Հարցազրույց

«Հրապարակ». Այս կիրակի Տաթեւ պիտի գնային, այն էլ՝ մուրազները փորները մնաց

«Հրապարակ». Այս կիրակի Տաթեւ պիտի գնային, այն էլ՝ մուրազները փորները մնաց

Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին ձայն տալով, մարդիկ իրենց կարեւոր լիցք տվեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուղղությամբ արշավելու: Երեկ «Հրապարակը» գրել էր, որ Եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում, կարգալույծ եղած հոգեւորականների եւ ոմն ֆեյքի հրապարակումների հիման վրա գործեր են հարուցվել Արշակ սրբազանի դեմ: Հիշեցնենք, որ Արշակ սրբազանին մեղադրում են փողեր լվանալու, պատանդ վերցնելու եւ Գարեգին Ա կաթողիկոսին թունավորելով սպանելու մեջ․ հիշեցնենք, որ Գարեգին Ա կաթողիկոսը մահացել է քաղցկեղից: Սակայն Եկեղեցու դեմ արշավն այսքանով չի սահմանափակվում, նոյեմբերի 23-ին Փաշինյանը ներկա կլինի Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու պատարագին, որը մատուցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը: Այս հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ։

- Ասում են, որ Խաչիկ գյուղում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագին՝ Հայ առաքելական եկեղեցու կանոններով։

- Ոչ: Մեր ծիսական պատարագամատույցում՝ խորհրդատետրում կան հիշատակումներ, որոնք պարտադիր են արվում, իսկ այս պարագայում Խաչիկ գյուղում ո՛չ թեմի առաջնորդին հիշատակեցին, ո՛չ էլ Ամենայն հայոց կաթողիկոսին: Բացի այդ, պատարագը կիսատ-պռատ էր, որքան նկատեցի: Մի բան հիշեցի․ մեկը քահանայի մոտ է գնում, ասում է՝ Տեր Հայր, թանով պատարագ լինո՞ւմ է, ասում է՝ իհարկե, ոչ: Հիմա իրենց արածն այդ թանով պատարագներն են՝ Աստծո բարկությունն են շարժում պարզապես: Մեծ գումար է դրված, իրենք հուդաներ են փնտրում: Գիտեք, սա որ նման բաներ է անում, շատ լավ է, որովհետեւ այն մարդիկ, ովքեր Աստծուն ծառայելու համար չեն մտել եկեղեցի, այլ սողոսկել են, որպեսզի մամոնա ունենան, այդ մարդիկ ջրի երես են դուրս գալիս: Դա լավ կողմ էլ ունի, հիմա սա է՝ թող դուրս գան, Եկեղեցին մաքրվում է այդ թաքնված մարդկանցից, այդ երեսուն արծաթով վաճառվածներից: Վարդան Այգեկցին իր գրվածքներից մեկում մի հետաքրքիր դրվագ ունի, որտեղ ասվում է՝ քահանայություն կա՝ Աստծուց է, քահանայություն կա՝ սատանայից է: Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականը» կարդում ես, տեսնում ես՝ բան չի փոխվել, նման մարդիկ միշտ եղել են: Հիմա նրանք, ովքեր որ իսկապես Քրիստոսինն են, որեւէ դրամական միջոցով, այս աշխարհին կապող որեւէ բանի հետ չեն կապվի: Նրանք, ովքեր Քրիստոսի քահանաները չեն, այլ մամոնային են ծառայում, Հուդան էլ էր, չէ՞, այդպիսին: Մեր քահանաներից մեկն է գրել՝ տեսնո՞ւմ ես, հիմա էլ այլ եկեղեցի է գնում, ես գրեցի՝ երեսուն արծաթ, ուրիշ ոչինչ:

- Կարո՞ղ ենք ակնկալել, որ Մայր Աթոռը շուտով Խաչիկ գյուղի քահանային կարգալույծ կանի:

- Չգիտեմ, բայց ես գիտեմ, որ իրենք ուզել են այս կիրակի Տաթեւում անել պատարագ, իրենց ցանկությունն է եղել, անգամ քոլեջում դասախոսներն են հայտարարել, որ մյուս կիրակի Տաթեւ են գնալու, էն էլ՝ մուրազները փորները մնաց: Իրենք պատարագին մասնակցելու նախապայման ունեն, ասում են՝ կաթողիկոսին պիտի չհիշեք: Դե, իրենք նախապայմանը դնում են, բայց նաեւ դրա համար վճարում են:

- Այսինքն՝ Տաթեւի վանահայրերից ոչ ոք չի՞ համաձայնել:

 - Ես անձամբ եմ լուրն ուղարկել իրեն, որ հանկարծ նման սխալմունք չգործի:

- Տեր Միքայելի՞ն նկատի ունեք:

 - Այո, բայց այնտեղ վանահայր էլ կա, որ լուրն ուղարկել եմ եւ ոչ միայն ես։ Իրենք ի գիտություն են ընդունել դա, որովհետեւ նրանք պայման ունեն․ եթե կաթողիկոսի անունը հիշատակվում է պատարագին, ուրեմն հրեշի ներկայությունը դառնում է զրո: Իր նպատակը կաթողիկոսին հեռացնելն է, չէ՞:

- Ստացվում է՝ այն հոգեւորականները, ովքեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ են մատուցել ու չեն հիշատակել Վեհափառի անունը, գումա՞ր են ստացել դրա դիմաց:

- Նախ, իրենք կանոնական սխալ են արել՝ մեկ, որովհետեւ մեր խորհրդատետրում պատարագին պարտադիր է այդ աղոթքը՝ պարտադիր է: Մեր խորհրդատետրն առաջին դարում է կազմվել, հետագայում արդեն Նարեկացու աղոթքն են զետեղել, Սուրբ Բարսեղ Կեսարացին է հիմնականում մեր պատարագների խորհրդատետրը կազմել: Քահանան երբ պիտի օծվի, ինքն ընծայման կարգի մեջ ուխտ է անում Աստծուն, որ խոնարհաբար պիտի ծառայի Եկեղեցուն եւ հավատարիմ մնա Եկեղեցու վարդապետությանը, Եկեղեցու կաթողիկոսին եւ այլն: Այսինքն՝ եթե նա չի հիշատակում, ուրեմն դրժում է այդ թուղթը: Մեր խորհրդատետրում հստակ նշված է, որ քահանան բարձրաձայն աղոթքով պիտի անպայման հիշի Ամենայն հայոց կաթողիկոսին, մենք թեմի առաջնորդին ենք հիշում նաեւ, մեր հայ ազգի համար ենք այդ աղոթքը բարձրաձայն ասում: Այնպես որ, մենք կարող ենք պնդել, հատկապես, ըստ օդից կախված լուրերի, հինգ միլիարդ են ներդրել, որպեսզի կարողանան երեսուն այդպիսի հուդա գնել, այո, այդ առումով կարող ենք պնդել, որ գնել են:

- Արշակ սրբազանին մեղադրում են Գարեգին Ա կաթողիկոսին թունավորելով սպանելու մեջ: Կարո՞ղ է գործող հոգեւորականներից մեկին էլ Պապ թագավորի սպանության մեջ մեղադրեն, եթե այսպես գնա։

- Սատանան՝ ինքը, ի սկզբանե պայքարում է միության դեմ, նրա գործը պառակտելն է, հիմա սա ի՞նչ է անում՝ սատանայի գործ է անում, պառակտում է: Որպեսզի կարողանա պառակտել, նաեւ զրպարտում է, որովհետեւ սատանան նաեւ զրպարտիչ է: Հիմա եթե մենք նայում ենք սրա գրած գիրքը, այդ կարգի անբարո արժեքներ կրող երեւույթն իրավունք ունի՞ ինչ-որ մեկին բան ասի: Այստեղ են ասել՝ գողը դուրս է եկել, բարձր գոռում է՝ բռնեք գողին: Նրա նպատակը ո՛չ Ամենայն հայոց կաթողիկոսն է, ո՛չ Արշակ սրբազանը, ո՛չ Պողոսն է, ո՛չ Պետրոսն է, նրա նպատակը Եկեղեցին քայքայելն է, ջլատելն է: Մի բան հիշեցի․ սատանան մի իմաստուն մարդու է հայտնվում, հետը զրուցում է: Իմաստունն ասում է՝ դու նման չես որեւէ մեկին, դու ուրիշ ես, այսինքն՝ որեւէ մարդու նման չես: Սատանան ասում է՝ ես նա եմ, որն ուժ է տալիս մի արժեքի փոխարեն: Իմաստունն ասում է՝ փաստորեն, վերցրածդ ավելի թանկ է, քան թե այն, ինչ որ տալիս ես: Սատանան ասում է՝ ես քեզ կտամ մի այնպիսի գիտություն, այնպիսի հնարավորություն, որ մահկանացուներին հասու չէ։ Իմաստունն ասում է՝ ուժը եւ քո տված հնարավորությունն առանց իմաստության կործանիչ են: Այդ դեպքում, ասում է, ես քեզ մեծ փող ու հնարավորություն կտամ, իմաստունն ասում է՝ փողն ու հնարավորությունն էլ առանց ճշմարիտ գիտության կործանիչ են, էլի: Սատանան ասում է՝ բա ինչի՞ ես այսպես ապրում, դժվար ես ապրում, խնդիրներ ունես, ոնց որ այս սատանի ճուտն է շատ քահանաների ասում՝ դժվար ես ապրում, լիքը խնդիրներ ունես եւ այլն, քեզ պե՞տք է այսպես ապրելը, ինչի՞ համար ես այսպես ապրում: Իմաստունն ասում է՝ որ վերջում քո կողքին չլինեմ։ Հիմա այս սատանի ճուտն է, գնում է քահանաներին գայթակղում է։ Ով իմաստնություն ունի, ասում է՝ գնա, հետեւս գնա, չար սատանա, իսկ ում նպատակը փողն է, մարդ-դրամ, նյութ-թույն: Ով ինչ փնտրում է, այն էլ գտնում է այս կյանքում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image