Քաղաքականություն

2018-ին «դուխով» գլխարկները ինչո՞ւ չէին համարում ռազմական հեղաշրջման գործիք

2018-ին «դուխով» գլխարկները ինչո՞ւ չէին համարում ռազմական հեղաշրջման գործիք

«Չշշկռվելիք գերագույնի» հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո ավելի քան մեկ տարի տեղս չէի գտնում: Չնայած 2021-ի մայիսից սկսել էի մեկ-մեկ հոդվածներ գրել «Հրապարակ»-ի համար: Զարմանալիորեն, հոգեկան որոշակի հանգստություն բերեց դետեկտիվ ֆիլմեր դիտելը: Շերլոկ Հոլմսի, Էրքյուլ Պուարոյի, կոմիսար Մեգրեի վերաբերյալ ռուսերենով ինչ ֆիլմ կար՝ նայել եմ: Շատերն արդեն չեմ հիշում, բայց դրանք դրական դեր խաղացին. այսօր կարողանում եմ առանց գժվելու Նիկոլ լսել՝ նրա այս կամ այն միտքը քննադատելու կամ ձեռ առնելու համար: Ի դեպ, կինոնկար դիտելը մեկ այլ կարողություն գեներացրեց՝ եթե մեկ-մեկ այդ բնույթի կինոնկար եմ դիտում, ապա հենց սկզբից փորձում եմ կռահել, թե ինչպես է զարգանալու սցենարը, ու դա ինձ հաջողվում է: Իսկ այդ ֆիլմերը դիտում եմ՝ երբ գիշերը հոգնած եմ լինում, ու այլևս լրատվական կայքերի նյութերը կարդալու- լսելու ցանկություն չի լինում:

Ինչևէ, այդ կինոնկարները մեկ այլ ազդեցություն ևս ունեցան. քննիչի նկատմամբ հարգանքի առաջացում: Լավ քննիչ կամ դետեկտիվ կարող է լինել այն անձը, ով ուշադիր է, ում ուղեղի գորշ նյութը որակապես բարձր մակարդակի է: Եվ վերջապես, ինչն ամենակարևորն է, ով ձգտում է պարզել ճշմարտությունը: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ այն փորձում է թաքցնել ոչ միայն հանցագործը, այլ հանցագործությունից տուժողը: Դա ասում եմ որպես ընթերցասեր մեկը, ում մի ժամանակ որպես ինծիլիգենտ էին դիտարկում, ով միշտ արդարության կողմնակից է եղել՝ այդ դիրքորոշումը լիներ ակտիվ թե պասիվ: Ու երբ հայաստանյան քննիչների կամ դատախազների վերաբերյալ նյութեր եմ կարդում՝ մեջս բողոքի ալիք է բարձրանում: Ինչպե՞ս է հնարավոր, որ սահմանադրորեն անկախ այդ կառույցները ներկայացնող անձինք վերածվեն իշխանության կցորդի: Ինչ իշխանություն էլ, ի դեպ, լինի՝ կլանային, այսպես կոչված, մոնղոլ-թաթարական, թե,  այսպես կոչված, ինքնիշխան «ժողովրդավարության բաստիոնի» իշխանություն:

Այժմ անցնեմ «#մեր- ձևով» գրությամբ շապիկներին, գլխարկներին, շինանյութերի խանութից գնված արմատուրայի տարբեր չափսեր ներկայացնող տեսականուն կամ սիսեռով լցված ռազմախաղային նռնակին, ինչպես նաև կեղծ՝ համատեքստից կտրտված ու մոնտաժված կամ արհեստական բանականությամբ ստեղծված ձայնագրություններին: Ինչպես հասկանում եք, այդ բոլորը քննչականի կողմից ներկայացվել են որպես ռազմական հեղաշրջման գործիքներ: Իհարկե, այլ առարկաներ ևս կային, բայց սրանք ամենազավեշտալին են՝ եթե ինչ-որ էական գործիք չեմ մոռացել: Եթե մեր քննիչները լինեին Շերլոկ Հոլմսի, Էրքյուլ Պուարոյի, կոմիսար Մեգրեի և նմանատիպ բազմաթիվ այլ գրական հերոսների ազդեցությամբ ձևավորված մասնագետներ, ապա առնվազն ամոթի զգացումից գլուխները չէին բարձրացնի, երբ դրանք ներկայացվում էին որպես «ռազմական հեղաշրջման» վկայություններ: Ու առնվազն հրաժարական կներկայացնեին՝ հատկապես քննիչները, փոխանակ արժանանային գրագետ մարդկանց ծաղրուծանակին: Իսկ դատախազներն էլ ոչ թե քրեական գործեր կկարեին անմեղ մարդկանց վրա, այլ ձերբակալելու հրահանգ կիջեցնեին այդ ամենի անմիջական մասնակից ու պատասխանատու անձի առումով: Ու մենք էլ ոչ թե ամեն Աստծո օր կարթնանայինք վախով, թե ինչ հերթական զիջում է արվել նրա կողմից թշնամուն, այլ կլծվեինք մեր հայրենիքը շենացնելու ու հզորացնելու գործունեությանը:

Ես հասկանում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդ քննիչներին ժառանգություն է ստացել նախկիններից: Բայց նա ոչինչ չի արել այդ ժառանգությունից ազատվելու համար: Եվ ոչ միայն չի արել, այլ ավելի է ճոխացրել այն: Իսկ դատավորների վեթթինգ (զտում, մաքրում) կոչվածն էլ օգտագործվեց ոչ թե իրական անկախ դատական համակարգ ստեղծելու, այլ սեփական իշխանությունը պահպանելուն միտված խամաճիկների հավաքածու ստեղծելու նպատակով: Իսկ այն դատավորները, ովքեր համարձակություն ունեցան պահպանելու նախկինների ժամանակ ունեցած իրենց անկախությունը, աստիճանաբար հեռացվում են համակարգից: Ու նման պայմաններում՝ անկախությունից բացարձակ զրկված «քննիչ- դատախազ- դատավոր» եռանկյունիում ոչ միայն շինանյութերի խանութից գնված արմատուրայի տարբեր չափսեր ներկայացնող տեսականին կամ սիսեռով լցված ռազմախաղային նռնակը կդիտարկվեն որպես ռազմական հեղաշրջում իրականացնելու գործիքներ, այլ սպիտակ գլխարկն ու սպիտակ շապիկը:

ՀԳ. Հետաքրքիր է՝ 2018-ին «դուխով» գրությամբ գլխարկները նախկինների կողմից ինչո՞ւ չեն դիտարկվել որպես ռազմական հեղաշրջում իրականացնելու գործիք:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image