Եթե ոչխարների ծնի եւ անկման հարաբերակցությունը (սալդոն) բացասական է, ապա ոչխարների թիվը չի կարող աճել: Սա գյուղական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտն էլ ձեզ կասի: Պարզ թվաբանություն է: Ենթադրենք՝ այդ աշակերտի պապն ուներ 5 ոչխար… Երկուսը ծնեցին… Դարձավ 7: Բայց սելավը 3 ոչխար տարավ: Տակը քանի ոչխար մնա՞ց… Այո՛, 4: Սալդոն բացասակա՞ն է: Բացասական է: Ոչխարների թիվը պակասեց մեկով, պատճառը սելավն էր: Պապն ի՞նչ կարող էր անել դրա դեմ: Այսպես խորհելով էլ աննկատ հասա իմ խորհրդակցությունների սենյակ…
Հիմա փորձենք հասկանալ, թե այդ ինչ է կատարվել 2021 եւ 2026 թվականների ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, որ ՔՊ-ի ընտրազանգվածը ոչ թե պակասել, այլ ավելացել է՝ 680 հազարից հասնելով 720 հազարի: Տարբերությունը՝ պլյուս 50 հազար:
2021-2026 թվականների միջակայքում մենք ունեցել ենք միայն ու միայն կորուստներ: Դրանցից շատերն անդառնալի կորուստներ էին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Արցախի հայաթափումը, նորանոր տարածքների, այդ թվում՝ նաեւ TRIPP-ի միջանցքի հանձնումը, ՀԱԵ-ի հեղինակության նսեմացման լկտի փորձերը, Հայոց ցեղասպանության ուրացումը, ոչնչով չարդարացված մարտահրավերները ավանդական դաշնակցին եւ վերպետական կառույցներին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ այլն): Այս ամենից հետո էլ ո՛չ սահմանագծում-սահմանազատումն է ավարտվում, ո՛չ էլ: Խաղաղության պայմանագիր չկա: Ավելին ասենք՝ 300 հազար ադրբեջանցի պատրաստվում է մշտական բնակության տեղափոխվել Հայաստան: Կգտնվի՞, արդյոք, մեր ազգի մեջ մի բանական արարած, որ կկարողանա մայրենի լեզվով ինձ բացատրել, թե որն է Փաշինյան Նիկոլի ընտրազանգվածի՝ 50 հազարով ավելանալու գաղտնիքը: Չկա այդպիսի մարդ, իզուր մի փնտրեք: Ավելի լավ է՝ հարցն ուղղենք անձամբ Նիկոլ Փաշինյանին: Գուցե նա կկարողանա՞ բացատրել իր ընտրազանգվածի այս անոմալ աճը: Ի վերջո, քաղաքագիտությունից հայտնի է, որ ցանկացած իշխանություն ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում միայն կորցնում է, առաջ բերում շատ ավելի մեծ թվով հասարակական խմբեր, որոնք չեն ընդունում իր վարած քաղաքականությունը: Թրամփը կորցրել է, Մակրոնը կորցրել է, Պուտինը կորցրել է, Զելենսկին կորցրել է, բայց Նիկոլը, այ քեզ զարմանք, ավելացրել:
Ի դեպ, ՀՀ ՍԴ-ն, որ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մտորելու, ունի՞ այս հարցի պատասխանը, այդ ինչպե՞ս պատահեց, որ ամեն ինչ ձախողած Նիկոլ Փաշինյանն ավելացրեց իր ընտրողների թիվը: Իմ հաշվարկներով, Նիկոլին ձայն կարող էին տալ Նիկոլը (+ ընտանիք), ՔՊ-շնիկները (պլյուս-մինուս ընտանիք եւ պարգեւավճար), պետական աշխատողները (պլյուս-մինուս ընտանիք եւ պարգեւավճար): Այսքանը կկազմեր Նիկոլի ստացած ձայների ընդամենը 10 տոկոսը, այսինքն՝ 72 հազար «օրգանիկ» քվե: Հետեւաբար, պետք է ընդունել, որ մնացած 650 հազար ձայնն «ընտրակաշառքով» կամ խաբեությամբ ստացված ձայներ են: Ու դեռ կասկածներ կան, որ այդ ձայների մի ստվար մասն էլ Հովակիմյանի հանճարեղ նկարչության արդյունք է: Այնքան անշնորհք է նկարել, որ վերջում ԲՀԿ-ի 60 հազար ձայնը կորցրել են, որպեսզի ՔՊ-ն 64 աթոռ կամ՝ 2/3 մեծամասնություն ունենա խորհրդարանում: Ընդդիմությունը մեռավ ասելով, որ Փաշինյանը բյուջեի փողերն ընտրություններից 2 ամիս առաջ ուղղակի շաղ է տվել մեր ամենաընչազուրկ խավի՝ թոշակառուների շրջանում՝ չունենալով ո՛չ այդ իրավունքը, ո՛չ էլ այնքան փող, որ հետո կարողանա կարկատել ճղված բյուջեն: Մինչդեռ մեր թոշակառուների թիվն անցնում է 650 հազարից:
Պապիկյան Սուրեն, ի՞նչ ես կարծում, խորհրդակցական սենյակ հեռացած ՍԴ-ն գոնե հեռավոր պատկերացոում ունի՞ այն մասին, թե անձամբ դու քանի քվե ես բերել Նիկոլին: Նկատի ունեմ՝ բանակը, որի զինվորները, ինչպես ականատեսներն են պնդում, քվեարկել են՝ որտեղ պատահի, քանի անգամ պատահի եւ մինչեւ որ ժամը պատահի: Շատ խելք պետք չէ, կարծում եմ, մտածելու համար, որ դու, պարոն Պապիկյան, 100, 200 հոգանոց զինվորական խմբերին կարող էիր պտտել տարբեր ընտրատեղամասերով, տարբեր անուն-ազգանունների տակ ստորագրել տալ եւ 16 համարի քվեաթերթիկով մտցնել քվեախցիկ: Մի տեղամասում էլ, ի դեպ, այնքան էիք ուշացել, որ Հովակիմյանն ստիպված, «իր որոշումով», երկարաձգել էր ընտրության ավարտը: Եվ Պապիկյանի նման «ֆրուկտին» ՍԴ-ն չի՞ բարեհաճում հրավիրել «հարցաքննության»։
Ինչեւէ, իրականությունն այն է, որ այս պահին ՔՊ-ի անվան դիմաց արձանագրված է 726 հազար ձայն՝ նախկին 680 հազարի փոխարեն: Ասել է, թե՝ աճը գերազանցել է անկումին, եւ սալդոն ավելի քան դրական է: Մեր հույսը հիմա սահմանադրական բարձր դատարանն է: Եթե ՍԴ-ն համարի, որ սա նորմալ է, ապա կարելի է ասել, որ մի քանի հարյուր հազար ձայների կեղծումն ու մանիպուլյացիան այնքան չնչին են, որ չէին կարող ազդել 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքի վրա:
ՀԳ. Ասում եմ՝ չհեռանա՞մ խորհրդակցական սենյակ, պառկեմ դիվանին ու երկա-երկար նայեմ առաստաղին… Մեկ էլ տեսար առաստաղից 3 խնձոր ընկավ․ մեկը՝ Թրամփին, մեկը՝ Մակրոնին, մեկն էլ՝ Հայաստան ժամանած եվրոպացի կնոջը, որ տասնյակ միլիոններ դրեց ՔՊ-ի տակ՝ ընտրությունները հորով-մորով անելու համար: