Հասարակություն

Վալենտին Կատաև. Սպիտակին է տալիս առագաստը մենավոր

Վալենտին Կատաև. Սպիտակին է տալիս առագաստը մենավոր

Ոչ մի կանգառ, հետհայաց հապաղում, ոչ մի վերհուշ, միայն առաջ՝ գլուխ առ գլուխ՝ մանկության լեզվով, մանկության դյութանքը վերապրեցնող դրվագներով, պատմողի մեղմանուշ տոնայնությամբ․ ահա, նաեւ այսպես կարելի է բնորոշել ռուսական արձակի, այսպես ասած, հարավային թեւի հեղինակներից մեկի՝ Վալենտին Կատաեւի (1897-1986) «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» վեպը: 

Տասնյակ լեզուներով թարգմանված այս վեպը լույս է տեսել 1936 թվականին, հայերեն թարգմանությունը՝ 1948 թվականին, ռուսերենից թարգմանել է դրամատուրգ, ջութակահար Արշավիր Ղարագյուլյանը, խմբագրել՝ Ռուբեն Զարյանը:

Ռուս գրականության «հարավի դպրոցի» սաներն էին՝ Օլեշան, Բաբելը, Բագրիցկին, Կատաեւը, Իլֆը եւ Պետրովը, եւ բոլորն էլ՝ Օդեսա քաղաքից. քաղաք-մշակույթ, մի քաղաք, որի հռչակը ցայսօր էլ ապրում է: Օդեսայի ծովից ու արեւից, բանդիտական երգերից ու փողոցային պարերից, բազմաշերտ մշակույթներից ու սովորույթներից եւ, անշուշտ, պատմական խոշոր իրադարձություններից սերված այս հեղինակների գրականությունը, կարելի է ասել, ինքնուրույն, անկումներով ու վերելքներով հարուստ առանձին մի էջ է՝ աներկբա 20-րդ դարի ամբողջ համաշխարհային գրականության համատեքստում: 

Կատաեւի վեպի առանցքն Օդեսայի ափերի մոտ «Պոտյոմկին» խռովարար-զրահանավի հայտնությունն է եւ շատ չանցած՝ զրահանավի հետապնդվող նավաստու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնց մաս են դառնում նաեւ քաղաքում ապրող երեխաները: Եվ «Պոտյոմկինի» թնդանոթազարկերն ավետում են վեպի հերոսների՝ Պետյայի եւ Գավրիկի մանկության ավարտը, ապա մեծ հեղափոխության ու աղետալի դարի բուռն օրամուտը։
Կատաեւն իր վեպի հատակագիծը պարզորոշ է ուրվագծում, իրադարձությունները զարգանում են անխախտ հերթականությամբ, գնում դեպի դասական հանգուցալուծում: Վեպում նուրբ թելերով կապակցված զարգացումները պատկերում են նախահեղափոխական Օդեսայի կյանքն ու կենսամիջավայրը՝ սոցիալական անարդարությունը, կողք կողքի կենող հարստությունն ու չքավորությունը, հրեաների հետապնդումը, ցարական ահագնացող ռեպրեսիաները:

Եթե մանկություն է, ուրեմն կորուսյալ է: Մանկության կորուստը կեցության գուցե ամենաանարդար ուժի պահանջն է: Կատաեւի հերոսները, իհարկե, չեն գիտակցում բնության այդ անշրջելի պահանջի՝ գնալով թափ հավաքող շարժման դրամատիզմը: 
Նրանք զբաղված են, գլխովին արկածների մեջ են՝ համաշխարհային պատմությունը, հեղափոխությունների միջեւներում կոճակներով ղումար խաղալը, ծովում մեդուզայի հետ լողալը, տաք ավազներին փռվելը, Օդեսայի փողոցներով թրեւ գալը․ սրանք ի՞նչ են, եթե ոչ արբեցնող, երեխաների հուզաշխարհը բորբոքող արկածներ, որոնք, ըստ էության, իրենց չափուկշռույթով մանկան հոգու համար համազոր են:  

Շուտով ցարական ոստիկանության կողմից հետապնդվող ապստամբական նավաստուն օթեւանելու համար բանտարկվում ու տանջանքների է ենթարկվում Գավրիկի պապը: Ազատումից օրեր անց, աչքերը փակելուց առաջ, պապը ծով դուրս գալ է երազում՝ անպայման սպիտակ առագաստներ պարզած նավակով: Նրանք իրականացնում են պապի երազանքը: Սպիտակ առագաստներով նավակը դուրս է գալիս ծով՝ իր հետ տանելով դեռեւս անեփ, թույլ ու վիրավոր հեղափոխությանը:

Երեխաները ծովահայաց բարձունքից ճանապարհում են իրենց մանկությունը, որն անպայման վերադառնալու է, սակայն անճանաչելիորեն կերպարանափոխված:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image