Այնպես է ստացվել, որ լրագրողները կենտրոնացել են քաղաքական դեմքերի, պետական պաշտոնյաների ու հանրային գործիչների վրա եւ չեն նկատում հասարակ մարդկանց՝ նրանց, ովքեր արդյունք են ստեղծում, ծառայություններ մատուցում, համեստորեն իրենց գործն են անում եւ ավելի լավ են անում, քան քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները։
Մենք որոշել ենք ձեզ ներկայացնել նաեւ այդ մարդկանց, որոնք սովորական կյանքով են ապրում, ունեն իրենց հոգսերն ու մտահոգությունները, որոնք հաճախ հասանելի չեն հանրությանը, որովհետեւ նրանք լրագրողների հերոսները չեն, հարցազրույցներ չեն տալիս, լայվեր չեն անում, եթերից եթեր չեն վազում։
Այսօրվա մեր հերոսը 68 տարեկան Սուրեն պապն է։ Նա կոշկակար է՝ արդեն ավելի քան 23 տարի իր «ընկերներն ու զրուցակիցները» քաղաքացիների հնամաշ կոշիկներն են, որոնք նա նորոգում է, դարձնում օգտագործման պիտանի, եւ մարդիկ շնորհակալ են դրա համար, որովհետեւ ամեն մեկը չէ, որ կարող է կոշիկը մաշվելուց դեն նետել ու նորը գնել։ Նա ասում է, որ ինքը «զագատովշչիկ» է՝ կոշիկի հումք պատրաստող։ Աշխատանքի է գալիս առավոտյան ժամը 9:30-ին եւ աշխատում մինչեւ 17:00-ն։ Սուրեն պապի կրպակը գտնվում է Սարյան փողոցում, բայց ինքն ապրում է Շինարարների փողոցում։ Պատմում է․ «Այս գործով եղբայրս էր զբաղվում, ես էլ եկա-գնացի, նայեցի ու ես էլ սկսեցի զբաղվել սրանով։ Ռուսաստանում էի աշխատում, հետո հիվանդացա, մի որոշ ժամանակ չաշխատեցի, եկա Հայաստան 2003 թվականին ու մնացի․․․»։
Ի՞նչ փոփոխություններ կան իր աշխատանքի մեջ՝ հետաքրքրվում ենք մեր զրուցակցից։ «Վերջին տարիների համեմատ, գործը մի քիչ կանգնած է։ Մի ժամանակ, օրինակ՝ մի 5 տարի առաջ, շատ ավելի լավ էր»,- ասում է նա։ Այս կրպակն ինքն է զրոյից ստեղծել, մի անգամ նույնիսկ փորձել են կրպակը քանդել, ասում է՝ Չոռնիի ժամանակ էր, բայց բախտը բերել է՝ քաղաքապետին գործից հանել են ու իր մասին մոռացել, եւ մինչ օրս շարունակում է աշխատել։ Շուտով Սուրեն պապը կդառնա 69 տարեկան, իր կյանքի ընթացքում միշտ աշխատել է՝ առանց ջանք խնայելու, պարտաճանաչ ու նվիրված։ Նրա համոզմամբ՝ կոշկակարի մասնագիտությունը հենց իր սերնդի մարդկանց գործն է՝ նոր սերնդի մեջ իրենց գործը շարունակողներ չկան։ Իսկ ովքե՞ր են իր հաճախորդները։ «Մարդիկ կան, որ սկզբից մինչեւ հիմա էլ գալիս են մոտս։ Արդեն 18-20 տարի է՝ գալիս են։ Դե, 2003 թվականից այստեղ եմ»։ Երբեւէ մտածե՞լ է կրպակը տեղափոխելու կամ ավելի մեծ տարածք վարձակալելու՝ կրպակը մեծացնելու մասին։ Սուրեն պապը ժպտում է՝ այս տարիքում արդեն դժվար է նման բաների մասին մտածելը։ Ասում է՝ այստեղ խաղաղ, հանգիստ է, իրեն բավարարում է ունեցածը, ավելիին չի ձգտում։ «Շատ են գալիս, նստում ենք, զրուցում ենք։ Մի օր մեկը եկավ, ասեց․ գարեջուր բերե՞մ՝ խմենք։ Ասեցի՝ ես աշխատում եմ, չեմ եկել նստեմ, քեզ հետ խմեմ»,- ժպիտով պատմում է կոշկակարը։ Զրուցեցինք նաեւ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հետաքրքրվեցինք՝ հետեւո՞ւմ է արդյոք քաղաքական իրադարձություններին, հետաքրքրվա՞ծ է։ Ասաց․ «Հետեւում եմ, բայց աշխատում եմ շատ չխորանալ։ Ես միշտ լավատես եմ․․․»։ Հետո երեւի մտածեց, թե երկրի իշխանությունների, ընտրությունների մասին իր կարծիքն ենք ուզում իմանալ, ասաց․ «Մեր երկրին նոր դեմք է պետք․ հները գնան, նորը գա՝ սրանք էլ կգնան»։
Շուշան Սարիկյան