Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը օրեր առաջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումների աննախադեպ աճով: Մինչդեռ Հայաստանը երբեք հետ չի մնացել այդ հարցում Ադրբեջանից: Մեզանում պաբերաբար ճնշել, վիրավորել, բռնության են ենթարկել լրագրողներին: Եւ դա հիմնականում արվել է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից եւ դրանք կանխելու, արգելելու, լրագրողների աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պարտավորություն ունեցող կառույցները, որպես կանոն, աչք են փակել անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող բռնությունների վրա կամ հենց իրենք են կազմակերպել, իսկ երբ որ իշխանական որեւէ լրագրողի մատը «փուշ» է մտել, համաշխարհային աղմուկ են բարձրացրել, բռնել, պատժել, դատապարտել այդ անողներին:
Նույնը կատարվեց նախօրեին, երբ պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը մի հարված հասցրեց Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին: Անմիջապես իրար անցան. ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարություն տարածեց, Քննչական կոմիտեն գործ հարուցեց, անգամ Դատական դեպարտամենտը մի ամոթալի դատապարտման տեքստ տարածեց դեպքի վերաբերյալ: Բնականաբար իրար անցան նաեւ նախկին քաղհասարակության մնացորդները` ՀԿ-ները, որոնք այսօր իշխանության մաս են դարձել եւ դատապարտեցին կատարվածը:
Մենք փորձեցինք առանձնացնել վերջին տարիներին լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումների, հարձակումների, արշավների մի քանի օրինակ, երբ նիկոլական ՄԻՊ-ը, իրավապահներն ու մյուսները ձկան պես լուռ էին, ավելին` դրանք խրախուսվում էին հենց ՔՊ-ական տարբեր շրջանակներից.
2021 թվականի մարտին լրագրող Փայլակ Ֆահրադյանին քաշքշեց եւ հարվածեց այն ժամանակվա ԲՏԱ նախարար, այժմ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: Իսկ լրագրողը մոտեցել էր Արշակյանին և ընդամենը հարց էր ուղղել նրան, թե ինչու է աշխատանքային ժամին ռեստորանում:
2019-ի աշնանը «Հեղափոխության պահապաններ» անվանումով խուբը օրը ցերեկով հարձակվեց «Հայելի» ակումբի վրա, ձվեր նետելով խմբագրության դռան վրա և հայհոյելով ու սպառնալով ակումբի նախագահ Անժելա Թովմասյանին: Ոչ մի իրավապահ ու ՀԿ չարձագանքեց տեղի ունեցածին, Թովմասյանը դիմեց իրավապահներին, սակայն քրեական գործ չհարուցվեց եւ ոչ ոք չպատժվեց:
Լրագրող Սյուզի Բադոյանը պարբերաբար հայտնվում էր ՔՊ-ականների թիրախում: Անդրանիկ Քոչարյանը ծաղրում էր նրա սանրվածքը, խորհուրդ տալիս գնալ վարսավիրանոց: ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հայտնի է Շիշ բռնող մականվամբ, խլել էր նրա բարձրախոսը: Իսկ ավելի ուշ վերջինս խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը եւ իր հետ տարել, քանի որ Դաշտենցը «հանդգնել» էր նկարահանել Սարգսյանին փողոցում: Միայն մեկ օր անց հեռախոսը վերադարձվեց տիրոջը:
Լրագրող Անի Գևորգյանը, կարելի է ասել, 2018-ից հետո ամենաշատ ճնշումների ենթարկված լրագրողներից է: Իշխանություններին քննադատելու համար անգամ նրա անչափահաս երեխայի լուսանկարներն էին իշխանական շրջանակները տարածում ու սպառնալիքներ գրում: Մի քանի օր առաջ էլ Կիրանց գյուղում առևանգել էին Գևորգյանի օպերատորին:
2022-ի մայիսի 2-ին Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել էր Mediahub-ի օպերատոր Արման Ղարաջյանին և հայհոյել նրան։ Հրել էր լրագրող Նարե Գնունու միկրոֆոնը: Վնասվել էր լրագրողների տեսախցիկը։
2021-ին Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի անթույլատրելի սահմանափակումներ մտցվեցին, բազմաթիվ դեպքեր եղան նրանք քաշքշելու, աշխատանքը խոչընդոտելու: Բազմաթիվ դատական հայցեր ներկայացվեցին լրատվամիջոցների դեմ, արգելանքներ դրվեցին նրանց հաշիվների ու գույքի վրա եւ ոչ մեկը չպատժվեց, իշխանության ոչ մի ներկայացուցիչ դա չդատապարտեց: Անգամ Նիկոլ Փաշինյանին ասուլիսում տհաճ հարցեր հնչեցրած լրագրողների` Հռիփսիմե Ջեբեջյանի եւ Անի Գեւորգյանի նկատմամբ սպառնալիքների ու հայհոյանքի հեղեղը չկանխեցին իրավապահները եւ լրագրողները ստիպված էին իրենց նկատմամբ ոտնձգություններ իրականացրած անձանց դեմ քայհայցերով մտնել դատարան: Իսկ վերջերս ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «Առավոտի» լրագրողի վրա բղավում էր եւ ասում, որ իրենք են թալանել ու ոչնչացրել Հայաստանը:
ՔՊ-ականներից ոչնչով հետ չեն մնում իբրեւ թե անկախ, իրականում իշխանությունից կախված կառույցների ղեկավարները, օրինակ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հարձակվել էր «Հրապարակի» լրագրողի վրա, գոռգոռում էր, հայտարարում, թե նրան խաբել են, որ ինքը լրագրող է եւ այլն: Փողոցի խուլիգանին վայել պահվածք, որը ոչ մեկի կողմից չդատապարտվեց:
Հ.Գ Առհասարակ, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ, որպես կանոն, գործադրում են իշխանությունները, իշխանության մաս կազմող անձինք: Մենք` լրագրողներս հաճախ անգամ չենք բարձրաձայնում այդ դեպքերի մասին` դրանք համարելով մեր աշխատանքի անբաժանելի մասը: Բայց այն, ինչ կատարվում է civic.am-ի շուրջ վերջին օրերին խիստ ցայտուն ցուցադրում է, թե ով է իրական լրագրողը, ում իրավունքներն են Հայաստանում ոտնահարվում եւ որ միջադեպից են իշխանական կառույցները աղմուկ բարձրացնում` իբրեւ թե խոսքի ազատությունը պաշտպանելու մղումով: