Վերջին մեկուկես-երկու տասնամյակների ռուսական իրականության ամենահաջողված անիմացիոն նախագծերից մեկը, անխոս, համարվում է «Մաշան ու Արջը» մուլտֆիլմը։ Այն սկսել է ցուցադրվել 2009 թվականից եւ կարողացել է հաղթահարել լեզվական ու մշակութային պատնեշները՝ դառնալով համաշխարհային մակարդակի մշակութային բրենդ։ Ցուցադրվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրում։
Չափազանց ակտիվ ու կենսուրախ աղջնակ Մաշայի պատմությունը միայն մանկական զվարճալի պրոդուկտ չէ։ Այն ճանաչելի է ողջ աշխարհում, որը միավորում է մուլտսերիալներ, գրքեր, բջջային հավելվածներ, խաղալիքներ եւ լիցենզավորված այլ արտադրանք։ Եվ այս ամենի ֆոնին ամենաբնական հարցը հետեւյալն է՝ իսկ որն է «Մաշան ու Արջ»-ը մուլտի հաջողության գաղտնիքը։ Մասնագետներն ասում են, որ նախագծի աննախադեպ հաջողության առաջին պայմաններից մեկը սյուժեի, լեզվի եւ պատումի ունիվերսալությունն է։ Մուլտերի մեծ մասում կերպարները գործնականում երկար երկխոսություններ չեն ունենում, իսկ սյուժեն զարգանում է գործողությունների, դիմախաղի եւ վիզուալ հումորի վրա։ Դրա շնորհիվ էլ անիմացիոն ֆիլմը դառնում է «դյուրամարս» եւ սիրելի երեխաների կողմից՝ անկախ երկրից, մշակույթից ու լեզվից։
Փաստացի, Մաշայի եւ Արջի հարաբերությունները երեխայի ու մեծահասակի հարաբերությունների մետաֆորան է։ Արջը խորհրդանշում է փորձառությունը, պատասխանատվությունը, համբերատարությունը։ Մաշան հետաքրքրասիրության, անմիջականության եւ անվերջանալի մանկական էներգիայի խորհրդանիշն է։ Հենց այս հակադրությունն էլ դառնում է սյուժեի շարժիչ ուժը։ Մանկական հոգեբանության տեսանկյունից՝ Մաշան տիպիկ նախադպրոցական տարիքի երեխա է, որն ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը փորձի եւ սխալվելու մեթոդով։ Նա միշտ խախտում է կանոնները, տալիս է հարցեր, փորձարկում է եւ բախվում սեփական արարքների հետեւանքներին։ Մուլտֆիլմը կառուցված է այնպես, որ երեխան ինքնուրույն կարողանա դիտելով հանգել եզրակացությունների եւ դասեր քաղել։ Բացի այդ, սերիաները երկար ու ձանձրացնող չեն։ Անիմացիան վառ է, գունեղ ու եռաչափ։ Մոնտաժն արված է շատ դինամիկ։ Վիզուալ հումորին մեծ տեղ է տրված։ Երաժշտության ուղեկցումը շատ հաջող է եւ երեխաների համար ընկալելի։ Նախագիծը տեխնիկական մեծ վարպետությամբ է ստեղծվել, ինչը եւս կարեւոր է հաջողության համար։ Այս ամենի համադրությամբ՝ ունենք նախագիծ, որը չափազանց սիրված է երեխաների կողմից ու նույնիսկ սիրով է դիտվում մեծահասակների կողմից։