«Հրապարակի» զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը:
- ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կազդի՞ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա:
- Մահափորձի հետևանքները կան, որոնք արդեն երևում են: Առաջինը և ամենակարևորը՝ այն մարդիկ, ովքեր շահագրռգված չէին, չէին ուզում, պատրաստ չէին գնալ, մասնակցել ընտրություններին, որոնք դեռ դիրքորոշում չունեին, հիմա այդ մարդկանցից շատերը արդեն կգնան: Կան արդեն տեղադրված ուսումնասիրության արդյունքները, թե որքան մարդ է փնտրել որոնողական համակարգերով, թե ինչպես կարող են օնլայն կամ այլ ձևով մասնակցել ընտրություններին: Հետևաբար, այդ մարդիկ, որոնք շատ վախեցան այս political violence-ի՝ քաղաքական բռնություններից, հենց դրա դեմ արտահայտվելու համար պատրաստ են գնալ ընտրատեղամաս ու մասնակցել ընտրություններին ու բնականաբար այդ մարդիկ չեն ընտրելու Բայդենին՝ շատերը կքվեարկեն Թրամփի օգտին:
- Ստացվում է, որ այս միջադեպը Թրամփի վարկանիշը բարձրացրեց եւ մարդկանց կարեկցանքը հանգեցնելու է իրենց ձայնը Թրամփի՞ն տալուն:
- Այո։ Տեսեք, ԱՄՆ-ում մարդկանց պատմական հիշողության մեջ շատ թարմ են ու շատ կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքացիական պատերազմը և երբ որ ինչ-որ ինդիկատորներ են լինում կամ այս մահափորձը, որ տեղի ունեցավ, շատերը փորձում են նման զարգացումների դեմ արտահայտվել՝ բռնություն չպետք է տեղի ունենա, հետևաբար շատ մարդիկ պատրաստ են գնալ ու քվեարկել, որպեսզի նման բան նորից չկրկնվի: Հիմա շատերը հասկանում են և ընդունում են, որ այս մահափորձը հօգուտ Թրամփի էր և նույնիսկ փորձագետները, որոնք պրոդեմոկրատական են՝ իրենք էլ են դա ընդունում:
- Մահափորձից առաջ էլ Թրամփի վարկանիշն ավելի բարձր էր, քան Բայդենինը, թե՞ դա լավ քարոզչություն էր պարզապես:
- Իրականում դեբատներից հետո Թրամփն ավելի շատ ֆավորիտ դարձավ, դա արդեն միակողմանի հաղթանակ էր, նույնիսկ չէին քննարկում, որ ինչ-որ մի հատվածում Բայդենն ավելի լավն էր, քան Թրամփը, նույնիսկ նման խոսակցություններ չկային: Դեբատներից հետո հասկանալի էր, որ դա խայտառակություն էր։ Կան նահանգներ, որոնք կտեսնեն, թե որ թեկնածուն է հաղթանակին մոտ՝ նոր կմիանան հաղթողին՝ տատանվող նահանգները, այսպես ասած: Թրամփի ռեյտինգն ավելի շատ աճեց. տարբեր քննարկումներ էին սկսում, թե ումով կարող են փոխարինել Բայդենին՝ օրինակ, Միշել Օբամայի թեկնածությունն է քննարկվել, ով ըստ հարցումների դեմոկրատների մեջ ավելի շատ ռեյտինգ ուներ, և այլ թեկնածուներ էլ կային, բայց որոշեցին թողնել Բայդենի թկենածությունը:
- Եթե Թրամփը ընտրվի, Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ նոր պայմանավորվածություն ձեռք կբերվի՞, հաշվի առնելով, որ Փեզեշքիանի հետ մեծ հույսեր են կապում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման գնալու հարցում:
- Բոլորս հիշում ենք Թրամփի քաղաքականությունը Իրանի հանդեպ, երբ որ ինքը ԿՍԻՐ-ը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն, երբ որ Թրամփը դուրս եկավ այս պայմանագրից և հիմա որևէ ինդիկատոր չկա, որ այդ առումով Թրամփի մոտեցումները կփոխվեն՝ հաշվի առնելով, որ Իսրայելի կարևոր դերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ կշարունակի մնալ, իսկ հիմա Իսրայելը փաստացի գտնվում է անուղղակի պատերազմի մեջ Իրանի հետ և ուղղակի պատերազմի մեջ Իրանի դաշնակիցների հետ: Այո, Իրանը կարող է ավելի կտրուկ քայլերի գնալ, այլ ոչ թե նոր պայմանագիր ստորագրել: Թրամփի խնդիրն այն է, որ ինքն այդքան էլ հետևողական չի, ինքը կարող է լինել անկանխատեսելի: Թրամփի հիմնական միտքը հետևյալն է, երբ որ ես կայի՝ չկար պատերազմ, դա նշանակում է, որ ինքը կանի ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ն ներգրավված չլինի նոր պատերազմի մեջ, առնվազն կփորձի: Եթե դրա գինը կլինի ստորագրել նոր պայմանագիր Իրանի հետ, որը կբերի նրան, որ ԱՄՆ-ն վերջապես կստորագրի անվտանգության պայմանագիր Սաուդյան Արաբիայի հետ և դա կհանգեցնի նրան, որ Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները վերջապես կկարգավորվեն և այլն, կարող է պատրաստ լինել այդ գինը վճարել, որպեսզի ավելի շատ բան ստանան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի կոնֆիգուրացիա կլինի եկող տարվա սկզբին:
- ԱՄՆ-ն կարծես թե փորձում է Հարավային Կովկասում ակտիվ դերակատարում ստանձնել, լրացնել Ռուսաստանի դերը, սակայն Թրամփի՝ մեկուսացման տանող քաղաքականությունն ի՞նչ է հուշում, այն պարագայում երբ ՀՀ իշխանությունները հենց Արևմուտքի հետ են կապում իրենց բոլոր հույսերը:
- Բոլոր ամերիկագետներն ասում են, որ Հարավային Կովկասի դերը, տեղը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ կնվազի, հետևաբար այն ուշադրությունը, որը կա Հայաստան- Ադրբեջան գործընթացի մեջ՝ կարող է այլևս այդքան ակտիվ չլինել, որովհետև հիմա դա գերակտիվ է: Օրինակ, Ռուսաստանում որևէ եռակողմ հանդիպում չկա, Եվրամիությունում չկա, սակայն ՆԱՏՕ-ի սամիթում Վաշինգտոնում երկկողմանի հանդիպումներ եղան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Արդյո՞ք իրենք այդքան ակտիվ կլինեն, եթե ոչ, ապա Հայաստանի արտաքին քաղաքականության այս կուրսը կարող է արդարացված չլինել, քանի որ հիմնական հույսերը պիտի կապի Եվրամիության աջակցության հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի: Եթե ընտրվի Թրամփն ու Իրանին դիմադրելու օրակարգը ավելի ակտուալ դառնա, Հարավային Կովկասն իրենց համար ավելի հետաքրքիր կլինի հենց այդ կոնտեքստում, որպեսզի օգտագործեն Իրանի դեմ: Հիմա Հարավային Կովկասն օգտագործում են Ռուսաստանի դեմ ու այդ մասին բաց են ասում, իսկ հետո Հարավային Կովկասը կօգտագործեն Իրանի դեմ: Այստեղ արդեն Ադրբեջանի գործոնն ավելի կարևոր կլինի, որովհետև Ադրբեջանի տարածքում արդեն կա իսրայելական ներկայություն, որը օգտագործվում է ընդդեմ Իրանի, հետևաբար ակնկալել, որ մենք ավելի շատ բարիքներ կարող ենք ստանալ՝ ես այդպես չեմ մտածում:
- Կարո՞ղ ենք ենթադրել, որ Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում հանգեցնելու է ոչ ստաբիլ կամ տուրբուլենտ վիճակի:
- Տեսեք, կախված է նրանից, թե որևէ միջանկյալ փաստաթուղթ ԱՄՆ-ի միջնորդությամբ կկարողանա՞ն ստորագրել, թե ոչ, եթե այո, ապա դրա վրա կփորձեն խաղալ՝ բացել կոմունիկացիաները, Թուրքիային ավելի խորը մտցնել տարածաշրջան, որովհետև իր տարածքով պիտի անցնեն կոմունիկացիաները, և Թուրքիային կփորձեն դարձնել տարածաշրջանում դոմինանտ ուժ, այլ ոչ թե Իրանին կամ Ռուսաստանին: