Քաղաքականություն

«Հրապարակ». Եռամյա սողացող պատերազմ՝ նոյեմբերի 9-ից հետո

«Հրապարակ». Եռամյա սողացող պատերազմ՝ նոյեմբերի 9-ից հետո

2020թ․ այս օրը 44-օրյա արյունալի պատերազմի ավարտն ազդարարող կապիտուլյացիոն հայտարարությունը կնքվեց` Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Հրադադարի մասին հայտարարությունից 3 տարի անց Ադրբեջանը թիզ առ թիզ գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքներն ու Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ։ Ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանն ի վիճակի չեղան, ավելի ճիշտ՝ չցանկացան ուղիղ առճակատման գնալ Ադրբեջանի հետ՝ վերջինիս թույլ տալով, որ հասնի Արցախի եւ Հայաստանի որոշ սուվերեն տարածքների օկուպացմանը։ Չնայած նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մասին հայտարարության 1-ին կետով Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում էին դադարեցնել ռազմական գործողությունները եւ կանգ առնել այդ պահին զբաղեցրած դիրքերում, սակայն Ադրբեջանն անցած 3 տարում շուրջ 200 կիլոմետր առաջ է եկել։ 

Հետահայաց հիշենք դեպքերի ընթացքը. նոյեմբերի 9-ի հայտարարությունից մոտ մեկ ամիս անց Գորիս-Կապան միջպետական ճանապարհին հայտնվեց «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Թշնամին Սյունիք մտավ` Նիկոլ Փաշինյանի բանավոր «հրամանով»։ 2021թ․ հոկտեմբերի 27-ին, երբ ընդդիմադիր պատգամավորները մեղադրանքներ էին հնչեցնում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հասցեին եւ Սյունիքում ադրբեջանցիների հայտնվելու վերաբերյալ բացատրություններ էին պահանջում, Փաշինյանը խոստովանեց․ «Ես եմ զորքերի հետքաշման հրաման տվել, Վաղարշակ Հարությունյանն էլ իրականացրել է»։ «Որոշումը կայացվել է... պատերազմից խուսափելու համար, որովհետեւ իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, եւ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,- 2021թ․ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հունվարին իրականացված քայլերը բացատրեց Փաշինյանը։

Այդ հրամանը ճակատագրական դարձավ Գորիսի, Կապանի եւ Սյունիքի բնակիչների համար։ Ադրբեջանական զորքը երկու տարբեր հատվածներում փակեց միջպետական մայրուղին։ «Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս մեջքի ետեւում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների վերահսկողությանը»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը։

Փաստացի այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 21 կիլոմետրանոց հատվածի մասին Հայաստանի իշխանությունները դիվանագիտական ոչ մի հարթակում այլեւս չեն խոսում։ Ավելին՝ այն Գուգլի քարտեզներով համարում են Ադրբեջանի տարածք։ 

Փաշինյանը չպայքարեց նաեւ Սեւ լճի համար՝ հայտարարելով․ «Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու»։ Շուրջ 3 տարի պատերազմի ահուսարսափի մեջ պահելով հայ ժողովրդին՝ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կորցրեց Արցախն ամբողջությամբ, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ստրատեգիական նշանակության մի շարք հատվածներ։ «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ Ջերմուկ քաղաքի անմիջական հարեւանությամբ` ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության եւ ամրացման աշխատանքներ է իրականացնում, որոնք սկսվել են 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո։ Տարածքային կորուստներին զուգահեռ, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով միայն մեկ օրում զոհվեց շուրջ 225 հայ զինծառայող։ 

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ ե՛ւ տարածքային կորուստների, ե՛ւ զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը սուտ են, «իշխանությունների հակասական տեղեկությունները կասկածի տեղիք են տալիս»։ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տարբեր մասշտաբի գործողություններ է վարել Արցախի եւ Հայաստանի ուղղությամբ։ Ամենալայնամասշտաբ ագրեսիան տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերին, մինչ այդ 2 տեղային հարձակումներ եղան մայիսին եւ նոյեմբերին՝ մի քանի մարզերի ուղղությամբ։ Ունեցել ենք ոչ միայն զոհեր, այլեւ գերեվարված զինծառայողներ։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի վրա առաջին մեծ էսկալացիան եղավ 2021թ․ մարտի վերջ, ապրիլի սկիզբ՝ Փառուխի ուղղությամբ։ Հայկական կողմը կրեց մարդկային եւ տարածքային կորուստներ։ Ադրբեջանական հաջորդ հարձակումը տեղի ունեցավ 2021թ․ օգոստոսին, երբ քննարկվում էր Բերձորի ճանապարհի հարցը։ Հետագայում Ադրբեջանը հարձակվել է 2022թ․ մարտին, երբ 3 ոստիկաններ զոհվեցին։ Փաստացի մինչեւ 2023թ․ սեպտեմբերը Ադրբեջանը տարբեր մասշտաբի գործողություններ է վարել ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի ուղղությամբ։ Այսօր Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի ձեռքում է, եւ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն»,- ասաց պատգամավորը։ 
Աբրահամյանը շեշտում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բնավ կապ չունի խաղաղության հետ։ «Շատ ավելի դիպուկ կլիներ այդ փաստաթուղթն անվանել Հայաստանի հանձնման եւ զիջողականության մասին փաստաթուղթ։ Հետպատերազմյան տարիների ընթացքում Հայաստանի մեծ թվով տարածքներ, ստրատեգիական բարձունքներ հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ»,- հիշեցրեց նա։ 

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը փաստացի խախտել է նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված բոլոր 9 կետերը, այդ թվում՝ ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների հանձնման մասին: Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է միակողմանի կատարել այդ հայտարարության կետերը։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա իշխանությունը դա ծրագրում է իրականացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, որով կապահովվի «տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ»։ 
Սակայն մի բան պարզ է, որ Ադրբեջանին չբավարարեցին ո՛չ 20 թվականի պատերազմով ունեցած ձեռքբերումները, ո՛չ հետագայում զենքի ուժով եւ միջազգային իրավունքի բոլոր ներմերի խախտմամբ ձեռքբերվածը, ո՛չ էլ անգամ Արցախի հայաթափումն ու Նիկոլ Փաշինյանի առաջարկած` Հայաստանի տարածքով ազատորեն երթեւեկելու առաջարկները: Նա շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել: Մի դեպքում դա «Զանգեզուրի միջանցքն» է, մյուս անգամ` անկլավները, հետո` էկոլոգիական հորինված պահանջները, ապա` ՀԽՍՀ-ում բնակված ադրբեջանցիների վերադարձը եւ այլն: Ադեկվատությունը կորցրած Ալիեւի եւ նրա ավագ եղբոր` Թուրքիայի ախորժակը գնալով մեծանում է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայ հասարակության զիջումներին ու վախերին ուղիղ համեմատական: Եվ պարզ չէ, թե որտեղ են կանգնելու թուրք-ադրբեջանական պահանջները, եւ որ պահին է ՀՀ իշխանությունը հաղթահարելու այս կենդանական վախն ագրեսորից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image