Հասարակություն

Մտերմիկ զրույց նիկոլապաշտ հայրենակիցներիս հետ

Մտերմիկ զրույց նիկոլապաշտ հայրենակիցներիս հետ

Սիրելի հայրենակից: Այս տողերը չեմ գրում քեզ դատելու, պիտակավորելու կամ նվաստացնելու համար։ Գրում եմ քեզ հետ զրուցելու համար, որովհետեւ ցավ եմ ապրում` ոչ քո ընտրության համար, այլ նրա, որ այդ ընտրությունը ժամանակի ընթացքում վերածվել է կույր սիրո եւ հավատարմության։

Երկրի ղեկավարը վաղուց է բացահայտել իրեն` նրա խոսքը կտրված է իրականությունից, նրա որոշումները՝ հանրային շահից, նրա վարքը՝ պետական պատասխանատվությունից։ Նրա հետ խոսելն անիմաստ է` նա չի լսում, չի ուզում լսել, նա ընտրել է իր ճանապարհը եւ պատրաստ է անցնել այն մինչեւ վերջ՝ անկախ գնից։ Իսկ այդ գինը երկիրն է։ Նույնքան անիմաստ է խոսել նրա անմիջական շրջապատի հետ` այն մարդկանց, որոնք իշխանության են հասել ոչ թե գիտելիքով, փորձով կամ կարողությամբ, այլ մեկ պարզ որակի շնորհիվ՝ անձնական, կույր հավատարմության։ Նրանք այսօր օգտվում են այդ հավատարմության պտուղներից, իսկ օգտվողը չի հարցնում, չի կասկածում, չի ընդվզում։

Բայց դու այդ խմբից չես, դու այն մարդկանցից ես, ովքեր մի օր հավատացել են, որ հնարավոր է արդար պետություն, արժանապատիվ իշխանություն, օրենքի առաջ հավասարություն հաստատել։ «Թավշյա» օրերին քեզ թվում էր, թե երկիրը վերջապես դուրս է գալիս փակ շրջանից։ Այդ հավատը մեղք չէ` այն մարդկային է։ Խնդիրն այն է, որ այդ հավատը պետք էր վերածել մտածողության, գործողության։ Իսկ քեզ դա թույլ չտվեցին։ Դու ապրում ես տեղեկատվական այնպիսի միջավայրում, որտեղ հանրային հեռուստատեսությունը երկիրը ներկայացնում է վարդագույն գույներով, որտեղ անհաջողությունները միշտ ուրիշների մեղքն են, որտեղ պարտությունները կոչվում են «բարդ ճանապարհ», իսկ ամեն մի քննադատություն՝ «ատելություն» ու «հակապետական գործունեություն», «հիբրիդային պատերազմ»։ Այդ պայմաններում մարդը սկսում է պաշտպանվել ու մերժել իրականությունը։ Ես քեզ դրա համար չեմ մեղադրում։ Բայց ուզում եմ խնդրել՝ փորձիր մի պահ դուրս գալ այդ փակ շրջանակից։ Տես, թե ինչպես է կառավարվում քո երկիրը։
Կառավարության նիստերում քննարկումները վերացել են։ Տասնյակ հարցեր ընդունվում են առանց զեկուցման։ «Չզեկուցվող»՝ գեղեցիկ բառ է, բայց դրա իմաստն այն է, որ որոշումները կայացվում են քեզնից գաղտնի։ Քեզ չեն տեղեկացնում, քեզ չեն հարցնում, քեզ պարզապես փաստի առաջ են կանգնեցնում։ Հետո հանկարծ պարզվում է, որ հարյուրավոր միլիոններ-միլիարդներ են փոխանցվել իշխանությանը մոտ կանգնած մարդկանց, հայտնի ու անհայտ անձանց՝ տարբեր «նվիրատվությունների» եւ ծրագրերի անվան տակ։ Մինչդեռ այդ գումարները քոնն են` քո հարկերից, քո աշխատանքի արդյունքից են գոյացել։ Սա քեզ չի՞ անհանգստացնում։

