Ազգային ժողովի կայքում տեղադրված է ՀՀ ՄԻՊ 2018 թվականի հաշվետվությունը Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
Հաշվետվության մի ծավալուն մաս նվիրված է հոգեբուժական կազմակերպություններում մարդու իրավունքների վիճակին։
Ըստ ՄԻՊ-ի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք իրենց իրավունքները պաշտպանելու տեսանկյունից գտնվում են խոցելի վիճակում: Այս սոցիալական խմբի խնդիրներից առանձնացնում ենք պաշտպանի այն մտահոգությունները, որոնք վերաբերում են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմանը։ Օրինակ՝ մեկ անձի նկատմամբ իրականացվել է հարկադիր բուժում, այսինքն՝ բուժում առանց նրա իրազեկված համաձայնության և (կամ) դատարանի համապատասխան ակտի։
Հիշեցնենք, որ քրեական դատավարությունում անձը կարող է իր կողմից կատարված հանցանքի համար ենթարկվել քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ հանցագործության պահին եղել է մեղսունակ, այսինքն՝ ունակ է եղել գիտակցել իր կողմից կատարվող գործողությունների բնույթն ու հանրային վտանգավորությունը և ղեկավարել դրանք:
Անձինք, ովքեր հանցագործության պահին գտնվել են անմեղսունակության վիճակում, չեն կարող հանդիսանալ հանցագործության սուբյեկտ և, հետևաբար, չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: Ուստի, անձի մեղսունակությունը պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան փորձաքննություն:
Եթե պարզվում է, որ անձը հանրության համար վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, դատարանը կարող է վերջինիս նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, որոնց տեսակները, կիրառման հիմքը և կարգը սահմանվում են ՀՀ քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերով: Գործնականում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատական վարույթը կարող է պահանջել տևական ժամանակ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անմեղսունակության վիճակում Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ։
Ըստ պաշտպանի, այնուամենայնիվ, Քրեական դատավարության օրենսգիրքը չի անդրադառնում հոգեբուժական կազմակերպությունում տեղավորելուց հետո մինչև դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելն անձի բուժումն իրականացնելու կամ խնամքը կազմակերպելու հարցին: Այս մասին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում, սակայն դրա կապակցությամբ գործնականում խնդիրները դեռևս շարունակում են չլուծված մնալ:
Այսպես, Սևանի հոգեբուժական հիվանդանոց իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել է, որ այնտեղ պահվող անձի նկատմամբ կիրառված է եղել անվտանգության միջոց՝ անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը: Վերջինիս հիվանդության պատմագրի համաձայն՝ անձը բուժում ստանալու համաձայնություն չի ներկայացրել, իրեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չի համարել և նույնիսկ դիմել է փախուստի, սակայն նույն օրը վերադարձվել է հաստատություն: Անվտանգության միջոցը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշմամբ առհասարակ անդրադարձ չի կատարվել անձի նկատմամբ բուժում իրականացնելու հարցին, այնուամենայնիվ, պացիենտի հիվանդության պատմագրի համաձայն՝ նրան նշանակված է եղել դեղորայքային բուժում «Sol. Sibazoni», «Տրիֆտազին», «Հալոպերիդոլ», «Ցիկլոդոլ» և «Ազալեպտին» դեղամիջոցներով, որոնք վերջինս ստացել է հոգեբուժական կազմակերպությունում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած և հասարակության համար վտանգ ներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է տեղավորվել հոգեբուժական հաստատությունում: Պետք է նկատի ունենալ, որ մեր երկրի օրենսդրության համաձայն՝ այս իրավիճակում հարկադրանքը ձևականորեն վերաբերում է միայն հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելուն, այլ ոչ թե բուժմանը: Հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկումը վկայում է, որ կազմակերպություններում շարունակում է զգալիորեն փոքր մնալ ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով ոչ հոժարակամ բուժման ենթարկվող անձանց թիվը: Խնդիրը դեռևս արձանագրվել է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի արտահերթ զեկույցում:
Այսպես, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում պահվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 423 անձ, որոնցից միայն 11-ի նկատմամբ է կիրառված եղել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ 2-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոց: Մշտադիտարկման այցի պահի դրությամբ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում ոչ հոժարակամ բուժվող անձ չի եղել, և ստացվում է, որ հոգեբուժական կազմակերպությունում պահվող 423 անձանցից 410-ը պահվել են իրենց համաձայնությամբ կամ անգործունակ ճանաչված անձանց դեպքում՝ իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:
Նման իրավիճակ է արձանագրվել նաև Արմաշի առողջության կենտրոնում, որտեղ այցի պահին չեն եղել ոչ հոժարակամ բուժում ստացող անձինք, սակայն առանձնազրույցների ընթացքում պացիենտներից ոմանք ցանկություն են հայտնել դադարեցնել ստացիոնար բուժումը և դուրս գրվել կենտրոնից: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, Արմաշի առողջության կենտրոնում ուսումնասիրված հիվանդության պատմագրերում արձանագրվել են բուժում ստանալու համաձայնության ձևաթղթեր, որոնցում բացակայել են համաձայնություն տված անձի անուն-ազգանունը և համաձայնության ամսաթիվը, կամ ստորագրության համար նախատեսված հատվածներում ստորագրության փոխարեն կատարված է եղել ալիքաձև կամ գումարման նշան:
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ անձի ստացիոնար հոգեբուժական բուժման համաձայնությունը կրում է ձևական բնույթ, և, փաստացի, անձինք հոգեբուժական կազմակերպություն ընդունվելիս ստացիոնար բուժման համար իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում, ինչն անթույլատրելի է: Սա վկայում է նաև այն մասին, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ: Այս կապակցությամբ Հայաստանի վերաբերյալ 2016 թվականի զեկույցում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (այսուհետ՝ ԽԿԿ) շեշտել է, որ հոգեբուժական կազմակերպություններում հոժարակամ բուժում ստացող անձանց պետք է տրամադրվեն ամբողջական, հստակ և ճշգրիտ տեղեկություններ, այդ թվում՝ հոսպիտալացման վերաբերյալ համաձայնություն տալու կամ չտալու իրենց իրավունքի և հետագայում իրենց համաձայնությունից հրաժարվելու, ինչպես նաև հաստատությունը ցանկության պահին լքելու վերաբերյալ:
Մեկ այլ դեպքում արձանագրվել է, որ պացիենտն իրեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ չի համարում և պահանջում է իրեն դուրս գրել հոգեբուժական կազմակերպությունից: Հիվանդության պատմության նկարագրի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ վերջինս 18 օրվա ընթացքում նշանակվել են «Հալոպրիլ», «Ամինազին», «Ցիկլոդոլ», «Ռիսպակսոլ», «Տրիֆտազին», «Ֆենադիազեպամ» դեղամիջոցները, որոնք անձը ստացել է: Ըստ ՄԻՊ-ի՝ անձը հոգեբուժական կազմակերպություն ընդունվելիս բուժման համաձայնություն չի տվել և շարունակաբար հրաժարվել է ստացիոնար բուժում ստանալուց, սակայն նրան շարունակել են հարկադրաբար պահել հաստատությունում և հոգեմետ դեղամիջոցներով բուժման ենթարկել՝ առանց ոչ հոժարակամ բուժման համար ընթացակարգ նախաձեռնելու: Մեկ այլ դեպքում ընտանիքում բռնության ենթարկված և ինքնասպանություն գործելու ցանկություն հայտնած անձը, ով այդ մտքից հրաժարվելուց հետո աջակցության համար դիմել է ոստիկանություն, տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:
