Քաղաքականություն

Էրդողանի մեսիջն ու թուրքական ցանցը

Էրդողանի մեսիջն ու թուրքական ցանցը

Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին նոր մեսիջ է հղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու, այսպես կոչված, խաղաղության գործընթացի մասին։ Նախ, վերահաստատել է. «Թուրքիան շարունակելու է համակարգված աշխատանքն ադրբեջանցի եղբայրների հետ՝ հանուն կայուն խաղաղության»։ Այստեղ նորություն չկա, ու ամեն ինչ պարզ է՝ Հայաստանին ուղղված Ադրբեջանի նախապայմանները նաեւ Թուրքիայինն են։ «Մենք ուզում ենք, որքան հնարավոր է՝ շուտ լավ լուր ստանալ այս ուղղությամբ, նախքան ինչ-որ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ սաբոտաժի մասին է խոսքը։
Այստեղ արդեն, դատելով թուրքական շահից ու նպատակներից եւ այդ նպատակների ու տարածաշրջանային մյուս երկրի շահերի չհամընկնման, իսկ ավելի հստակ՝ համադրման փաստից, կարելի է եզրակացություն անել։ «Թուրքիան իր նպատակներն ունի, որտեղ նա միայնակ չէ, նրա թիկունքում ուժեր կան, բայց կան նաեւ հակադիր ուժեր, որոնք չեն ցանկանում, որ այդ ծրագիրն իրականացվի։ Այսօր արդեն ամեն ինչ կատարված կլիներ, եթե չլինեին այդ ուժերը, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր կառավարությունը մի քանի տարի շարունակ ջանասիրաբար աշխատում Թուրքիայի եւ նրա թիկունքում եղած ուժերի կառավարությունների հետ։ Իհարկե, հիմնական նպատակը միջանցքի հարցն է, սակայն, քանի որ այս ընթացքում Հայաստանի իշխանություններն ավելին էին պատրաստ տալ, Ադրբեջանը ոչ միայն միջանցք, այլեւ տարածքներ է ցանկանում, իսկ Թուրքիան նրան օգնում է»,- «Հրապարակ»-ին ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Այս նպատակի գլխավոր խոչընդոտը, մեր զրուցակցի խոսքով, Իրանն է, բայց նաեւ՝ Ռուսաստանը, որի դիրքորոշումը հետեւյալն է. եթե ուզում ես տալ, տուր այդ ճանապարհը, բայց այնտեղ տրանսպորտային միջոցների հսկողությունը պետք է ես կատարեմ ու իմանամ, թե ինչ ու ով է գնում-գալիս։ «Թուրքական կողմը միջանցքի մասին է խոսում, իրենք «ճանապարհ» չեն ասում, որովհետեւ ճանապարհ ունեն թե՛ Վրաստանում, թե՛ Իրանով։ Իրենց անվերահսկելի ճանապարհ է պետք, որը միջանցք կլինի։ Անգամ Թուրքիան այդ քննարկումների ընթացքում մի ծրագիր առաջ քաշեց, թե՝ մեզ թույլատրեք 40 կիլոմետրանոց թունել սարքել։ Սա է ուզում կանխել Ռուսաստանը, որ անվերահսկելի բեռներ, զենքեր ու մարդիկ չգնան-գան, այդ պատճառով նա ասում է՝ շա՞տ եք ուզում, տվեք, բայց ես եմ վերահսկելու, թե ով եւ ինչ է անցնում։ Մյուս կողմից, Իրանն ասում է՝ ճանապարհ կտամ, եթե ուզում եք, իմ կապը Հայաստանի հետ չի խզվելու, բայց եթե այնտեղ միջանցք եղավ, այդ կապը խզվում է»,- իրավիճակը բացատրում է թուրքագետը։

Մյուս կարեւոր խնդիրը, ըստ Լոքմագյոզյանի, այն է, թե Հայաստանի կառավարությունն ինչու է անպայման խաղաղության պայմանագիր ուզում, որովհետեւ նրա առջեւ խնդիր է դրված՝ ռուսներին դուրս բերել տարածաշրջանից, իսկ ռուսական կողմը հենց թուրքական սպառնալիքից Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար է այստեղ։ «Հայաստանը ՌԴ-ի հետ պայմանագիր ունի, որով ռուսական զորքերը հատկապես թուրքերից պաշտպանում են մեր սահմանները, եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, տեսականորեն, պիտի որ այդ վտանգը չլինի, հետեւաբար, էլ ինչի՞ համար են նրանք այստեղ»,- շարունակում է Տիգրան Լոքմագյոզյանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թվացյալ ակտիվություն կա․ Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, կողմերը իբրեւ թե քննարկում են Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր վերաբացման տեխնիկական հարցերը, իսկ նախօրեին էլ տեղեկացանք, որ նախատեսվում է Թուրքիայի ԶԼՄ-ների այց Հայաստան։ Այս ամենը մեր զրուցակիցը գոյություն չունեցող հարաբերությունների իմիտացիա է որակում՝ շեշտելով, որ պետական այրերի կամ տարբեր հասարակական շրջանակների շփումները հարաբերությունների կարգավորման իմաստով ոչինչ չեն նշանակում, հարաբերություններ կարող են լինել միայն դիվանագիտական մակարդակում, ինչին Թուրքիան չի գնա։

Ինչ վերաբերում է թուրք լրագրողների առաջիկա այցին, Լոքմագյոզյանի խոսքով, նմանատիպ փոխանակման ծրագրերը նոր չեն ու արդեն քանի տարի է՝ գործում են։ «Միայն լրագրողների այցերը չեն, ավելի առաջ գնացող ծրագրեր կան Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, այդ թվում՝ ուսանողների, մասնագետների փոխանակում, որտեղ ներգրավված են թե՛ Ստամբուլի հայկական կառույցները, թե՛ կազմակերպություններ Հայաստանից, որոնք, դժբախտաբար, հայաքանդ, հակահայկական դեր են կատարում խաղաղության անվան տակ։ Մարդիկ գնում են, ինչ-որ համալսարաններում, մամուլի կենտրոններում սովորում են, այնտեղից են այստեղ գալիս, եւ այս շրջանակից են այսօրվա կառավարության քաղաքականություն իրականացնողները։ Այդ ցանցը քանի տարի է՝ կազմավորված է, եւ դրա ամենավառ օրինակը մեր բանագնաց Ռուբեն Ռուբինյանն է»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image