Քաղաքականություն

Ընդդիմությունը պետք է կարողանա չնույնացնել պետությունն ու իշխանությունը

Ընդդիմությունը պետք է կարողանա չնույնացնել պետությունն ու իշխանությունը

Գալիք նախընտրական գործընթացներում ընդդիմության կողմից ամենաշատ քննադատվողը, թերեւս, պետությունն ու պետական համակարգն են լինելու: Սակայն, հեռու լինելով պետության եւ պետական համակարգի դատապաշտպանը լինելու մտքից, միեւնույն ժամանակ կուզեինք հավաքական ընդդիմության ուշադրությունը սեւեռել մի կարեւոր հանգամանքի վրա: Այդ հանգամանքը պետության եւ պետական համակարգի էության բաղկացուցիչն է, եւ շատ հարցերում հենց ինքն էլ պայմանավորում է պետության եւ պետական համակարգի իրավիճակային գործելակերպն ու գործողությունները:

Այդ հանգամանքը տարբեր իրավիճակներում պետության կողմից ընտրություն կատարելու մեթոդաբանությանն է վերաբերում: Հարցն այն է, որ պետության կամ պետական համակարգի ընտրությունը ոչ թե կողմերի, այլ՝ ուժերի միջեւ է լինում: Պետությունն ու պետական համակարգը երբեք ու ոչ մի պարագայում հակամարտող կողմերից մեկին չէ, որ ընտրում են: Նրանց ընտրությունը միշտ էլ հակամարտող ուժերից մեկին ընտրելու եւ մյուսին չընտրելու գործընթաց է լինում:

Այս իմաստով, Հայաստանի հավաքական ընդդիմության խնդիրը, թերեւս, ոչ այնքան այս անարդյունավետ ու պատահական իշխանության սխալականությունն ապացուցելն ու դրանով ընտրությունների կողմ դառնալն է, որքան, սեփական օրակարգն առաջ տանելով, այս ձախողված ու պատահական իշխանություններին ձեռնոց նետող ուժի վերածվելը:

Այս երկրի հավաքական ընդդիմությունը, իվերջո, պետք է կարողանա չնույնացնել պետությունն ու իշխանությունը: Նա պետք է հավատա 35-ամյա մեր պետությանն ու նրա կայացվածությանը: Պետք է հավատա, որ այս պետությունն ամենեւին էլ այն պետությունը չէ, ինչպես որ նրան ներկայացնում է Փաշինյան Նիկոլը: 

Պետք է հավատա, որ երբ գա պահը, եւ ինքը, ընտրության կողմ լինելուց բացի, նաեւ պետությանն ընտրություն կատարելու հնարավորություն տվող ուժ դարձած լինի, այն ժամանակ այս պետությունն իր «կայացած պետություն» լինելն անպայման կապացուցի: Կապացուցի, որովհետեւ, եթե նա մինչ այսօր դա չի ապացուցել, ապա չի ապացուցել ոչ թե այն պատճառով, որ կայացած չի եղել, այլ՝ որովհետեւ ընտրություն կատարելու հնարավորություն չի ունեցել, որովհետեւ այդ հնարավորությունից զրկված է եղել: 

Իսկ որպեսզի գա պետության «ընտրելու պահը», այս երկրի հավաքական ընդդիմությանը պետք է, որ ինքն իրեն հանի պետությանը «Նիկոլի ստրուկ լինելու մեջ» մեղադրողի դերից եւ պետությանն ընտրելու հնարավորություն տվող ուժի վերածվի: Պետք է հասկանա, որ այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իրեն կտեսնի պետությանը «Նիկոլի ստրուկը լինելու մեջ» մեղադրողի դերում, ճիշտ այդքան ժամանակ էլ այս պետությունը Նիկոլի կողքին կլինի: Իսկ այդքան ժամանակ նրա կողքին կլինի, որովհետեւ հենց այդքան ժամանակ էլ նա Նիկոլի եւ ինչ-որ ուժի միջեւ ընտրելու հնարավորությունից զրկված կլինի: Այդպես կլինի, որովհետեւ պետության ընտրությունը միշտ էլ ոչ թե կողմերի, այլ ուժերի միջեւ ընտրություն է եղել, ու այդպես է լինելու: Պետությունն ուրիշ ձեւի ընտրություն չի անի: Չի անի, որովհետեւ ուրիշ ձեւ նա ընտրել չգիտի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image