Նիկոլ Փաշինյանը չի հանդարտվում․ հիմա էլ նրա թիրախում են հայտնվել ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը համարձակվել է առաջադրվել, 4 տոկոսը հաղթահարել է եւ չի հաշտվել իշխանությունների կողմից իր քվեները գողանալու փաստի հետ ու Սահմանադրական դատարան է դիմել:
Հիշեցնենք․ նախ հայտարարեցին, որ Ծառուկյանի ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, ապա Փաշինյանի թիմակից Վահագն Հովակիմյանը մի քանի ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչեց ու վերաքվեարկություն չնշանակեց: Երկու դեպքում էլ` եթե անվավեր չճանաչեին կամ ճանաչելուց հետո այդ տեղամասերում վերաքվեարկություն նշանակեին, ԲՀԿ-ն անցնում էր խորհրդարան: Իսկ այս երկակի ապօրինի քայլով ԿԸՀ-ն ուղղակի 5 մանդատ խլեց ընդդիմադիր ուժից եւ երեքը նվիրեց ՔՊ-ին: Գագիկ Ծառուկյանի մուտքն ԱԺ փակելով էլ Նիկոլ Փաշինյանը չբավարարվեց․ որոշել է Ծառուկյանին պատկանող բիզնեսները խլել, նրան ունեզրկել եւ նստեցնել: Եվ դա անում է անթաքույց, բացահայտ՝ չվախենալով, որ դա քաղաքական հետապնդում կկոչվի, եւ իրեն կմեղադրեն սահմանադրական կարգը տապալելու` իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ իջեցնելու մեջ: Փաշինյանի անմիջական հրահանգով արդեն «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից, երեկ վաղ առավոտյան էլ տեղեկացանք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակներում՝ 70-ից ավելի հասցեներում, այդ թվում` ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, նրա ձեռնարկությունների տնօրենների տներում խուզարկություններ են իրականացվում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որը չէր քննարկվել ՍԴ քննության պատճառով։ Հիմա ՍԴ-ն քննությունն ավարտել է, որոշումը կայացված է, եւ վարչապետ Փաշինյանն ու նրա կամակատար իրավապահներն անցել են գործի:
Հիշեցնենք նաեւ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը սպառնում էր ունեզրկել` «բոմժ սարքել, կզըցնել» ու կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին․ խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի մասին էր։
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, Երեւանի ավագանու անդամ, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ի դեմ իշխանության հետապնդումների մասին, նկատում է. «Ինչպես գիտենք` «Մայր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» նույն ցուցակով էին մասնակցում համապետական ընտրություններին, անցողիկ շեմը չորս տոկոսն էր, որը մենք հավաքել էինք, սակայն հետո թե ինչպես եղավ, Վահագն Հովակիմյանն ինչ թվեր նկարեց, ընտրություններից հետո պարզվեց, որ չորս տոկոսի շեմը չենք հաղթահարել, բայց դրանից առաջ էլ հայտարարում էին, որ հաղթահարել ենք, հետո նորից հայտարարեցին, որ չենք հաղթահարել: Ինչից հետո մենք գտանք անհետացած ձայները, որոնք ԿԸՀ-ն միտումնավոր չէր հաշվել, իսկ վերջում որոշեցին, որ այն ընտրատեղամասերում, որտեղ զինվորները ժամը 20:00-ից հետո են մասնակցել ընտրություններին, պետք է չեղյալ համարել եւ վերաքվեարկություն չանցկացնել` զրոյացնելով մեր բոլոր ընտրողների քվեները: Ապօրինությունները շարունակվում են: Հերթը հասավ Սահմանադրական դատարանին, քաղաքացիները, անկախ ամեն ինչից, ակնկալում էին, որ գոնե ՍԴ-ն տեր կկանգնի ժողովրդի քվեին, սակայն դա էլ տեղի չունեցավ, արդյունքում մոտ 60 հազար քվե ստացած ուժի ձայները զրոյացրին, փոշիացրին, եւ հիմա ռեպրեսիաների նոր ալիք է սկսվել: Այս ամենից ՀՀ քաղաքացին ոչինչ չի շահելու: Մարդկանց կյանքում որեւէ բան չի փոխվելու այս շոուներից: Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց լուրջ խնդիրներից շեղել եւ նման ինտրիգներով կերակրել, բայց մարդիկ անհանգիստ են, ունեն լուրջ մտահոգություններ՝ անվտանգության հետ կապված: Անդրանիկ Թեւանյանի հանդեպ էլ է մեծ ապօրինություն տեղի ունեցել: Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողն էլ պետք է նույն պրիզմայի մեջ տեսնել: Այս մարդիկ փոխանակ լուրջ հարցերով զբաղվեն, զբաղված են քաղաքական շոուներ բեմադրելով: Ինչպե՞ս է ստացվում, որ այս ութ տարիներին Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված որեւիցե խնդիր չկար, սակայն երբ նա մասնակցեց ընտրություններին, հանկարծ պարզվեց, որ գործեր պետք է հարուցվեն եւ այլն: Վստահեցնում եմ Ձեզ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներում 6000-7000 մարդ է աշխատում: Մարդիկ «Արարատցեմենտ»-ից, կոնյակի գործարանից հարցնում են` ի՞նչ է լինելու մեր վերջը, եւ շատ վատ վիճակում գնում են տուն, չենք խոսում այն հարկերի մասին, որ այդ բիզնեսների շնորհիվ վճարվում է պետությանը: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչի է ուզում հասնել այս քայլերով, սակայն վստահաբար ասում եմ` այս ամենից ո՛չ Հայաստանն է շահելու, ո՛չ էլ հայ ժողովուրդը, հակառակը` կառավարման ճգնաժամը խորանալու է»: