Հասարակություն

Իբրեւ թե քաղցկեղի բուժումն անվճար է, իրականում հիվանդներն են բուժման համար վճարում

Իբրեւ թե քաղցկեղի բուժումն անվճար է, իրականում հիվանդներն են բուժման համար վճարում

«Հրապարակին» դիմած քաղաքացիները բողոքում են, որ «Վանաձոր» Բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում քիմաթերապիա անցնելու համար վճարում են. «Քիմիաթերապիայի համար նախատեսված դեղերը ինքներս ենք գնում, քանի որ բաժանմունքում ասում են՝ դեղերը դեռ չենք ստացել, ուղղորդում են այն դեղատուն, որի հետ անմիջապես կապ ունի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նարինե Քալաշյանը: Անգամ երկու զինվորական ունեցող ընտանիքի անդամներին զեղչ չեն անում: Բուժքույրը զանգում է հիվանդին, ասում է՝ եկեք ձեր օրն է, հիվանդն ասում է` փող չունեմ, դեղը չեմ առել, ասում է. դե, ձեր գործն է։ Ոչ մի պետական աջակցություն, պետպատվեր չկա»,-բողոքում է վանաձորցիներից մեկը։ 

Ինչո՞ւ է քիմիաթերապիա չի իրականացվում անվճար, չէ որ նման պետական որոշում կա, հարց ուղղեցիք բաժանմունքի վարիչ Նարինե Քալաշյանին. 

«Ասեմ ինչ իրավիճակ ունենք: Առաջինը՝ քիմիաթերապիան կատարվում է համավճարով, երկրորդ՝ պետության կողմից 6 հիմնական դեղ ունենք, որը պետք է ապահովվի, ներկայացնում է գնումների: Գնումների պրոցեսին հնարավոր է մասնակցեն բազմաթիվ դեղորայքային ընկերություններ, որոնք իրենց դեղորայքն առաջարկեն: Շատ հաճախ այդ ընկերությունները չեն մասնակցում` տարբեր պատճառներով. իրենց բիզնես շահը չի ներկայացնում, կամ չեն ուզում մասնակցել: Հիվանդանոցը գումարը ձեռքին պատրաստ է դեղը առնելու` չի կարողանում, այսինքն, մրցույթը ստացվում է չկայացած: Եթե այլ հիվանդանոցներում 1 կամ 2 անգամ է մրցույթ անցկացվում, մեզ մոտ երկու ամիսը մեկ մրցույթ է անցկացվում»:

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ դեղագործական ընկերությունները մրցույթին չեն մասնակցում:

-Իրենց բիզնես շահը չի բավարարում: Այս հարցում ես բացառապես բուժող բժիշկն եմ, պատասխանատու եմ ճիշտ եւ սխալ նշանակումների համար, բայց քանի որ կազմակերպչական հարցերում ստիպված եմ եղել խորանալ, ապա` ներկրողը գտնում է, որ փաստաթղթային շատ հարցեր կան, որն իր համար շատ տհաճ եւ անցանկալի է, ուստի ինքը մասավոր սեկտորին ավելի հեշտ է կարողանում դեղ վաճառել, քան գնումների մասնակցել: 

-Դեղատներին նկատի՞ ունեք:

- Այո, իհարկե: Իսկ դեղատները, կոպիտ ասած, ավելի հեշտ են առնում, քան այն մրցույթները, որ պետք է մասնակցի` մի աշխարհ թղթաբանությամբ, որից հետո իր դեղորայքը կարողանա ռեալիզացնի` ահագին պարտավորություններով, պետք է դեղը մատակարարեն, եթե չեն կարողանում, ապա տուգանք են վճարում, այսինքն, այսպիսի մեխանիզմներ կան, որ բարդացնում է իրենց աշխատանքի ընթացքը: Կան հստակ գործելակարգեր, որոնք պետք է հիվանդանոցը պահի: Երեւանի 2 հիվանդանոցների են միայն թույլատրվում գնել դեղորայք, որը գրանցված չի` դա ուռուցքաբանության ազգային կենտրոնն է եւ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Այդ իրավունքը մեզ չի վերապահվել:

