Հարցազրույց

«Հրապարակ». Որոշ մարդիկ Արցախ վերադարձի մասին խոսում են ժամանակ ձգելու համար, բայց ժամանակը վերադարձի օգտին չէ

«Հրապարակ». Որոշ մարդիկ Արցախ վերադարձի մասին խոսում են ժամանակ ձգելու համար, բայց ժամանակը վերադարձի օգտին չէ

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:

- Ըստ որոշ տեղեկությունների՝ կիրակի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայ ռազմագերիների հայրենադարձման հարցն են քննարկել: Ի դեպ, ՌԴ-ում Հայերի միությունը նույնպես այս հարցով դիմել էր Պուտինին: Իրատեսական համարո՞ւմ եք ՌԴ-ի միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը:

- Չունեմ որեւէ տեղեկություն, նմանատիպ խոսակցություններ՝ տարբեր միջնորդություններով բազմիցս եղել են, ձերբակալումից ի վեր եղել են նման խոսակցություններ: Այսօր էլ կարող է նմանատիպ հարց քննարկվել, բայց թե այն որքանով է իրականությանը մոտ, դժվար է ասելը: Երբ ազատ արձակվեն, հստակ գնահատականներ կտանք, հիմա զուտ օդում զրույցներ են: Ինչ խոսք, Ռուսաստանն այդ հարցում ե՛ւ անելիքներ ունի, ե՛ւ կարողություններ: Անելիք ունի այն տեսանկյունից, որ ռուս խաղաղապահները եղել են Արցախի ու արցախցիների անվտանգության երաշխավորը, ուստի ռազմաքաղաքական պատասխանատվությունը կրողը ռուսական կողմն է: Ռուսաստանը փաստացի չի կարողացել իր այդ պատասխանատվությունը կատարել: Պատճառները տարբեր կարող են լինել, գուցե չեն ցանկացել, գուցե լրիվ այլ շահեր են ունեցել: Ամեն դեպքում այս հարցը, ինչպես նաեւ մեր բռնի տեղահանությունը, ռուսների տիրույթում է: Արցախի առաջնորդների՝ պատանդ լինելու պատասխանատվությունը թե՛ ռուսական կողմի եւ թե՛ տարբեր դրվագներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի վրա է: Ամեն մեկն էլ իր մասով կրում է պատասխանատվություն: Ամեն բան պետք է անեն՝ հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ: Այս հարցը պետք է դիտարկենք նաեւ մեր պրիզմայով: ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրի՝ տարբեր եղանակներով, գործընկերների հետ բանակցի, որպեսզի բոլոր պատանդներն անխտիր ազատության մեջ հայտնվեն, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարները, այլեւ այն տղաները, ովքեր ավելի վաղ գերության մեջ էին հայտնվել:

- Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը կարո՞ղ է հենց այնպես, առանց պահանջների գերիներին ազատ արձակել: Ի վերջո, եթե ՌԴ-ի միջնորդությամբ ազատ արձակի, ապա կարող է պականջներ ներկայացնել նույն Ռուսաստանին:

- Ալիեւը ոչինչ անշահախնդիր չի անելու ու, բնականաբար, իր ամեն մի արածի դիմաց մի նոր բան պետք է ստանա: Իզուր չէ, որ նա շարունակում է այսքան մարդ գերության մեջ պահել` 2020 թվականից ի վեր: Նա բոլոր հնարավոր կողմերի հետ առեւտուր է անում: 

- Կիրակի օրը Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, առանց հայկական կողմի կարծիքը լսելու: Ի՞նչ է սա նշանակում:

- Դիվանագիտական պրակտիկայում նորմալ է, երբ երկկողմ հանդիպումների ժամանակ կարող են եռակողմ գործընթացների մասին տարբեր հարցեր քննարկվել, բայց, բնականաբար, պետք է նաեւ երրորդ կողմի հետ հարցերը քննարկվեն: Բոլոր դերակատարների կարծիքը պետք է անպայման հաշվի առնել: Նույն Ռուսաստանը կամ արեւմտյան միջնորդները զուտ միջնորդի դերում են, իսկ միջնորդները պետք է լսեն բոլոր կողմերին, բոլորի հետ պետք է ազնիվ լինեն: Իսկ թե ինչ են կողմերը քննարկել, դա մեզնից ոչ ոք չի կարող հստակ իմանալ: Այցն ինքնին բավականին հատկանշական էր, այն հստակ ուղերձ էր ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, որոնք պարբերաբար հայտարարություններ են անում՝ Ադրբեջանին սիրաշահելու համար: Նրանք անգամ հանդուրժեցին Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու հայրենազրկումը, իսկ գլխավոր նպատակն Ադրբեջանին իրենց ազդեցության ծիրում պահելն էր, որպեսզի Ադրբեջանը հանկարծ դեպի ՌԴ քայլ չանի: Ալիեւը հերթական անցամ ցույց տվեց, որ ըստ կարիքի հետամուտ է լինում իր ազգային շահերին, եթե պետք է, ՌԴ-ի հետ կարող է հարաբերությունները լավացնել, հարկ եղած դեպքում՝ Արեւմուտքի հետ՝ իր գինը բարձրացնելով: 

