ԱՄՆ բանագնացն ուրբաթ օրը վայրէջք է կատարել Թել Ավիվում Իսրայելի և պաղեստինցիների միջև ծայրահեղ աստիճանի հասած հակամարտությունը թուլացնելու նպատակով:
«Իսրայելի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հադի Ամրը բանակցություններ կանցկացնի իսրայելցի, պաղեստինցի և ՄԱԿ պաշտոնյաների հետ, քանի որ երկու կողմերը հայտնվել են բռնության վատագույն բռնկման մեջ 2014 թվականից ի վեր», - գրել է «Եվրանյուզը»։
Շաբաթ օրն ավելի վաղ Գազա քաղաքում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է առնվազն 10 պաղեստինցի, հիմնականում՝ երեխաներ:
Մինչև այժմ Գազայում առնվազն 126 մարդ է սպանվել, ներառյալ՝ 31 երեխա և 20 կին: Իսրայելում «Համաս» խմբավորման արձակած հրթիռների հետևանքով 7 մարդ է սպանվել, ներառյալ՝ 6 տարեկան տղա ու զինվոր:
