Հասարակություն

Թալինում քաղաքապետի ԺՊ Տավրոս Սափեյանին դեմ են, ժողովուրդը փակել է քաղաքապետարանի մուտքը

Թալինում քաղաքապետի ԺՊ Տավրոս Սափեյանին դեմ են, ժողովուրդը փակել է քաղաքապետարանի մուտքը

Թալինի նախկին քաղաքապետ հանրապետական Սարգիս Արամյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Թալինում քաղաքապետի պաշտոնի շուրջ կրքերը թեժանում են։ Երեկ թալինցիները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց` փորձելով թույլ չտալ, որ շենք մտնի կառավարության նշանակած քաղաքապետի ԺՊ-ն՝ Տավրոս Սափեյանը, որը Թալինում որոշակի  ազդեցություն ունեցող Մկրտիչ և Ժորա Սափեյանների եղբորորդին է։ Հավաքից կառավարության ներկայացուցիչները զգուշացել էին և, ինչպես ձևակերպեց համայնքի բնակիչներից մեկը, Սափեյանին երեկ չէին «բերել»։ Բայց այսօր սպասվում է, որ «կբերեն»։ Ուստիև՝ թալինցիները կրկին պաշարել են քաղաքապետարանի շենքը։

«Հրապարակը» զրուցեց Թալինի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ՝ հարցնելով, թե որն է թալինցիների դժգոհության պատճառը։ Պարզվեց՝ դժգոհության հիմնական պատճառն այն է, որ Տավրոս Սափեյանը ոչ թե թալինցի է, այլ Աշնակ գյուղի բնակիչ։ «Ասում են՝ մեր համայնքից պետք է լինի, քաղաքային համայնք է, սկի մեր գյուղի բնակիչ չէ, և Թալինն էլ խոշորացված համայնք չէ, որ ասես․․․․»։ Մնացական Մնացականյանը հարցին, իսկ կա՞ ինչ-որ կոնկրետ թեկնածու, որին ուզում են թալինցիները, ասաց․ «Չեմ իմանում, էնտեղ տարբեր մարդիկ կան։ Թեկուզ իրանց մոտից լինի, ի՞նչ ա անունը՝ «Իմ քայլից»․․․ դրանից առաջ էլ մի 2-3 հոգու փորձել էին, ինչ-որ չեն համաձայնվել»։

Պարզվում է՝ Տավրոս Սափեյանին դեմ են նաև ԻՔ-ի ներսում որոշները, այդ թվում՝ մարզպետը։ Բայց քանի որ համայնքը քաղաքային է, ապա համայնքի ղեկավարի նշանակողը ոչ թե մարզպետն է, այլ կառավարությունը՝ ՏԿԵՆ-ն։ «Հենց նույն իմքայլականները դեմ են, որ Սափեյանին բերեն նշանակեն։ Հիմա չգիտեմ՝ Սափեյանները կեսն իմքայլական են, կեսը արամսարգսյանական են, կեսը հնչակ են, ամեն ինչից կան, էլի»,-ասաց Մնացական Մնացականյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image