Ասում ես՝ «գոնե խաղաղություն է»։ Իսկ ես քեզ հարցնում եմ՝ իսկապե՞ս խաղաղություն է։ Սահմանին կրակոց չկա ոչ թե որովհետեւ մենք ուժեղացել ենք, ոչ թե որովհետեւ թշնամին դարձել է խոհեմ, այլ որովհետեւ հիմա կրակելը քաղաքականապես ձեռնտու չէ` այն կարող է խանգարել իշխանության վերարտադրությանը։ Սա խաղաղություն չէ, սա հրադադար է՝ պայմանավորված հաշվարկներով, որի գինը վճարելու ենք բոլորս։ Տնտեսության մասին խոսող մասնագետներն ասում են՝ ներդրումները կարճաժամկետ են, արդյունաբերական հիմք չի ստեղծվում, գիտահեն տնտեսություն չկա, պետական պարտքը կտրուկ աճել է։ Եվ սա քարոզչություն չէ` այդ մասին թվերն են ճչում։ 
Պատերազմում հազարավոր զոհեր ունեցանք, տարածքային կորուստներ, սահմանային զիջումներ, եւ այս ամենից հետո մեզ ասում են՝ Հայաստանը դարձել է ժողովրդավարության բաստիոն, աննախադեպ ինքնիշխան։ Երեւի այնքան ինքնիշխան, որքան Բատիլն էր ինքնիշխան միահեծան Լյուդովիկոս 14-րդի օրոք: Եթե սա ինքնիշխանություն է, ապա ինչպիսի՞ն է լինում կախվածությունը։

Հաճախ լսում եմ քո արդարացումը․ «Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ճար չունի»։ Ընդունենք` ճար չունի, ախր մենք էլ հենց դա ենք ասում՝ Նիկոլը ճար չունի, Նիկոլն անճար է: Եթե այս ամենը շարունակվի, երկիրը գնալու է կործանման ճանապարհով, եւ դրա պատասխանատվությունը միայն մեկ մարդու վրա դնելն արդար չէ։ Այո՛, վարչապետը գլխավոր պատասխանատուն է։ Բայց ոչ մի վարչապետ իշխանության չի մնում ինքն իրենով, միայն իր ցանկությամբ։ Մեր ընտրությամբ, մեր լռությամբ, մեր արդարացմամբ, թե` «դե, ուրիշը չկա», մենք, դու դառնում ենք այդ իշխանության, նրա սխալների համահեղինակը։ Քաղաքացին պարզապես ընտրող չէ։ Քաղաքացին իշխանության աղբյուրն է։ Եթե այդ աղբյուրը պղտորված է, արդյունքը չի կարող մաքուր լինել։ 

Ընկերս, քո լռությունը համաձայնություն է, քո կույր հավատը քվե է, քո «ճար չունի»-ն նոր մանդատ է։ Եվ սա մեղադրանք չէ` սա պատասխանատվության հիշեցում է։ Եթե այսօր դու աչք ես փակում ակնհայտ սխալների վրա, վաղը ստիպված ես լինելու ապրել դրանց հետեւանքների հետ։ Վարչապետն այն է, ինչ քաղաքացին թույլ է տալիս նրան լինել։ 
Տես` այն օրերին, երբ վարչապետը բացակայում է երկրից, Հայաստանում ինչ անդորր է` ո՛չ ճգնաժամ, ո՛չ սկանդալ, ո՛չ ցնցում։ Սա պատահականություն չէ։ Երբ նա չկա, երկիրը շնչում է։ Դու չե՞ս ուզում հանգիստ ու խաղաղ կյանք, ստեղծագործ միջավայր, հայհոյանքից ու ատելությունից զերծ միջավայր: Իհարկե, ուզում ես: Ուրեմն օգնիր՝ հասնենք դրան: 

Ես քեզ չեմ խնդրում միանգամից փոխել կողմնորոշումդ։ Ես քեզ խնդրում եմ մտածել։ Հարց տալ։ Կասկածել։ Լուրեր կարդալ տարբեր աղբյուրներից։ Դա դավաճանություն չէ քո նախկին «սիրուն»։ Դա քաղաքացի լինելու սկիզբն է։ Փորձիր գոնե մտքով անջատվել նրանից։ Տեսնել երկիրն առանց նրա կերպարի։ Եվ գուցե առաջին անգամ զգաս, որ այդ անջատումն ազատություն է, անկախություն է, ինքնիշխանություն է, համերաշխություն է ու սեր։ Ես քեզ չեմ ատում, ես ցավում եմ քեզ համար։ Եվ հենց դրա համար եմ ասում՝ եթե այսօր չտարանջատվես «անջատվածից», վաղը քո լռությունը կդառնա քո դատավճիռը։ Երկիրը կործանվում է ոչ միայն դավողների ձեռքով, այլ նաեւ՝ նրանց լուռ հավատացողների։

Գագիկ Անտոնյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image