Այլ

Սա Անոյի պարը չէ․ մե՛զ են «պարեցնում»

Սա Անոյի պարը չէ․ մե՛զ են «պարեցնում»

«Հրապարակը» գրում է, որ Նիկոլ Փաշինյանը տարածել է ֆլեշմոբի տեսանյութ, որտեղ պարում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Եթե սա տեղի ունենար նորմալ պետությունում, արձագանքը կլիներ պարզ՝ պաշտոնյան  ուրախ է, պարում է, թող պարի։ Բայց սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ «պետություն» հասկացությունը վաղուց կախված է հակառակորդի ախորժակից, իսկ «իրական Հայաստան» հասկացությունը՝ Փաշինյանի հերթական քաղաքական հարմարեցումից։

Այստեղ պարը դառնում է խորհրդանիշ՝ 
Ոչ թե ուրախության, այլ հնազանդության։
Ոչ թե մշակույթի, այլ քարոզչության։
Ոչ թե ազատության, այլ քաղաքական թմբուկի տակ շարժվելու։

Քանի որ սա ֆլեշմոբ է, սա շարունակություն է ունենալու։ Պարելու են բոլորը։ ՔՊ-ի նախկին խրոխտ պարերը հիշու՞մ եք՝ վեր-վեր թռչող «հեղափոխական» էյֆորիան, որն ավարտվեց տարածքային կորուստներով ու անվերջ «խաղաղության» մուրացկանությամբ։
Խնկո Ապոր լեզվով ասած՝
Պարու՞մ էիր, շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի։

Եվ հենց այդ է լինելու ՔՊ-ի ճակատագիրը՝ քամու ծափի տակ պարել, մինչև քամին իր հետ տանի ոչ միայն իշխանությունը, այլ ամբողջ ժողովրդի ապագան։

Ֆլեշմոբի հաջորդ պարողն ո՞վ է լինելու՝ ոչ մեկին չի հետաքրքրում։ Որովհետև այսօր բոլորը պարում են Նիկոլի թմբուկի տակ։ Հարցն արդեն ոչ թե այն է, թե ով է պարում, այլ՝ ինչի համար են մեզ «պարեցնում»։
Պարի իմաստը պարզ է․

ստեղծել պատրանք, որ խաղաղություն կա, կյանքը ուրախ է, իսկ իշխանությունը՝ փրկիչ։
Սա նախընտրական ներկայացում է։ ՔՊ-ն պետք է պարի, որպեսզի մենք հավատանք, թե խաղաղությունը եկել է։ Որպեսզի մոռանանք՝ ինչ է հանձնվել, ինչ է կորսվել, և ինչն է դեռ հանձնվելու։ Քանի որ ֆլեշմոբ է, Անոյից հետո ՊՆ Սուրոն է պարելու։ Որ երկիրը այդպես խաղաղ պահում է։ 
Սա զվարճանք չէ։ Սա քաղաքական թատրոն է, որտեղ ժողովրդին դարձրել են ֆոնային պարող։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image