Այս օրերին Եկեղեցի-պետություն հարաբերությունների շուրջ ծավալվող քննարկումներում հաճախ օգտագործվում են ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու» կամ «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի»։ Առաջին հայացքից դրանք հնչեղ են և արագ ընկալելի, սակայն իրականում դրանք ոչ միայն չեն օգնում թեմայի բացմանը, այլև վտանգավոր սխալ են։
Խնդրի էությունը անձերի մեջ չէ։ Երբ թեման ներկայացվում է որպես մեկ քաղաքական գործչի հակամարտություն Եկեղեցու կամ Կաթողիկոսի հետ, հարցը նեղացվում է, անձնավորվում և տեղափոխվում է հույզերի, հավատքի շահարկման ու քաղաքական համակրանքների դաշտ։ Այդ դաշտում իշխանությունը միշտ ավելի ազատ է շարժվում, որովհետև այնտեղ փաստերը հեշտ են մղվում երկրորդ պլան։
Մինչդեռ իրական խնդիրը բոլորովին այլ տեղում է․ խոսքը պետություն–եկեղեցի սահմանների խախտման մասին է։
Երբ պետության իրավական և ուժային գործիքակազմը սկսում է կիրառվել Եկեղեցու ներքին, ինքնակարգավորվող գործընթացների նկատմամբ, մենք գործ ունենք ոչ թե անձնական հակասության, այլ ինստիտուցիոնալ միջամտության հետ։ Սա արդեն այն հարցն է, որը չի վերաբերում որևէ կոնկրետ վարչապետի կամ հոգևորականի, այլ վերաբերում է պետության կառուցվածքային վարքագծին։
Այս տարբերակումը վճռորոշ է։
Եթե լրագրողը, հանրային խոսք ունեցողը կամ մեկնաբանը ընկնում է անձնական վիրավորանքների, «սրբապղծության», «հավատի դեմ պատերազմի» բառապաշարի մեջ, նա ակամա օգնում է իշխանությանը լողալ պղտոր ջրում։ Այդ ջրում հեշտ է խուսափել բուն հարցից, ներկայացնել ամեն ինչ որպես քաղաքական հիստերիա կամ հավատացյալների զգացմունքների շահարկում։
Իսկ երբ թեման պահվում է սառը, իրավական, ինստիտուցիոնալ հարթությունում, իշխանությունը մնում է բաց դաշտում։ Այստեղ այլևս հնարավոր չէ ասել՝ «սա անձնական է», «սա քաղաքական է», «սա հույզերի հարց է»։ Այստեղ հարցը մեկն է՝ խախտվե՞լ են արդյոք պետություն - եկեղեցի սահմանները։
Խաղի ամենակարևոր նրբությունն այստեղ է։
Փաշինյանի համար վտանգավորը ոչ թե հավատացյալների զայրույթն է։ Զայրույթը ժամանակավոր է, կառավարելի և հաճախ նույնիսկ օգտագործելի։ Իրական վտանգն այն է, որ նա ստիպված է լինելու շարունակաբար արդարանալ մի ոլորտում, որտեղ արդարացումը ուժ չէ։ Եկեղեցու թեմայում ուժը սահմանների պահպանումն է, չմիջամտելը, լռությունը։ Ով սկսում է բացատրել, նա արդեն պաշտպանվող դիրքում է։
Պետությունն այս թեմայում որքան խորանա, այնքան քայքայիչ է լինելու հենց իր համար։ Եկեղեցին այն եզակի դաշտն է, որտեղ երկար խաղը քայքայում է խաղը սկսողին։ Եկեղեցին չի լուծարվում, չի վերանում ընտրություններից հետո, չի փակվում մեկ որոշմամբ։ Ամեն նոր միջամտություն ստեղծում է նախադեպ, իսկ նախադեպերը ժամանակի ընթացքում դառնում են մեղադրանք։
Հետևաբար, լրատվական և հանրային դաշտի կարևորագույն պատասխանատվությունն այսօր թեմայի ճիշտ շրջանակումն է։ Ոչ թե «ով ում դեմ է», այլ՝ ինչ սահման է խախտվում։ Ոչ անձերի պատերազմ, այլ ինստիտուցիոնալ խնդիր։
Միայն այսպես հնարավոր է պահել թեման լուսավոր դաշտում և թույլ չտալ, որ այն վերածվի աղմուկի, որտեղ ճշմարտությունը խեղդվում է, իսկ պատասխանատվությունը՝ ցրվում։