Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ, ընտրություններին ՔՊ-ի ցուցակը գլխավորած Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում քրեական պատմությունների մեջ։ Աջափնյակում տեղի ունեցած սպանության ժամանակ Գյուլազարյանը ոտքից հրազենային վիրավորում էր ստացել, որից հետո հրաժարական տվեց՝ քրեական վարույթին որպես համայնքապետ չխոչընդոտելու համար։ Սակայն քրեական վարույթը դեռ չավարտված նույն Գյուլնազարյանը մասնակցեց Փարաքարի փրայմերիզին, ընտրվեց ՔՊ-ի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ինչո՞ւ հրաժարական տվեց, եթե իր համար այդքան էլ սկզբունքային չէր գործի քննության օբյեկտիվությունը, այսօր հետաքրքրվեցինք նրանից։ «Այո, հրաժարական էի տվել, որպեսզի նախաքննությանը ոչինչ չխոչընդոտի, ասեկոսեներ չլինեին, որ ՔՊ-ի թեկնածուն էր, դրա համար սենց, դրա համար նենց։ Հրաժարականը տվել եմ, քննչականն ու դատախազությունը տվել են իրենց եզրակացությունը, որ այո, ես այդ միջադեպի հետ կապ չունեմ։ Հենց կոնկրետ էս իմ ձեռքի հեռախոսը գտնվել է իրավապահ մարմինների մոտ, հաստատվեց, որ ես միջադեպի հետ կապ չունեմ»,-ասաց Գյուլնազարյանը։
Ապա խոստովանեց՝ դեպքի վայրում եղել է: Եւ ասաց, որ իր տեղը կարող էի լինել նաեւ ես՝ «Հրապարակ»-ի լրագրողը․ «Մեքենա ունենայիք, էդ լվացման կետում փորձեիք լվալ Ձեր մեքենան, կողքը ավտոտեխսպասարկման կետում փորձեիք սարքել Ձեր մեքենան․․․»։ ՔՊ-ական համայնքապետի այս երկար պատմությունն այն մասին է, որ իբր ինքը իր մեքենան տարել է տեխսպասարկման կետ, որի մոտ այդ միջադեպն է եղել ու կրակել են իր ոտքին` լրիվ պատահաբար։
Իրավապահ մարմիններից «Հրապարակ»-ի աղբյուրներն ասում են, որ Գյուլնազարյանն այս պատմության մեջ է հայտնվել, քանի որ իր ընկերոջ հետ գնացել է մեքենայի վրայից գողացած մասը «վազվռատ» անելու։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 15/6 հասցեում հնչած կրակոցների ժամանակ կյանքից զրկվել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը, Փարաքարի համայնքապետը նույնպես գտնվել էր դեպքի վայրում։ Ավելին՝ դեպքից հետո Գյուլնազարյանը մեզ հետ զրույցում ասել էր` «լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ»: Այժմ Գյուլազարյանը բոլորովին այլ պատմություն է պատմում։ Ինչո՞ւ է իր անձի շուրջ այսքան մեծ աղմուկ՝ քրեական պատմություններով լի։ Գյուլնազարյանը մեր հարցից զայրանում է․ «Ի՞նչ կապ ունի իմ ներկայությունը կամ իմ շուրջ պտտվելը, եթե Մերձավանում սպանություն ա եղել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Թիֆլիս էլ պոեզա շուռ եկել, էլի իմ հետ կապ ունի՞։ Շատ վատ է, որ սպանություն է եղել, բայց միայն մեր համայնքում չեն լինում, մարդկության մեջ միշտ էլ եղել ա, չի կարելի դա կապել մեզ հետ»,-նշեց Գյուլնազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում