Մի քանի օր է՝ մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր քաղաքական ուժեր ջանում են իրենց աջակցությունը հայտնել գործող իշխանություններին՝ պատերազմական այս ծանր իրավիճակում հայրենիքին որեւէ կերպ օգնելու հարցում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն առայժմ մերժում են՝ սկզբում 13, ապա՝ 14, հիմա էլ 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկը։ Իսկ նրանք առաջարկում են ձեւավորել օպերատիվ կառավարման շտաբ, դրանում ներգրավել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին, նախկին վարչապետերին, պաշտպանության նախարարներին եւ այլ կարող ուժերի ու շտաբն օժտել որոշումներ կայացնելու լիազորությամբ՝ այդպիսով թեթեւացնելով ռազմաքաղաքական ղեկավարության բեռն այս բարդ իրավիճակում։ Բայց Փաշինյանը, կարծես թե, հակված է ամեն ինչ միանձնյա որոշել՝ թույլ չտալով իր ներսի «հակառակորդ» ուժերին քայլ անգամ մոտենալ մեր ընդհանուր թշնամու դեմ պայքարին միտված աշխատանքներին։
Երկու օր առաջ այդ կուսակցությունները նորից էին հավաքվել իրար գլխի, տեղեկություն կար, որ ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո նրանք վերջապես հանդես կգան արմատական հայտարարությամբ՝ ավելի առարկայական արտահայտելով իրենց մտահոգությունները, գուցե նաեւ հստակ քայլերի կդիմեն, քանզի դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումներից դժգոհ ու այլայլված էին դուրս եկել։ Բայց, ավաղ, ընդդիմադիր ուժերը նորից բավարարվեցին հերթապահ մի հայտարարությամբ, որ քննարկել են ստեղծված ծանր իրավիճակը։ Ասում են՝ իրենց մեջ էլ որոշակի անհամաձայնություններ կան, չեն կարողանում այսքան շատ կուսակցություններով ընդհանուր համաձայնության գալ կոնկրետ անելիքների, մասնավորապես՝ հայտարարության տեքստի շուրջ, դրա համար է նաեւ, որ այդպես առկախվում է ամեն ինչ եւ մնում օդից կախված։ Հիշեցնենք, որ վերջին հանդիպմանը կուսակցությունները քննարկում էին Փաշինյանին ուղղված կոչով հանդես գալու հարցը՝ առաջարկելով նրան հանրությանը ներկայացնել իրադրությունը, այսինքն՝ այն, ինչ ներկայացրել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, հակառակ դեպքում իրենք ստիպված կլինեն խախտել հանդիպման մանրամասները չհրապարակելու պայմանավորվածությունը եւ ներկայացնել իրականությունը։ Սակայն քննարկման արդյունքում, այսպես ասած, փոշմանել էին եւ ոչ մի կոչ էլ չտարածեցին։ Որոշ կուսակցություններ, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանը, դեմ են եղել նման կոչ անելուն։
«Համաձայնության չգալու հարց չկա, այսինքն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նաեւ այն տեղեկությունները, որ ունենք եւ տիրապետում ենք, դրա շուրջ քննարկում ենք արել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ուղղությամբ»,- իրենց վերջին հանդիպում-քննարկման վերաբերյալ երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե ինչն էր խանգարում, որ հստակ հայտարարությամբ հանդես չեն գալիս, Սաղաթելյանն ասաց․ «Բայց ո՞վ էր ասում, որ պետք է ամեն քննարկումից հետո հայտարարությամբ հանդես գանք։ Հանդիպումներ ունենում են երկրի պատասխանատու քաղաքական ուժերը, եւ մենք արդեն հայտարարություն արել ենք, ոչ թե մի հատ, այլ՝ երեք հատ, վերջին հայտարարությունն էլ շատ հստակ ձեւակերպում ուներ, որ ստեղծված իրավիճակից ելքը պետական հատուկ օպերատիվ մարմին ստեղծելն է, որտեղ պետք է մեկտեղվեին ներուժ, փորձառություն ունեցող մարդիկ, եւ համապատասխան ելքեր գտնել՝ այս վիճակից դուրս գալու համար»։
Իսկ հնարավո՞ր է՝ ի վերջո մանրամասնեն, թե Փաշինյանի հետ փակ հանդիպումներում ինչ են խոսել, ինչ է բարձրաձայնվել։ Սաղաթելյանն ասաց՝ իրենք պայմանավորվածություն ունեն, որ չեն խոսելու, բայց նաեւ ակնկալում են, որ այդ մասին իշխանությունները կխոսեն։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր «լայվում» որոշակիորեն գաղտնազերծեց, թե ինչ է խոսվել իրենց փակ հանդիպումների ժամանակ, այն է՝ մեզ պարտադրում են, որ Արցախը կապիտուլյացիայի ակտ ստորագրի, ինչին ինքը դեմ է, ուստի այլ ելք չկա, քան մինչեւ վերջ կռվելն ու պայքարելը։
Հանդիպումներին որոշ կուսակցություների ներկայացուցիչներ անձնական պատճառներով չեն մասնակցել։ Օրինակ՝ Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ով, պարզվեց, քովիդով վարակված եւ մեկուսացած է տանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ հիմա տանն է՝ վիրուսի պատճառով, բայց տեղյակ է քննարկումներից, հայտարարություններից։ «Իմ առաջարկը եղել է շատ ավելի վաղ, երբ ես ասում էի, որ անհրաժեշտ է ստեղծել պետական խորհուրդ, որը կհավաքագրի բոլոր նրանց, ովքեր իրոք կարող ուժեր են, ովքեր ունեն այդ փորձառությունը եւ այլն, զուտ խորհուրդ տալու եւ օգտակար լինելու առումով։ Ես էստեղ որեւէ այլ բան չեմ տեսնում, եթե իշխանությունը համարում է, որ ինքնաբավ է այդ հարցում, ուրեմն դա ինքն է որոշում։ Սա ընդամենը առաջարկություն է»,- ասաց պարոն Սարգսյանը։
Դիտարկմանը, թե գործող իշխանությունները, փաստորեն, մերժում են իրենց առաջարկը, Արամ Սարգսյանն ասաց․ «Մերժում է՝ թող մերժի, դա արդեն իր խնդիրն է։ Ուրեմն կնշանակի՝ ինքը գտնում է, որ ամեն ինչ կարող է։ Եթե մերժում էր, դժվար թե նորից երկու անգամ այդ հրավերներն աներ, որ ընդդիմադիրների հետ խորհրդակցություններ անցկացներ եւ բավականին պարզ, անկեղծ ասեր, թե ինչ վիճակում ենք։ Երեկ էլ է ասել, չէ՞, որ վիճակը բավականին բարդ է։ Մենք ընդամենը ասում ենք՝ եթե էդպես է, ուրեմն կարող է պատահի, կամ համոզված ենք, որ համակարգելու խնդիր կա բոլորի գործողությունները։ Եվ էստեղ փնտրել ինչ-որ տողատակեր, դա անիմաստ գործողություն է»։
Թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, Սարգսյանն ասաց, որ ինքն այս պահին որեւէ առաջարկ չունի։ «Ես գիտեմ միայն մեկ բան․ ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որ Ռուսաստանն իրականացնի իր առաքելությունը հակաահաբեկչական ակցիա կազմակերպելու ուղղությամբ, եւ երեւի թե Հայաստանը պետք է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնի»,- նկատեց Դեմկուսի նախագահը։
Փորձեցինք զրուցել նաեւ «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, ով եւս մասնակցել է այդ հանդիպումներին, սակայն նա ասաց, որ չի կարող որեւէ ինֆորմացիա տալ՝ նման պայմանավորվածություն կա։