Դատավորներ Դավիթ Հարությունյանի, Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի ու մյուսների լիազորությունները դադարեցնելուց հետո ԲԴԽ-ում հարաբերական անդորր է, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մի տեսակ պասիվացել են։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին երեկ` կառավարության նիստից հետո հարցրինք, թե էլ կարգապահական վարույթներ չեն հարուցում, ինչո՞ւ են պասիվացել, եւ արդյոք այս դադարը չի՞ հաստատում իրավաբանների, դատավորների այն պնդումները, որ իշխանություններն ընդամենը ուզում էին իրենց համար անցանկալի մի քանի դատավորից ազատվել։ Գրիգոր Մինասյանը հակադարձեց․ «Կան կարգապահական վարույթներ, երկուշաբթի օրն է հենց նիստ եղել` դատավոր Բալյանի հետ կապված, պրոցեսը նորմալ ընթանում է»։
Նշենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատավոր Գեւորգ Բալյանի դեմ կարգապահական վարույթը ԲԴԽ-ն ընդունել է ուղիղ 1 ամիս առաջ, եւ այս պահի դրությամբ դա վերջին կարգապահական վարույթն է, մինչդեռ Դավիթ Հարությունյանի ու մյուսների գործերով ԲԴԽ-ն նույն օրում մի քանի նիստ էր անցկացնում, «գերինտենսիվ էին աշխատում», նույնիսկ փաստաբաններին չէին սպասում, որ գան, ելույթ ունենան, Անդրեասյանի համար թանկ էր ամեն մի վայրկյանը։ Անգամ հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող Արտակ Բարսեղյանին ժամանակ չտվեցին, որ առողջանա ու ներկայանա իր հարցի քննությանը` միջնորդությունը քննեցին առանց նրա։ Ի դեպ, Գեւորգ Բալյանին առնչվող կարգապահական վարույթը վերաբերում է երեխայի որդեգրման գործով նրա կայացրած վճռին։ Կարգապահական վարույթի քննությունն անցնում է դռնփակ, եւ այդ գործով մինչ այժմ ընդամենը մեկ նիստ է եղել։ Այսինքն՝ ակնհայտորեն ԲԴԽ-ն չի աշխատում այն ջանասիրությամբ, ինչով աշխատում էր Դավիթ Հարությունյանի եւ այլոց լիազորությունները դադարեցնելիս։
Տեղեկություններ կան, որ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգի պասիվությունը պայմանավորված է նաեւ Նիկոլ Փաշինյանի մտադրությամբ` ազատել Գրիգոր Մինասյանին պաշտոնից։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Գրիգոր Մինասյանի եւ, առհասարակ, արդարադատության նախարարության աշխատանքից, իսկ Մինասյանի հանդեպ բացասական վերաբերմունքն էլ Փաշինյանի մոտ թեժացնում է նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ասում են, որ աշխատակազմի ղեկավարը «կաթացնում» է արդարադատության նախարարի դեմ` նրա սեղանին դնելով նախարարությունից եկած փաստաթղթերի թերությունները, եւ անգամ մի առիթով Փաշինյանն այնպես է գոռգոռացել Մինասյանի վրա, որ ողջ կառավարության շենքն է լսել։ Գրիգոր Մինասյանին խնդրեցինք մեկնաբանել այս լուրերը` ճի՞շտ է, որ իր ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են։ «Ես մամուլի բամբասանքները չեմ մեկնաբանում»,- պատասխանեց նա: Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեն ինքն ու Փաշինյանը, ինչպե՞ս կբնութագրի դրանք։ «Ես սովորական աշխատում եմ իմ աշխատանքային ռեժիմով, դրանք՝ բոլորը, հերյուրանքներ ու բամբասանքներ են»,- պատասխանեց նա։ Հաճա՞խ է Փաշինյանի հետ հանդիպում, իր ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր քննարկում։ Մինասյանը չպատասխանեց՝ ասելով, որ արդեն պատասխանել է, ավելացնելու բան չունի։
Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանին, ապա նա շարունակում է օր-օրի ավելի հեղինակազրկվել իրավաբանական հանրության շարքերում։ Գոյություն ունի «Helpcort.am» կայք, որը պատկանում է Կարեն Անդրեասյանի կնոջն ու Գրիգոր Մինասյանին պատկանող «AM» իրավաբանական գրասենյակի աշխատող, փաստաբան Լեւոն Սահակյանին։ Այդ կայքում փաստաբանները գնահատականներ են տալիս` քվեարկում են դատավորների օգտին կամ դեմ, ինչի արդյունքում էլ ձեւավորվում է դատավորների վարկանիշը: Ահա, այդ կայքի տվյալներով՝ Հայաստանում 315 դատավորներից ամենավատ, ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը Կարեն Անդրեասյանն է։ Նրա վարկանիշը -40 է, այսինքն՝ նրան բացասական գնահատական է տվել 45 փաստաբան, իսկ դրական գնահատած փաստաբաններն էլ կայքը վարող Լեւոն Սահակյանը, Նարե Սարգսյանը, Կարո Խաչմանյանը, Պայծառ Քոչարյանը, Տիգրան Ղազարյանն են, որոնք՝ բոլորը, նշված «AM» իրավաբանական գրասենյակի աշխատակիցներ են։ Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը շարունակում է մնալ Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի ջանքերով լիազորությունները դադարեցված Դավիթ Հարությունյանը, ում վարկանիշն այս պահին 106 է։