Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչու է փակվում Freedom House-ը, ինչ հետեւանքներ կունենա դա

«Հրապարակ». Ինչու է փակվում Freedom House-ը, ինչ հետեւանքներ կունենա դա

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը Հայաստանում՝ իր էջում գրել է կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը` նշելով, որ ավարտում են 4-ամյա աշխատանքը, կազմակերպությունը հեռանում է Հայաստանից: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաշխարհային կտրվածքով ազատության տարածքները նեղանում են, եւ, իհարկե, առաջնային խնդիրը ֆինանսավորման դադարեցումն է: «Շատ ավելի դժվար ժամանակահատվածներում, երբ որ Հայաստանում խոսքի ազատության հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ ենք ունեցել, միեւնույն է, կառույցը գործել է Հայաստանում եւ կարողացել է ամեն դեպքում իր գործունեության շրջանակներում արձագանքել որոշակի ծանր խնդիրների: Այս պահին, կարծում եմ, հիմնական պատճառը ֆինանսավորումն է»,-ասաց նա: Իրավապաշտպանը կարծում է, որ այժմ լրջագույն խնդիրներ ունենք՝ կապված խոսքի ազատության հետ, ունենք նաեւ շատ վատ դատական նախադեպեր՝ խոսքի ազատության սահմանափակման հետ կապված, սակայն ինքը չի կարծում, թե կազմակերպության գործունեության դադարեցումը կարող է կապված լինել Հայաստանում խոսքի ազատության վիճակի հետ: Ինչ վերաբերում է Freedom House-ի հեռանալու հետեւանքներին, ապա Հովհաննիսյանը կարծում է, որ այս կազմակերպությունը չէ, որ պետք է ապահովի երկրում խոսքի ազատությունը:
«Կազմակերպությունը հիմնականում գնահատականներ է հնչեցնում, որոնք ազդում են պետության վարկանիշի վրա, բայց ապահովել երկրի ներսում խոսքի ազատության ավելի լավ իրավիճակ, այդ կազմակերպությունը չի կարող, իհարկե, միայն կարող է վատթարացնել Հայաստանի արտաքին ընկալումը: Ես կարծում եմ, որ Հայաստանի ներսում պետք է այդ հարցը հստակ լուծված լինի հանրության գնահատականի տեսանկյունից, թե ինչպես է երկրի ներսում հանրությունը պահանջում խոսքի ազատություն հենց իշխանություններից, եւ ինչպես է իշխանությունը գնալով էլ ավելի կարծրանում՝ տարբեր տիպի վախերով պայմանավորված»,- ասաց Զառա Հովհաննիսյանը:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՄԱԿ-ում ՀՀ երկարամյա նախկին ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց, որ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը որեւէ պատճառ չի նշել փակման վերաբերյալ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ պատճառները կարող են կապված լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների հետ: «Հաշվի առնելով Վաշինգտոնում USAID-ի փակման կամ վերակառուցման հետ կապված գործընթացը, կարելի է ենթադրել, որ որոշումը նախեւառաջ կապված է հենց ներքին խոհանոցի հետ»,- կարծում է նա: Դիվանագետը շեշտում է, որ կազմակերպության բյուջեի մեծ մասը գոյանում է ԱՄՆ պետական կառույցներից: Մինչեւ 80% տրամադրվում է ԱՄՆ կառավարության կողմից՝ ներառյալ ԱՄՆ պետդեպարտամենտը եւ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Freedom House-ը միջոցներ է ստանում նաեւ միջազգային հանրային կառույցներից, ինչպիսիք են դեսպանությունները եւ կառավարությունների միջեւ ծրագրերը: Օրինակ՝ կազմակերպության գործունեությունը Մոլդովայում ֆինանսավորվում է USAID-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից: Նաեւ միջոցներ են ներգրավում մասնավոր հիմնադրամներից, կորպորացիաներից, անհատ նվիրատուներից: Որոշ եկամուտներ ձեւավորվում են նաեւ հետազոտություններից, հրապարակումներից:

Մարտիրոսյանը նկատում է, որ մեր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, շատ չի տխրի կազմակերպության փակման փաստի առթիվ, քանի որ 2024-ի ապրիլին կազմակերպությունը Հայաստանի ազգային կառավարման գնահատականն իջեցրել էր 2,5-ից մինչեւ 2,25, նշելով մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ գաղտնալսման Predator ծրագրերի օգտագործումը: Բացի այդ, կազմակերպությունն Արցախի հակամարտության վերաբերյալ հաշվետվություններ ու զեկույցներ էր ներկայացրել, որտեղ Ադրբեջանը մեղադրվում է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումներ եւ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Ըստ Freedom House-ի՝ Հայաստանի իշխանություններն այս տվյալները բավարար չեն օգտագործել՝ Բաքվի վրա միջազգային ճնշում գործադրելու համար: 2023-ին արցախահայ բնակչության զանգվածային արտագաղթից հետո Freedom House-ն ակտիվացրել էր հայության նկատմամբ հանցագործությունների փաստաթղթավորման աշխատանքները: «Սա, ենթադրում եմ, հանդիսացել էր քաղաքական լարվածության աղբյուր եւ բերել էր Ադրբեջանի կողմից նոր ճնշումների: Հնարավոր է` այս ամենը հանգեցրել է կազմակերպության եւ պաշտոնական Երեւանի միջեւ հարաբերությունների սառեցման»,- ենթադրում է դիվանագետը: Կազմակերպության գործունեության կասեցմամբ Հայաստանը՝ որպես ոչ հասուն ժողովրդավարություն ունեցող երկիր, զրկվելու է կարեւոր ռեսուրսից։ Գրասենյակի փակումը կթուլացնի մարդու իրավունքների անկախ միջազգային մոնիթորինգի ներուժը Հայաստանում եւ ընդդիմադիր շրջանակների պաշտպանվածությունն իշխանության ճնշումներից՝ կարծում է Արմեն Մարտիրոսյանը. «Սա հարված է նաեւ մեր երկրում դեռ սաղմնային վիճակում գտնվող քաղհասարակության ձեւավորմանը»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image