Հասարակություն

«Հրապարակ»․ Անիմանալի են գործերը մեր կառավարության

«Հրապարակ»․ Անիմանալի են գործերը մեր կառավարության

«Ժամանակակից աշխար­հում երկրի քաղաքակր­թության մակարդակի կարեւոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ։ Աղբը լուրջ ռեսուրս է, ճիշտ կառավարման դեպքում էական դերակատարում կունենա տնտեսության մեջ»,- կառավարության հերթական նիստերից մեկում ասել է վարչապետ Փաշինյանը։ «Խոսքը» փոխանցվել է համապատասխան կառույցներին, այդ թվում՝ Վանաձորի համայնքապետարանին։ Հարց է առաջանում՝ վերջին վեց տարիներին վարչապետի հանձնարարականն ինչպե՞ս են ընկալել «համապատասխան» կառույցները։

Լուսանկարի ձախ վերեւում ձյունապատ լանջեր են։ Նրանց ստորոտում Վանաձորին հարեւան Արջուտ գյուղն է, իսկ գյուղի եզրին, արդեն կես դարից ավելի, Վանաձորի եւ շրջակա բնակավայրերի աղբավայրն է` գործող: Այն իրոք «գործում» է՝ իր համար հանգիստ «ծխում է»՝ ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ։ Մինչդեռ այս տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են քամուն տրվել, որպեսզի աղբը, իբր, դառնա «լուրջ ռեսուրս», «ճիշտ կառավարվի», «էական դերակատարում ունենա տնտեսության մեջ», վերանա գարշահոտությունը, չքանա ծուխը։ Միայն գերմանական KfW զարգացման բանկը գրեթե 8.3 միլիոն եվրո է տրամադրել այդ նպատակների համար։ Ո՞ւր են անհետացել այդ գումարները։ Այո՛, ճիշտ եք մտածում՝ քամուն են տրվել։ Այդ գումարները մսխվել են «աղբը կառավարելու» նոր հայեցակարգերի վրա․ կազմվել են ծրագրեր, կազմակերպվել համաժողովներ ու ֆուրշետներ, պրեզենտացիաներ ու փարթիներ, քոֆիբրեյքներ ու ռաունդ-թեյբլներ, դիսքաշըններ, թրեյնինգներ, նոն-ֆորմալ մոնիտորինգներ։ Իսկ վերջում՝ «լաց եղան» հայեցակարգերը։ Ասես վարչապետի խոսքը խոսք չէ, հանձնարարությունն էլ՝ հանձնարարություն։

Տապալված ծրագրի պատմությունը

Տարիներ առաջ, երբ վանաձորցիները տեղեկացան «Կոշտ թափոնների ինտեգրված կառավարման համակարգ» ծրագրի մասին, անկեղծորեն հուզվեցին։ Հարցով հետաքրքրվել էր գերմանական KfW զարգացման բանկը, որը, ՀՀ կառավարության (պատասխանատու՝ այն ժամանակ ՏԿԶՆ) աջակցությունը ստանալով, պատրաստակամություն էր հայտնել՝ մեծ ֆինանսական ներդրում անել Վանաձորի, Դիլիջանի եւ հարակից համայնքների աղբահանության, տեղափոխման, վերամշակման, ընդհանրապես՝ կենցաղային թափոնների կառավարման գործում։ Ինչպե՞ս չոգեւորվեին մարդիկ։ Ավելի քան կես դար կենցաղային աղբը տեղափոխվում է Վանաձորի կենտրոնից 8-9 կմ հեռավորության վրա գտնվող Արջուտ գյուղի մերձակայք։ Աղբավայրը լուրջ գլխացավանք է դարձել նաեւ գյուղի բնակիչների համար․ մեծ թեքություն ունեցող լանջերից հողը սահում է, հետը՝ աղբը, հասնում գյուղատնտեսական հողեր։ Տարածքը մշտապես հրդեհների մեջ է, գարշահոտությունը՝ անտանելի։ Մոտավոր հաշվարկներով՝ աղբի ծավալը հասնում է շուրջ 2 միլիոն տոննայի։

KfW բանկի ֆինանսական աջակցությամբ եւ ՀՀ ՏԿԶՆ (հիմա՝ ՏԿԵՆ) համակարգմամբ՝ մշակվել է «Կոշտ թափոնների ինտեգրված կառավարման համալիր» ծրագիրը։ Նպատակն էր՝ ստեղծել թափոնների կառավարման մի համակարգ, որը կներառեր Վանաձորի եւ հարակից համայնքների բոլոր տեսակի թափոնների հավաքումն ու տեղափոխումը։ Պետք է բարձրանար ծառայությունների որակը, թափոններն անվտանգ տեղափոխվեին ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նոր սանիտարական աղբավայր, ներդրվեին աղբի նվազեցման, վերամշակման եւ կրկնակի օգտագործման մեխանիզմներ։
Նախատեսվում էր նոր աղբավայրի նախագծում եւ կառուցման վայրի ընտրություն, մասնավոր հատվածի ներգրավման հնարավորության գնահատում (աղբյուր՝ Վանաձորի 2017-2021 թթ․ հնգամյա զարգացման ծրագիր)։ Այս հետազոտությունները պետք է հիմք հանդիսանային KfW բանկի ֆինանսավորման վերջնական որոշման համար։ Վանաձորը պիտի ունենար ժամանակակից աղբահանման տեխնիկա, եվրոպական չափանիշներին համապատասխան տեսակավորող տարողություններ, եւ պիտի սկսվեր նոր աղբավայրի կառուցումը։ Թմբկահարվում էր, որ կնվազեն մեթանի եւ ածխաթթու գազի արտանետումները, կկիրառվեն աղբավայրային գազի որսման եւ օգտագործման մեթոդներ։ Չմոռանանք նաեւ աղբավերամշակման գործարանի կառուցման խոստումները։

Բայց ընթերցողն արդեն նկատել է՝ «ենթադրվում էր», «նախատեսվում էր», «պիտի սկսվեր», «պիտի կիրառվեր»։ Այս ամենն այդպես էլ իրականություն չդարձավ։ Որքա՞ն գումար է ծախսվել այդ «հրաշք» ծրագրերի մշակման վրա՝ անհայտ է։ Ինչո՞ւ չեն իրականացվել՝ նույնպես։ Կառավարության նիստում վարչապետը կարեւորել է աղբի հավաքման, կառավարման եւ վերամշակման ամբողջական շղթայի ձեւավորումը, հանձնարարել է խթանել ոլորտում գործող ընկերությունների գործունեությունը, շարունակել ռազմավարական աշխատանքները եւ սեղմ ժամկետում ներկայացնել համապարփակ ռազմավարություն՝ հստակ ժամանակացույցով։ Իսկ կառավարությունը հետեւողական եղե՞լ է, վերադարձե՞լ է իր իսկ որոշումներին ու հանձնարարություններին։ Տեսնելով Արջուտի աղբավայրից վեր բարձրացող գարշահոտ ծխի հորդահոս քուլաները՝ պատասխանը մեկն է` ոչ։ Իսկ ինչո՞ւ… Անիմանալի են գործերը մեր կառավարության։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image