Վերլուծություն

Թվային լիճ, «կոնցեպտային» պողոտա եւ իրական Վանաձոր

Թվային լիճ, «կոնցեպտային» պողոտա եւ իրական Վանաձոր

Մարտի 9-ին, գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո, կայացել էր Վանաձորի ավագանու նիստ, որի ժամանակ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտարարել էր. «Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը հաղթահարված է»։ Վանաձորցիներն ուրախացել էին, մտածել՝ վերջ, քաղաքը վերադառնում է իր բնական աշխատանքային ռիթմին։ Սպասել էին հաջորդ նիստին։ Սպասել էին, սպասել... հետո էլի սպասել... Մինչ օրս սպասում են։ Հիմա պարզ չէ՝ ճգնաժա՞մն էր հաղթահարվել, թե՞ մեկ նիստ գլուխ բերելու դժվարությունը։ Մեր կարծիքով՝ մի նիստով ճգնաժամը վերացած տեսնելը նույնն է, ինչ գարնան առաջին արեւոտ օրը հայտարարես՝ ամառը եկավ:
Նիստում հաստատվել էր շուրջ 35 միլիոն դոլար արժողությամբ ծրագրերի փաթեթ։ Սակայն այդպես էլ չիմացանք, թե այդ գումարն ինչի վրա պիտի ծախսվի։ Պետք եղավ սպասել մինչեւ ապրիլի 11-ը՝ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ օրերին վարչապետի` Վանաձոր այցին, որպեսզի հետո մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեր նախատեսված աշխատանքների ցանկը։

Խոստանում էին հիմնանորոգել 42 փողոց, ասֆալտապատել 150 բակ, տեղադրել 100 նոր վերելակ, ձեռք բերել 45 ավտոբուս, վերանորոգել 2 զբոսայգի, 3 մանկապարտեզ, վերականգնել քաղաքային լճերը, կառուցել ատրակցիոն պարկ, հիմնանորոգել հրապարակներ, ինչպես նաեւ՝ Տիգրան Մեծի պողոտան՝ «նոր կոնցեպտով»։ Ցանկը, անկեղծ ասած, տպավորիչ է։ Այն կարդալուց հետո թվում է, թե Վանաձորը շուտով բոլորովին այլ քաղաք է դառնալու։ Միայն թե քաղաքացին, որն ամեն օր քայլում է այդ նույն փողոցներով, ամիսներ անց դեռ շարունակում է հարցնել՝ այդ աշխատանքներն ո՞ւր են։ Գուցե մեկ-երկու ծրագրի մեկնարկ կա, բայց մնացածի դեպքում միայն հայտարարություններ ունենք։ Ուստի, հարց` ե՞րբ է այդ ամենը դուրս գալու ցանկից եւ դառնալու իրականություն։
Հայտարարությունների լեզուն, իհարկե, առանձին թեմա է։ Օրինակ՝ «Տիգրան Մեծի պողոտայի նոր կոնցեպտ եւ հիմնանորոգում»։

Հիմնանորոգումը հասկացանք` «կոնցեպտը» ո՞րն է, որտե՞ղ է լինելու` ասֆալտի ո՞ր շերտում։ Եթե հայերեն ասեք՝ «նոր հայեցակարգ», գուցե ավելի հասկանալի լինի։ Մնում է հուսալ, որ բառապաշարի եվրոպականացումը կուղեկցվի նաեւ փողոցի իրական նորոգմամբ։ Որովհետեւ «կոնցեպտը» միջազգային է, իսկ փոսերը՝ տեղական։

Մեկ այլ գեղեցիկ ձեւակերպում էլ ներկայացվեց ապրիլի 3-ին. «Ունենք Վանաձորի քաղաքային լճի արդիականացման թվային տարբերակը»։ Առաջին անգամ կարդալիս դժվար է հասկանալ՝ թվայինը լի՞ճն է, թե՞ նախագիծը։ Հետո պարզվեց՝ խոսքը եռաչափ պատկերացման մասին է։ Ստացվում է, որ իրական լճից առաջ ծնվել է նրա թվային կյանքը։ Մնում է սպասել, թե երբ թվային ջուրը կդառնա իրական։

45 նոր ավտոբուսների մասին էլ ասվում է` ձեռքբերման ուղղությամբ «ամենօրյա աշխատանք է տարվում»։ Մենք էլ, մեր հերթին, ամենօրյա աշխատանք ենք տանում՝ քաղաքում գոնե մեկ նոր ավտոբուս գտնելու հույսով։ Առայժմ երկու աշխատանքներն էլ նույն արդյունքն ունեն՝ զրո։ Բանակի փողոցի հիմնանորոգումն էլ դեռ նախագծման փուլում է։ Նախագծման փուլերն էլ, ինչպես երեւում է, երբեմն շատ երկար կյանք են ունենում։ Իսկ ընդամենը 900 մետր երկարությամբ փողոցը շարունակում է սպասել։

Այս օրերին արդեն խոսվում է, որ Լոռու մարզպետն առաջադրվելու է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։ Դա նրա սահմանադրական իրավունքն է։ Բայց եթե այսօր, լինելով մարզպետ, հնարավոր է արագացնել այս ծրագրերը, ինչո՞ւ դա չի արվում։ Ինչո՞ւ պիտի վանաձորցին սպասի ընտրություններին։ Միանգամայն բնական է հարցը՝ արդյո՞ք աշխատանքների հիմնական մասը չի թողնվում ընտրությունների նախաշեմին անել, որպեսզի հետո ներկայացվի որպես մեծ ձեռքբերում եւ ընտրողից քվե կորզվի։ Եթե այդպես չէ, լավագույն պատասխանը ոչ թե հերթական հայտարարությունները, այլ եռուն շինհրապարակները կլինեին։

Իսկ մինչ այդ քաղաքն ունի այնպիսի խնդիրներ, որոնց լուծման համար ո՛չ 35 միլիոն դոլար է պետք, ո՛չ էլ ընտրությունների մեկնարկ։ Մանկական այգու լողավազանը տարիներ շարունակ դատարկ է։ Ամառները գալիս ու անցնում են, բայց երեխաները դեռ ջուր չեն տեսնում։ Տանձուտի հունը մաքրվում է` լավ է։ Բայց այն ծառերը, որոնք տասնյակ տարիներ թթվածին էին տալիս քաղաքին, չպահպանեցին։ Այգիներում ու սիզամարգերում մոլախոտերն արդեն բարձր են ծաղիկներից։ Շատ փողոցներ մայթեր չունեն։ Տարիներ շարունակ չի լուծվում փողոցային ինքնաբուխ, «գետնատարած» առեւտրի խնդիրը. մայթերը վերածվում են շուկայի, իսկ հետիոտնը ստիպված է իջնել երթեւեկելի հատված։ Այս խնդիրների լուծման համար ո՛չ միլիոնավոր դոլարներ են պետք, ո՛չ էլ նախընտրական քարոզարշավ։ Պետք է հետեւողական աշխատանք։

Արդեն ամիսներ առաջ մարզպետի աշխատակազմին հարցում էի ուղարկել՝ մարզում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ․ քանի՞ երեխա դպրոց չի հաճախում, ինչո՞ւ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրանց վերադարձնելու համար, ո՞ր համայնքներում է խնդիրը խոր, ի՞նչ արդյունք են տվել իրականացված միջոցառումները։ Պատասխան չեղավ։ Մնում է ենթադրել՝ արդյունք էլ չկա: Նույն ճակատագրին արժանացան նաեւ մարզի խնդիրներին վերաբերող այլ հարցումները։

Հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ կարող է քննադատվել։ Բայց նա պարտավոր է պատասխանել հանրության հարցերին։ Լռությունը նույնպես պատասխան է, բայց ամենավատ պատասխանը, որ կարող է տալ հանրային պաշտոնյան։ Վանաձորին այսօր ամենից շատ պակասում են ոչ թե նոր խոստումները, այլ արդեն տրված խոստումների իրականացումը։ Քաղաքն այսօր «կոնցեպտների», «թվային տարբերակների», «նախագծման փուլերի», «ընթացքի մեջ է», բայց «մեկնարկը» չկա։ Քաղաքը հայտարարություններով չի ասֆալտապատվում, ավտոբուսները հայտարարություններով չեն երթեւեկում։ Լճերը թվային պատկերներով չեն լցվում։ Երեխաները խոստումներով չեն լողում, փողոցային առեւտուրն էլ մնում է գետնատարած:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image