Հասարակություն

Հայհոյանքին հայհոյանքով չպատասխանել և երկխոսել անգամ իշխանության որոշ օղակների հետ. Հրանտ Մարգարյան

Հայհոյանքին հայհոյանքով չպատասխանել և երկխոսել անգամ իշխանության որոշ օղակների հետ. Հրանտ Մարգարյան


«Ամոթ է, Արցախը մեզ հետ չէ, ամոթ է, գրեթե պայքար չկա», - ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը հայտարարել է  
ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանը։

Միջոցառումը կայացել է Թեհրանում, որի ընթացքում որպես հրավիրյալ բանախոս Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանում իրավիճակին ու ՀՅԴ անելիքներին:

«Պարտություն կրողը` ՀՀ այսօրվա իշխանավորները, շատ խորն են պարտվել, պարտվել են մինչեւ իրենց հոգու խորքը։ Պարտությունը իրենց պարտված արժեհամակարգ է հուշում։

Չկա ոչ մի հույս, որ սրանցով մի օր փորձ կանենք շրջել պատմության էջը։ Սրանց մոտ առկա է մի պարզ բացատրություն` թշնամին ուժեղ է և եթե մենք ինչ-որ երազանքներ ունենանք անգամ մեր մտքում, ինչ- որ ծրագրեր ունենանք, թշնամին կարող է գրգռվել ու մեր վերջը տալ։ Նրանք չեն հասկանում քանի թշնամին ուժեղ է, իսկ մենք թույլ, միշտ էլ կարող է մեր վերջը տալ»,- ասել է Հրանտ Մարգարյանը, շեշտելով, որ ռեժիմը ներկայացնողը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է քաոսի մատնել ամբողջ երկիրը, հայրենիքի դռները լայն բացելով թշնամու առաջ։ 

Նրա խոսքով, պետք է ոչ թե անընդհատ զիջել` հրաժարվելով ազգային ծրագրերից ու երազանքներից, այլ կազմակերպվել։
«Ռեժիմը պարտվեց, որովհետեւ պատրաստ չէր, գիտեր, որ պատերազմ է լինելու ու պատրաստվում էր պարտվելու։ Պետք է պատրաստվել ապագա պատերազմին, որ այն տեղի չունենա կամ եթե տեղի ունենա, մենք հաղթենք»,- հայտարարել է նա։ 
Հրանտ Մարգարյանը անդրադարձել է նաև իշխանափոխության հրամայականին, նշել, որ հարցերի հարցը այս իշխանություններից օր առաջ ձերբազատվելն է, որին լծված է Հայաստանի բազմաշերտ ընդդիմությունը։
Նրա խոսքերով ընդդիմությունը նախ ինքը պետք է գիտակցի, որ գլխավոր հարցը հայրենիքի փրկությունն է, իսկ իշխանափոխությունը դրա ածանցյալն է, պետք է կարողանա ժողովրդին` ներառյալ իշխանության հետևորդներին, ցույց տալ, որ պայքարի նպատակը իշխանության համար աթոռակռիվը կամ նախկինների վերադարձը չէ։ 

Այսօր Հայաստանում,  ըստ Մարգարյանի, գլխավոր խնդիրը հասարակության բևեռացումն է, որը պետք է հաղթահարել, զսպել ատելության մթնոլորտը։
«Վաղվա Հայաստանում մենք պետք է աշխատենք այդ ժողովրդի հետ, միասին երկիր կառուցենք, միասին հաղթանակներ կերտենք, ուստի այսօրվանից մենք պետք է այդ ժողովրդի հետ հաղորդակցության ուղիներ, դաշտեր գտնենք։ Դրա համար առաջին հերթին եկեք հայհոյանքին հայհոյանքով չպատասխանենք, անտեսենք, կարողանանք զսպել ատելության մթնոլորտը։ Մեր հիմնական անելիքը ժողովրդի հետ երկխոսելն է, ժողովրդի վրա ազդելը, մեր տեսակետները տարածելը, այլապես միմյանց հետ թշնամացած այս ժողովուրդը վաղվա Հայաստանի համար փորձանք է լինելու»,-ասել է նա։ 

Արտահայտելով անձնական տեսակետ, հասարակության բևեռացման խնդիրը հաղթահարելու համար Հրանտ Մարգարյանը հնարավոր է համարում անգամ  իշխանության որոշ օղակների հետ երկխոսությունը,
ընդգծելով, որ դա չի կարող նշանակել համագործակցություն։ 

«Երկխոսությունը երբեք համագործակցություն չէ։ Թշնամիները, հակառակորդները, մրցակիցները հաճախ հանդիպում են միմյանց, իրար ծրագրերից, մտահոգություններից տեղեկություններ ստանալու, դիմացի կողմի վրա ազդելու համար, պետք է երկխոսել ի շահ ժողովրդի, որպեսզի ակնհայտ դառնա, որ մեր կռիվը աթոռակռիվը չէ»,-ասել է նա, շեշտելով, որ  պետք է  կասեցնել թշնամու կամակատար դարձած իշխանության ընթացքը։

Հրանտ Մարգարյանը անդրադարձել է նաև արցախահայերի վերադարձի խնդրին, ասել է, որ այս հարցերում չպետք է խուսափել  իշխանությունների համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցելուց, ինչը չի կարող նշանակել նրանց լիգիտիմացում։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, որը, ըստ տարածված կարծիքի, հուսախաբ է Հայաստանից և այդ պատճառով պասիվ, ըստ Մարգարյանի, եթե նույնիսկ Հայաստանը հիվանդ է ու տկար, չպետք է հուսախաբվել, որովհետեւ այդ հիվանդ ու տկար Հայաստանը ավելի մեծ հայրենասիրության կարիք ունի։
 «Իսկ եթե հուսախաբ եք, որ հայրենի ժողովրդի մի մասը այս իշխանություններին է քվեարկում եւ ազգային այսքան մեծ կորուստից հետո չի կողմնորոշվում, ապա պիտի ասեմ, երբեք մեղավոր չէ ժողովուրդը, ինչպես ցանկացած ժողովուրդ` մեր ժողովուրդը նույնպես ղեկավարվում է, իսկ մենք իբրեւ այս ժողովրդի ղեկավարության հավակնություն ունեցող ուժ թերացել ենք, չենք կազմակերպել ժողովրդին, մեր խոսքը ազդու չի եղել, տեղ չի հասել։ Եթե կա մեղավոր, մենք ենք, ոչ թե ժողովուրդը»,-ասել է նա։ 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image