Քաղաքականություն

Պաշտոնյաների եղբայրները Աբովյանում վերահաշվարկի ժամանակ «դեբոշ» են սարքել

Պաշտոնյաների եղբայրները Աբովյանում վերահաշվարկի ժամանակ «դեբոշ» են սարքել

Ռոմանոս Պետրոսյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն համակերպվում Աբովյանում կրած պարտության հետ եւ բողոքարկել են ընտրությունների արդյունքներն ու 25 տեղամասում վերահաշվարկի պահանջ ներկայացրել։ Մենք գրել էինք, որ առաջին օրը 4 ընտրատեղամասում վերահաշվարկի ժամանակ ՔՊ-ի ձայներն ավելանալու փոխարեն մի բան էլ պակասել են, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ յոթով ավելացել։ Երեկ վերահաշվարկը շարունակվել է եւս 10 տեղամասում։ Այն կատարվում է Աբովյանի քաղաքապետարանի շենքում, որտեղ գտնվում է տարածքային ընտրական հանձնաժողովը։

Երեկ վերահաշվարկն անցել է լարված մթնոլորտում՝ ՔՊ-ականները տեսել են, որ իրենց ձայները նվազում են՝ փոխանակ ավելանան, քանի որ այն հանձնաժողովներում, որտեղ նախագահը ՔՊ-ական է եղել, եւ ՔՊ-ի օգտին քվեարկված, բայց անվավեր քվեաթերթիկները վավեր են ճանաչվել, իսկ վերահաշվարկի ժամանակ դրանք նորից անվավեր են ճանաչել։ Այս փաստից նեղված՝ նրանք սկսել են վիճել հանձնաժողովի անդամների հետ։ Մեզ պատմեցին, որ վերահաշվարկի ժամանակ ներս են մտել Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, եւ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Պավել Ցուգունյանի շտաբի պետ Ավետ Կոնջորյանը, որն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն է։ Նրանք մտել են ներս ու աղմուկ բարձրացրել հաշվարկի ժամանակ՝ սպառնալով հանձնաժողովի անդամներին, թե «սա խայտառակություն է, սենց չի կարա շարունակվի, բոլորդ դատվելու եք» եւ այլն։

Հետո Ավետ Կոնջորյանը մտել է հանձնաժողովի անդամներից մեկի թեւը, նրան մի կողմ տարել եւ ականջին շշնջացել, թե՝ «հեսա ձեր շեֆերը ձեզ կզանգեն»։  

Շեֆը, ենթադրաբար, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, որը քիչ անց զանգահարել է, եւ վերահաշվարկի պրոցեսը կարճ ժամանակով ընդմիջվել է, հետո նորից շարունակվել։ Երբ նորից սկսել են հաշվել, ՔՊ-ի անվավեր քվեաթերթիկներից երեքը, չգիտես ինչպես, հանձնաժողովը որոշել է վավեր համարել։ Սակայն, դրանով հանդերձ, էլի ՔՊ-ի ձայները 14 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներով մոտ 15 ձայնով պակասել են։

Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ Աբովյանում վերահաշվարկի ժամանակ լարվածություն է առաջացել․ «Էնտեղ կողմերի, վստահված անձանց եւ մյուսների միջեւ որոշակի լարվածություն է առաջացել, առավոտյան մենք էլ մեր կողմից ներկայացուցիչ կուղարկենք, որ ավելորդ որեւէ լարվածություն չառաջանա՝ կանխեն, եւ հանձնաժողովը կշարունակի վերահաշվարկի գործընթացը»։ Տ․ Մուկուչյանն ասաց, որ այդ վեճը եւ լարվածությունն առաջացել են մի քվեաթերթիկի անվավեր կամ վավեր ճանաչելու հետ կապված հարցի շուրջ։ Նաեւ ասաց, որ երբ իրեն տեղեկացրել են, որ ներսում քաշքշոց է կամ վիճաբանություն, ինքն անմիջապես զանգահարել է տարածքայինի նախագահին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Դրանից հետո 10-15 րոպեով ընդմիջում են արել, որ կրքերը հանդարտվեն, ապա շարունակել են։

Մեր դիտարկմանը, թե դրանից հետո ՔՊ-ի անվավեր քվեաթերթիկները դարձել են վավեր, Մուկուչյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ դրանից հետո ինչ է եղել, որովհետեւ տեղում չեմ եղել, եւ ցանկացած քվեաթերթիկ վավեր կամ անվավեր դարձնելու ժամանակ տարածքային հանձնաժողովը մեզնից ամեն անգամ չի հարցնում՝ ինչ անի։ Դա իրենք են որոշում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image