Կենտրոնում անձը շարունակաբար պահանջել է իրեն դուրս գրել և ազատ արձակել, ինչի վերաբերյալ առկա են եղել նաև գրառումներ վերջինիս հիվանդության պատմության նկարագրում: Վերջինիս մոտ ախտորոշվել է «իրավիճակով պայմանավորված հակազդում հիստերիկ տիպի, և իր կամքին հակառակ պահվել է հաստատությունում: Ընդ որում՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վարչակազմը չափահաս և գործունակ անձին դուրս գրելու համար պահանջել է, որպեսզի նրա ծնողը դիմի հաստատություն: Անձը լքել է հաստատությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո: Նշված դեպքով Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անձը հոգեբուժական կազմակերպությունում պահվել է ապօրինի:
ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 29-ի թիվ 2210-Լ հրամանի հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների և հանդարտեցման դեղորայքային մեթոդների կիրառման մասին որոշում ընդունում է հերթապահ բժիշկը:
Ինչ վերաբերում է միջին և կրտսեր բուժանձնակազմին, ապա արձանագրվել են դեպքեր, երբ բաժանմունքում, որտեղ բուժում է ստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 62 կամ 49 անձ, հերթափոխային հերթապահություն են իրականացնում 1 բուժքույր և 2 սանիտար (օրինակ՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի 1-ին և 2-րդ բաժանմունք), 1 բուժքույր և 1 սանիտար՝ 49, 47 և 55 մահճակալներով բաժանմունքներում (Սևանի հոգեկան առողջության կենտրոնի 8-րդ, 7-րդ և 5-րդ բաժանմունք) կամ 1 բուժքույր և 2 սանիտար և 1 մայրապետ (Արմաշի առողջության կենտրոնում): Ակնհայտ է, որ ոչ միայն տարբեր է բուժանձնակազմի և պացիենտների հարաբերակցությունը, այլև տարբեր հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող նույն քանակի անձանց սպասարկում են տարբեր քանակի բուժանձնակազմեր: Արձանագրվել են դեպքեր, երբ կանանց բաժանմունքներում հերթապահում են տղամարդ հսկիչ-սանիտարներ, ինչը որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Ըստ պաշտպանի՝ անհրաժեշտ է ամբողջական գնահատման ենթարկել հոգեբուժական կազմակերպությունների կարիքները, որի արդյունքները կօգնեն սահմանել պացիենտների և բժշկական կամ սպասարկող անձնակազմի օպտիմալ հարաբերակցություն, ինչպես նաև հստակեցնել յուրաքանչյուրի աշխատանքային ծավալը:
Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են նաև դեղամիջոցների ոչ բավարար քանակի տրամադրման հետ կապված խնդիրներ: Այսպես, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի «Ձորակ» կենտրոնի ատամնաբույժի հավաստմամբ` ատամնաբուժական ծառայության պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ դեղերի և նյութերի զգալի մասը ձեռք է բերում իր միջոցներով, որովհետև ատամնաբուժական ծառայության համար նախատեսված է տարեկան 150.000 ՀՀ դրամ, որը բավարար չէ ամբողջ ծավալով դեղորայք և անհրաժեշտ պլոմբանյութեր ձեռք բերելու համար: Սևանի հոգեկան առողջության կենտրոնում մշտադիտարկման այցի ընթացքում ստացած տեղեկությունների համաձայն՝ հոգեբուժական կազմակերպությունը հոգեմետ դեղորայքը ստանում է եռամսյակը մեկ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, որոնց տեսականին որոշվում է վերջինիս կողմից: Այցի պահին դեղատանը սպառված են եղել «Ֆլյուֆենազին», «Մոդիտեն դեպո» դեղամիջոցները:
Պարզվել է, որ առկա է «Սիբազոն» դեղատեսակի կարիք, որն առողջապահության նախարարությունը չի տրամադրել, և հոգեբուժական կազմակերպությունն այն ձեռք է բերել ինքնուրույն: 2 հոգեբուժական կազմակերպություններում, մասնավորապես՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, առաջին օգնության դեղերը գլխավորապես հոգեբուժական ուղղվածության են, իսկ թերապևտիկ խնդիրների համար նախատեսված անհետաձգելի մի շարք դեղեր բացակայել են (օրինակ՝ ադրենալին, ներերակային ինֆուզիաների կամ սրտանոթային վերակենդանացման համար նախատեսված դեղեր և պարագաներ): Հետևաբար, ըստ պաշտպանի,
հոգեբուժական կազմակերպություններին դեղորայքով ապահովման քաղաքականությունն ունի վերանայման կարիք: