Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել հայ ժողովրդին, որտեղ խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա, ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում կամ թե ակամա նեղացրել է երբևէ, նշել է, որ երբեք չարությունից, գոռոզամտությունից և վրեժխնդրությունից դրդված որևիցե մեկին չի նեղացրել և եթե այդպես ստացվել է, ստացվել է իր կամքից անկախ: Ռուբեն Վարդանյանի այս ուղերձը շատերը համարեցին հրաժեշտի խոսք: «Հրապարակը» զրուցել է Ալավերդի համայնքի նախկին ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի հետ:
- Պարոն Թամազյան, իշխանությունների անտարբերությունը, անկարողությունը, գուցե` չարակամությունը բերեց նրան, որ այսօր Բաքվից Ռուբեն Վարդանյանը հրաժեշտի խոսք է հնչեցնում: Ձեր տպավորությամբ` դա ի՞նչ ելույթ էր:
- Այդ ելույթը հայրենասեր մարդու ելույթ էր, ելույթ էր մի մարդու, ով շատ է սիրում թե իր հայրենիքը, թե իր ժողովրդին: Նա այսօր գտնվում է Բաքվի բանտում, սակայն անգամ այդ դեպքում իր հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակներն է ցույց տալիս և պնդում, որ հայ լինելն իր համար մեծագույն արժեք է: Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անգամ պնդում է, որ Հայաստանը, Արցախը իր համար եղել են ու մշտապես լինելու են մեծագույն արժեք: Նման մարդիկ հայ ազգի մեջ եզակի են, ցավոք…. ինչ վերաբերում է քաղաքական ղեկավարությանն, ապա ես կասեմ, որ նրանց անտարբերությունն ավելի շատ գալիս է նրանից, որ անգամ չեն էլ ցանկանում մեր հայրենակիցներին Հայաստանում տեսնել: Ռուբեն Վարդանյանը ևս իշխանությունների համար ցանկալի չէ:
- Ինչո՞վ են նրանք, այդ թվում` Ռուբեն Վարդանյանը, խանգարում իշխանությանը:
- Չեմ կարող հստակ ասել, հավանաբար շատ հարցերի պատասխաններ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի, որոշ խաղաքարտեր նրանց համար բացվել են և հենց այդ պատճառով էլ չեն ուզում այդ մարդկանց Հայաստանում տեսնել:
- Իսկ ի՞նչ եք կարծում` Վարդանյանի ուղերձն իսկապե՞ս հրաժեշտի խոսք էր:
- Չեմ ուզում հավատալ դրան, չեմ ուզում…. բայց այն, որ Ռուբեն Վարդանյանն ասաց իր սրտի խոսքը, միանշանակ էր:
- Ռուբեն Վարդանյանը շատերին է օգնել, աջակցել, ֆինանսավորել, սակայն օրեր առաջ` ի աջակցություն Վարդանյանի ակցիային շատ մեծ մասնակցություն չկար: Ինչո՞ւ, ըստ Ձեզ` նրա երբեմնի ընկերները, գործընկերները, այն մարդիկ, որոն նա օգնել է, չեն պայքարում Վարդանյանի ազատության համար:
- Եթե այն բոլոր մարդիկ, որոնց օգնել է Ռուբեն Վարդանյանը մասնակցեին ակցիային, ակցիան կլիներ բազմահազարանոց ակցիա: Ցավն այն է, որ մեր ժողովրդի մոտ անտարբերությունը սկսել է շատ մեծ` գերակշռող տեղ զբաղեցնել: Մարդիկ իրենց հայրենակիցների նկատմամբ, խոսքը ոչ միայն Ռուբեն Վարդանյանի մասին է, այլև` բոլորի, չունեն կարեկցանքի զգացում: Անտարբերությամբ նայում են, թե ինչպես են նրանց Բաքվում բանտարկվում: Այսօր Ադրբեջանը խոշտանգում է մեր հայրենակիցներին` մեր աչքի առաջ: Ադրբեջանը աշխարհին ցույց է տալիս, որ հայ մարդը արժանի է նման վերաբերմունքի, նման դաժանությամբ: Մեր պետական այրերի և մեր ժողովրդի անտարբերությունն այս առումով, սարսափելի ցավալի է:
- Իշխանականները չարախնդում են և անգամ նենգ հարցեր են հնչեցնում. «Ինչո՞ւ Վարդանյանը իր հարստությունը թողեց և գնաց Արցախ»: Կարո՞ղ ենք այդ մարդկանց մեկ անգամ բացատրել` ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ և կամովին հայտնվեց այս վիճակում:
- Հայրենասիրությունից դրդված նա գնաց Արցախ: Այն մարդիկ, ովքեր Ռուբեն Վարդանյանին չափում են իրենց արշինով, խղճում եմ իրենց: Մարդը կարող է լինել միլիարդատեր և լինել հայրենասեր և կարող է անգամ մեկ լումա անգամ չունենալ, միևնույն ժամանակ կրկին լինել մեծ հայրենասեր: Ռուբեն Վարդանյանը մեծ հայրենասեր է: Նրանք, ովքեր չարախնդում են այսօր, անպայման Աստծո առաջ պատասխան են տալու: