Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի իրադարձությունները ծավալվում էին ազգային շուրջ, որովհետև այստեղ առաջին հերթին պայքար էր գնում ազգային հիմքերի վրա։
Իր ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան Թիվ 1 ավագ դպրոցի «Պատմություն» առարկայի նախկին ուսուցիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Հայկ Փայտյանը։
Վերջին դպրոցի այն ուսուցիչներից մեկն էր, ով գործադուլ էր անում կապված նոր տնօրենի նշանակման կապակցությամբ։
«Իմ ուսուցչության ամբողջ ընթացքում և, այո՛, մասնավորապես Արցախյան պատերազմից հետո, ես իմ դասերի ժամանակ բավականին ուշադրություն եմ դարձրել և իմ աշակերտների ուշադրությանն եմ հրավիրել Նժդեհի վրա։ Եվ ես, այո՛, ասել եմ, որ մենք ամեն օր մեր դասերի ժամանակ պետք է խոսենք Նժդեհից», - տեսաուղերձում ընդգծեց Փայտյանը։
Ուսուցիչը նշեց, որ իր դասերի ժամանակ չի եղել որևէ օր, որ իր աշակերտներին չհիշեցնի Մոնթեի խոսքերը․ «Եթե մենք կորցնենք Արցախը, շրջելու ենք Հայոց պատմության վերջին էջը»։
«Չի եղել մի դաս, որ ես իմ աշակերտներին չհիշեցնեմ Արցախի և Սյունիքի կարևորությունը մեր պետության, մեր պետականության համար։ Չի եղել մի օր, որ Պատմության դասերի ժամանակ մենք չխոսենք հայկականությունից, հայկականության հիմքերից։ Եվ մարդիկ, ովքեր պայքարում են հայկականության դեմ, բնականաբար այս ամենի հետ հաշտվել չէին կարող։ Եվ ես վստահ եմ, որ իմ գործընկերները, առնվազն «Պատմության» առարկայի, անում էին նույնը։ Հետևաբար մարդիկ ուղարկեցին իրենց էմիսարներին՝ ազգային հիմքով դպրոցը քանդելու համար», - ասաց Հայկ Փայտյանը։
Նրա խոսքերով՝ այսօր մեծ պայքար է գնում «հայկականության դեմ, մեր արմատների դեմ, և դրա դեմ մենք պետք է պայքարենք»։
Փայտյանն ընդգծեց, որ սկսում է «Պատմության» դասերի մի շարք, որի ժամանակ անդրադարձ է կատարվելու բոլոր թեմաներին՝ «գլխավորապես մեր նպատակը համարելով պայքարը հակահայկական պրոպագանդայի, հակահայկական միջոցառումների դեմ»։ Ուսուցիչը տեղեկացրեց, որ առաջին դասը լինելու է ապրիլի 10-ին ժամը 10-ին։
«Ես շատ ուրախ կլինեմ, որ բացի իմ աշակերտներից այս դասերին մասնակցեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են։ Այդ թվում՝ այն ոստիկանները, ովքեր պատմության ուսուցիչներին և ընդհանրապես մեր ուսուցիչներին դպրոցից դուրս էին հանում։ Ես շատ ուրախ կլինեմ և հրավիրում եմ, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն պատմության այս դասերի շարքին՝ իրենց արմատները ճանաչելու և արմատներին հավատարիմ մնալու համար։ Կհանդիպենք շաբաթ օրը», - եզրափակեց նա։
Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը համարվող Քարմիլե Առաքելյանը տնօրենի պաշտոնում նշանակվել է այս տարվա փետրվարի 2-ին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, երբ մրցույթի արդյունքում Առաքելյանը և նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հավաքել էին հավասար 4-ական ձայն։ Նշանակումից հետո դպրոցի ուսուցիչները, աշակերտները գործադուլ և դասադուլ էին սկսել։ Իր հերթին Առաքելյանը դատարանում բողոքարկել էր գործադուլի օրինականության հարցը, սակայն պարտվել էր։
Բացի այս, այդ ընթացքում նորանշանակ տնօրենը աշխատանքից է ազատել իրեն մերժող ուսուցիչներին ու փոխտնօրեններին, աշխատակիցներին, այդ թվում՝ դպրոցի նախկին տնօրենին։ Աշխատանքից ազատված աշխտակիցները դիմել են դատարան։ Նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը նաև վիճարկել է Առաքելյանին նշանակելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը։ Մեծ թվով աշակերտներ են հեռացել դպրոցից, համապատասխան առարկաների ուսուցիչների պակաս է առաջացել, որի հետևանքով Կոտայքի մարզի առաջատար դպրոցներից մեկը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։