Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով արցախյան հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո։ Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ։ Դեռ 2016-ից հետո որոշվել էր տեղորոշիչ սարքեր տեղակայել, որ հնարավոր լինի արձանագրել, թե ով է առաջինը կրակել: Ի դեպ, նախորդ օրը «Ազատություն» ՌԿ-ի համառ հարցերին, թե խոսքը Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ-Վիեննա պայմանավորվածությա՞նն է վերաբերում, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, քանիցս շրջանցելով հարցը, ասել էր` վերաբերում է ուղիղ կապին:
Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրինք՝ խոսքը Ժնեւ-Վիեննայի մասի՞ն է։ «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում եւ տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում եւ նրանց մշտական տեղակայում, ինչպես նաեւ ուղիղ կապ եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում»,- ասաց նա: Ինչպես տեսնում ենք` ոչ մի խոսք Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ-Վիեննա պայմանավորվածություններին վերադարձի մասին: