Արդեն քանի օր է, ինչ ադրբեջանական Տելեգրամ ալիքները հրապարակում են տեսանյութեր, թե ինչպես են ռազմական ծանր տեխնիկա, տարբեր զինատեսակներ կուտակում Հայաստանի եւ Արցախի սահմաններին: Ադրբեջանում նաեւ զորակոչ է: Ու այս ամենն արվում է բացահայտ: Գուցե նաեւ սա ալիեւյան իշխանության կողմից ասպարեզ նետված ինֆորմացիոն սադրանք է՝ հայ հասարակությանը, արցախցիներին նոր պատերազմով վախեցնելու, լռեցնելու, հնազանդեցնելու եւ Արցախը հոգեբանորեն ճնշելու, արդյունքում՝ նաեւ դատարկելու նպատակով: Սակայն, ինչպես կյանքը ցույց է տալիս, նման գործողությունները միշտ ունեցել են իրենց տրամաբանական շարունակությունը՝ պատերազմ, լայնածավալ ռազմական գործողություններ, զոհեր ու ավերածություններ…
Նման իրավիճակում ցանկացած երկրի ադեկվատ ղեկավար պետք է հրատապ նիստ հրավիրեր համապատասխան կառույցների ղեկավարների, պատասխանատուների հետ, քննարկեր եւ կարգի բերեր պաշտպանական համակարգը, ամրապնդեր սահմանների պաշտպանվածությունը, առողջապահական եւ մյուս կառույցները բերեր պատերազմական իրավիճակի պատրաստվածության աստիճանի: Մի խոսքով, գոնե հիմա պետք է աներ այն, ինչ չարեց 44-օրյա պատերազմի պարտությունից հետո:
Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը. գնում է մարզեր, հանդիպումներ է ունենում բնակիչների հետ, «շուլուխ-մուլուխ» անում, տատիկների հետ գրկախառնվում, համբուրում, սուրճ խմում, երեխաների հետ լուսանկարվում, թուշիկներին թփթփացնում, գյուղի զոհվածի հուշարձանի առաջ ծունկ չոքում, ասֆալտի որակը ստուգում, նորոգված դպրոց ու մանկապարտեզ մտնում: Մի խոսքով՝ ամեն ինչ, բացի ամենակարեւոր պարտականություններից: Թվում է, թե այս մարդն անտեղյակ է, թե ինչ իրադարձություններ են ծավալվում իր «ղեկավարած» երկրի շուրջ, կամ՝ ինքն այս երկրի հետ առհասարակ որեւէ առնչություն չունի: Իսկ երկրի մյուս պատասխանատուներն էլ ոգեւորված քարոզարշավ են անում, ջրվում, թուքումուր ուտում, զենք ու զինամթերքի բացակայությունը, զինծառայության չգնալը լրացնում ՏԻՐ-ում կրակելով:
Փաշինյանն ու իր թիմն այս օրերին զբաղված են նաեւ հակառուսական հայտարարություններ անելով, որոնք հեռու են դիվանագիտական խոհեմությունից: Հակառակ կողմից էլ պատասխանը, որպես կանոն, չի ուշանում: Հիշենք՝ նույն իրավիճակն էր նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի նախօրեին. Ադրբեջանն ակնհայտորեն նախապատրաստվում էր պատերազմի, այդ մասին ահազանգում էին ռազմական փորձագետները, քաղաքագետները, իսկ Փաշինյանն ու իր թիմը զբաղված էին ամեն ինչով, բացի իրենց գործից. ՌԴ նախագահի հետ էին հարաբերություններ փչացնում, նախկինների ստվերի հետ էին կռվում, հանդիպում էին շարքային քաղաքացիների հետ, շոյում գլուխները, քաղցր-քաղցր զրուցում, պոպուլիզմի «բարձունքները նվաճում» եւ սադրիչ հայտարարություններ անում՝ ուղղված Ադրբեջանին: Իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմը սկսվելու օրերին նույնիսկ Հայաստանում չէր. գնացել էր արտերկիր՝ ընկերոջ ծննդյան տարեդարձին մասնակցելու: Ճիշտ նույն իրավիճակն էր, ինչը որ հիմա է: Սրանից կարելի է մեկ հետեւություն անել, որ Փաշինյանը լավատեղյակ է, թե ինչ է կատարվում եւ ինչ է կատարվելու, իսկ տեղի է ունենալու հերթական պատերազմը՝ զոհերով ու ավերածություններով: Նորից տարածքներ զիջելու վտանգով լի, որից հետո կասի, թե դա էլ էին նախկինները տվել ու պատերազմն իր «ջեբը» գցել: Ու, ցավոք, այդ ստերին հավատացողներ էլի կգտնվեն…
ՀԳ․ Հայաստանը կարող էր եւ հիմա էլ կարող է դիմագրավել ադրբեջանական ռազմական սադրանքներին՝ թե՛ մարդկային ներուժով, թե՛ ռազմական: Երեք տարին քիչ ժամանակ չէր, որպեսզի օգտագործելով երկրի եւ սփյուռքի ներուժը, շատ արագ ոտքի կանգնեինք, զենքի եւ ԱԹՍ-ների մեր սեփական արտադրությունը զարգացնեինք եւ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնեինք: Բայց չի արվել, քանի որ Փաշինյանը դրա համար չի եկել իշխանության: Իսկ ինչի համար որ եկել է, իր առջեւ դրված ծրագիրը փայլուն կերպով իրականացնում է…