Հարցազրույց

ԲԴԽ-ի թույլ տված խախտումները խարխլում են մեր պետության հիմքերը

ԲԴԽ-ի թույլ տված խախտումները խարխլում են մեր պետության հիմքերը

Հուլիսի 3-ին ԲԴԽ-ն միանգամից 4 դատավորի՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի եւ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Նշված դատավորների դեմ արդարադատության նախարարության բերած միջնորդությունների քննության ընթացքից էլ ակնհայտ երեւում էր, որ ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, մի խնդիր է դրել՝ ամեն կերպ ազատվել վերջիններից։ Զրուցել ենք նախկին դատավոր Աննա Փիլոսյանի հետ, ում լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։ Հիշեցնենք․ Փիլոսյանը հայտնվել էր ԲԴԽ թիրախում, որովհետեւ հայտնի փաստաբան Ռուբեն Մելիքյանի կինն է։

- Տիկին Փիլոսյան, Դուք առաջիններից էիք, ում լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց։ Այն ժամանակ ենթադրո՞ւմ էիք, որ Ձեզնից հետո բազմաթիվ այլ դատավորների լիազորություններ են դադարեցնելու։

- Հաշվի առնելով, որ ներկայում գործընթացի պատասխանատու երկու սուբյեկտներն իրենց հանրային եւ հրապարակային ելույթներում պարբերաբար խոսում էին այդ մասին, նույն «վեթինգ» կոչվող գործընթացը վերանվանում էին, արտաքին տեսքն էին փոխում, տերմինաբանությունն էին ուղղում եւ շտկում, բայց մտադրությունը դատական իշխանությունում «արմատական փոփոխություններ» անելն էր, իրենց հանրային խոսքում եւ իրենց ծրագրերում շատ բաց ներկայացնում էին, ոչ միայն ենթադրում էի, այլեւ ունեի համոզմունք, որ պրոցեսը լինելու է շարունակական։

- Այն խախտումները, որոնք ԲԴԽ-ն թույլ է տալիս Դավիթ Հարությունյանի, «եռյակ դատավորների» դեմ միջնորդությունները քննելիս, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ խախտումներ էին։

- Խախտումների մեծ մասը մեզ հասանելի չեղան, որովհետեւ ի սկզբանե որոշում կայացվեց՝ դռնփակ դատական նիստում Դավիթ Հարությունյանի դեմ միջնորդությունը քննել, ինչը, մեղմ ասած, անհասկանալի էր եւ, իմ գնահատմամբ, անհիմն որոշում էր։ Ամեն դեպքում՝ ես չէի տեսնում դռնփակ դատական նիստի հիմքեր, առավել եւս՝ որեւէ պատճառաբանություն չներկայացվեց էլ, որով կարելի էր հասկանալ՝ արդյոք կայի՞ն հիմքեր, թե՞ ոչ։ Ընթացակարգային խախտումներն ակնհայտ էին՝ զենքերի հավասարության տեսանկյունից։ Դավիթ Հարությունյանն առհասարակ հնարավորություն չունեցավ իր գործով իր փաստարկներն ու դիրքորոշումները ներկայացնելու։ Կարծում եմ՝ հրապարակային քննության իրավունքը խախտվեց։ «Եռյակ դատավորների» մասով էլ ընթացակարգային խախտումներն ակնհայտ էին, առնվազն Արտակ Բարսեղյանին, կարելի է ասել, պարտադրվեց, որ ներկայացուցչի միջոցով հանդես գա, որովհետեւ հարգելի պատճառի (հիվանդության՝ Կ․ Ս․) առկայության պարագայում դատական նիստերն այնպիսի ժամկետով չհետաձգվեցին, որպեսզի իրական հնարավորություն ընձեռեին՝ անձամբ իր գործը ներկայացնելու։

- 9 դատավորներ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դուք ե՞ւս դիմել եք, եթե այո, ապա ի՞նչ շեշտադրումներով եք դիմել, ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրադատարանից։

- Այո, իմ ներկայացուցիչը փաստաբան Արման Զրվանդյանն է։ Իմ բողոքը կազմված է 11 կետից, որոնք վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, իմ նկատմամբ խտրական դրսեւորմանը, անաչառ դատարանի ոչ պատշաճ կազմին եւ այլն։ Ակնկալիքներս, բնականաբար, առնվազն ՄԻԵԴ-ի կողմից խախտումների արձանագրումն է։ Եթե լինի այդպիսի որոշում, դրանից բխող մյուս գործընթացներն արդեն կնախատեսվեն, քանի դեռ չկա որոշում, ճիշտ չէ մտածել, թե ինչ պիտի լինի որոշումից հետո։

- Դուք պայքարո՞ւմ եք դատական իշխանություն վերադառնալու համար։

- Չեմ պայքարում դատական իշխանություն վերադառնալու համար, պայքարում եմ եւ իմ ուժերի ներածի չափով պիտի պայքարեմ, որպեսզի այն խախտումները, որոնք թե՛ իմ վարույթի շրջանակներում եւ թե՛ դրան հաջորդող վարույթների շրջանակներում թույլ են տրվում, արձանագրվեն եւ չմնան իրավական տեսանկյունից անհետեւանք, որովհետեւ այդ խախտումներն անհատական մակարդակի չեն, այսինքն՝ դրանք ինձ չէ, որ վնասում են եւ այն դատավորներին, որոնց դատավարության շրջանակներում այդ խախտումները թույլ են տրվել, անհատապես իրենց չէ, որ վնասում են, այլ դրանք խարխլում են մեր պետականության հիմքերը, դրանք մեծ վնաս են հասցնում դատական իշխանությանը, եւ իմ պայքարը միտված է նրան, որ գոնե հետայսու այդպիսի ավերիչ խախտումներ մեր պետությունում եւ մեր դատական իշխանության նկատմամբ այլեւս թույլ չտրվեն, որպեսզի նախադեպ ձեւավորվի, թե ինչպիսի վարքագիծ եւ ինչպիսի մոտեցում պետք է լինի դատական իշխանության եւ դատավորի կարգավիճակի նկատմամբ։ Անհատական պայքար՝ որեւէ աշխատանքի վերադառնալու համար, չեմ մղում։

- Դատական իշխանության, գործող դատավորների արձագանքը ստեղծված իրավիճակին ադեկվատ ու բավարա՞ր եք համարում։

- Դատական իշխանությունն ունի իր յուրահատկությունը, անհատ դատավորների վրա շեշտը չպետք է դրվի, այլ պետք է լինի համակարգային արձագանք, դրա համար կան կառավարման մարմիններ՝ դատավորների ընդհանուր ժողովը եւ այլն, իմ գնահատմամբ՝ դատական իշխանության համար անընդունելի երեւույթներ են տեղի ունենում, եւ դրան պիտի համակարգային արձագանք լիներ։ Իշխանության արձագանք պետք է լիներ, այլ ոչ թե կոնկրետ դատավորը, դատական իշխանության արձագանքը պիտի լիներ, ինչը բացակայում է, եւ համակարգային արձագանքի բացակայությունը նորմալ չեմ համարում։

- Տիկին Փիլոսյան, այն ամենը, ինչը տեղի է ունենում դատավորների հետ, Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի անհատական վրեժխնդրությո՞ւնն է, թե՞ պետական քաղաքականություն է։

- Հստակ չեմ կարող պատասխանել, որովհետեւ, այնուամենայնիվ, գործընթացը ես չէ, որ իրականացնում եմ։ Ամեն դեպքում, եթե դա Գրիգոր Մինասյանի եւ Կարեն Անդրեասյանի անձնական վրեժխնդրությունն է, պետական աջակցությունն այդ վրեժխնդրությանն առավել քան ակնհայտ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image