-Ձեր կողմից առհասարակ անվճար քիմիաթերապիա չի իրականացվո՞ւմ: 

-Իհարկե իրականացվում է, որոշ դեղեր ունենք տրամադրվում է: 

-Դրանք էլի գնումներո՞վ եք ձեռք բերել: 

-Իհարկե: 

-Ինչպես է ստացվում, որ այդ դեղերը կարողանում եք գնումներով ձեռք բերել, մնացած ոչ: 

-Դա կախված է մասնակցող ֆարմ ընկերությունից, էս դեղերի մասով եկել են` գնումներին մասնակցել են, մյուս դեղերի մասով ընկերությունները չեն մասնակցում գնումներին: 

-Իսկ ի՞նչ դեղատան մասին է խոսքը, ո՞ր դեղատուն եք ուղղորդում հիվանդներին:

-Ամբողջ Լոռու մարզում ունենք ընդամենը 1 մասնագիտացված դեղատուն, որտեղ այդ դեղորայքը վաճառվում է, մյուս դեղատները այդ դեղորայքը չեն ունենում: Ճշտելով, թե որտեղ կա այդ դեղը, գնում են այդ դեղատնից գնում են, ես երբեք ոչ մեկի չեմ ուղղորրդում, եւ ասում եմ` դուք ազատ եք ձեր դեղորայքի ձեռք բերման հարցում, գնեք դեղերը ցանկացած լիցենզավորված դեղատնից, դա կլինի Վանաձորից, կամ Երեւանից, միայն լինի մեր երկրում գրանցված դեղ:

 -Որ դեղատան մասին է խոսքը, ինչ կապ կա Ձեր եւ այդ դեղատան միջեւ: 

-Միակ դեղատունն է, որտեղ այդ դեղը կա: Օրինական աշխատող դեղատուն է, վճարում է հարկերը եւ աշխատում է: 

-Ինչ է դեղատան անունը, որեւէ կապ կա՞ Ձեր եւ այդ դեղատան միջեւ:

-«Հայր եւ որդի Իսպիրյաններ» ՍՊԸ-ն է: Դեղատունը աշխատացնում է իմ ամուսինը, ինչպես չկա: 

ՀԳ Քաղցկեղով հիվանդներին հասանելիք դեղերի շուրջ զրուցեցինք նաեւ «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի հետ. «Հայաստանում իրականում ուռուցքաբանական բուժումն անվճար է` եթե արդեն հաստատվել է չարորակ նորագոյացության, նաեւ վիրահատական միջամտություն պետք է լինի: Քիմիաթերապիա ընդունող հիվանդները պետք է ապահովված լինեն համապատասխան դերորայքով: Եթե չեմ սխալում, շատ դեղեր գալիս են կենտրոնացված գնումներով, հիվանդանոցը ոչ թե գնումներով առնում է, այլ նախարարությունից է ստանում: Այստեղ պետք է կատարվի խիստ ուսումնասիրություն, գուցե եւ ուժային կառույցների կողմից: Չի բացառվում` գուցե եւ այդ դեղերն են հայտնվում դեղատներում, որտեղից հիվանդներն առնում են, ես չեմ կարող սա հաստատել, կամ ժխտել: Ինչպես նաեւ շատ դեղեր կան Հայաստանում, որոնք գրանցված չեն, սակայն դրանք հայտնվում են դեղատներում: Ի վերջո, ոչ թե ներկրողները հրաժարվում են դեղերի տենդերում հաղթելուց, որովհետեւ իրենց համար դա բիզնես շահ է, այլ ընդհանապես այդ դեղերը գրանցված չեն Հայաստանում, եւ չունեն այդ ներկրողները այդ դեղորայքը, որպեսզի գնումներին մասնակցեն: Այստեղ մի քանի շերտով, մի քանի խնդիր կա որոնց մեջ չի բացառվում նաեւ լինի հանցակազմ: Կարծում եմ որ պետք է դրանով զբաղվեն իրավապահները»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image