- Ասում են՝ այս պահին ՌԴ-ի համար ամենաառանցքայինը Զանգեզուրի միջանցքի հարցն է:

- Սյունիքի ճանապարհը, ՀՀ սուվերեն տարածքով Թուրքիայի հետ կապի ապահովումը…. հարցերը կարող են տարբեր լինել: Արեւմուտքն էլ, իր հերթին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելով՝ փորձում է ՌԴ-ին շրջանցել: Ռուսաստանը, աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ունի խնդիր՝ այս հարցն իր տիրույթում պահելու: Հաղորդակցությունների հետագա բացմանն ու դրա կիրառմանն էր միտված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց՝ Արեւմուտքի խիստ միջամտությամբ: Այսօր Արեւմուտքը ՌԴ-ին ամբողջությամբ դուրս մղելու խնդիր ունի, հակառակ խնդիրն ունի ՌԴ-ն: Ռուսաստանը փորձում է իր տիրապետության տակ պահել Չինաստանից Եվրոպա լոգիստիկ շղթան:

- Վերջին ամիսներին շատ է խոսվում արցախահայերի՝ Արցախ վերադարձի մասին: Ասվում է, որ միջազգային երաշխավորների առկայության դեպքում արցախցիների մուտքն Արցախ կարող է լինել ապահով: Արցախում հյուպատոսարանների առկայության մասին է խոսվում նաեւ եւ այլն: Ո՞ր դեպքում արցախցիները կարող են վերադառնալ Արցախ: Փաստացի, ՌԴ-ն այդ առումով վստահելի չէ:

- Խոշոր առումով՝ ոչ ոք վստահելի չէ: Այո, ՌԴ-ն պաշտոնապես արցախցիների անվտանգության պատասխանատուն էր, որը ձախողեց իր առջեւ դրված խնդիրը: Բայց ԵՄ-ն ու հատկապես ԱՄՆ-ն ունեն բավարար քաղաքական լծակներ՝ իրավիճակը կանխելու համար: Նրանք էլ կարող էին շրջափակումը կանխել, կանխել նաեւ հետագա վատթար զարգացումը, բայց չարեցին նման բան: Բոլորն առաջնորդվել են կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերով՝ ոտնահարելով մարդու իրավունքները: Արցախ վերադառնալ հնարավոր կլինի այն դեպքում, երբ լինեն միջազգային կոլեկտիվ երաշխիքներ, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնելու դեպքում: Միջամտելով որոշ գործիքակազմեր, ընդհուպ՝ ռազմական: Պետք է ապահովեն երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ, եւ Ադրբեջանի  ռազմական եւ վարչական տիրապետության բացառում լինի: Արցախի ժողովրդի կամ ինքնիշխանության արդյունքում կամ միջազգային ադմինիստրացիայի ապահովման դեպքում կարող է այս ամենն իրատեսական լինել: Ի դեպ, ժամանակին նման օրինակ եղել է Կոսովոյում, մինչեւ հարցի վերջնական կարգավորումը: ՀՀ-ի հետ անքակտելի երաշխավորված կապ է անհրաժեշտ, ինչպես նաեւ՝ կոնկրետ որոշ տարածքների ապառազմականացում, Ադրբեջանում հայատյացության համակարգի իսպառ բացակայություն է նաեւ հարկավոր, որն էլ Ադրբեջանի բոլոր հանցագործությունների պատճառն է՝ 80-ականներից սկսած: Մնացած բոլոր դեպքերում ուղղակի այդ ամենը կարող ենք անիմաստ զրույցներ դիտարկել: Տպավորություն է, թե որոշ մարդիկ Արցախ վերադարձի մասին խոսում են՝ ուղղակի թեման չանտեսելու եւ ժամանակ ձգելու համար, բայց ժամանակը վերադարձի օգտին չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image