Այլ

Լույսը հաղթում է, երբ խավարը դուրս է գալիս խորշերից

Լույսը հաղթում է, երբ խավարը դուրս է գալիս խորշերից

Այս օրերին մեր Եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկը շատերին ընկճում է։ Գորշ իրողություններ, ներքին լարում, կասկածներ, անորոշություն է  մարդկանց մեջ։ Բայց հենց այդ մութ պատկերի մեջ ես լույս եմ տեսնում։ Եվ ուզում եմ այդ լույսը կիսել։

Աստվածաշնչում կա մի կարևոր, հզոր ուղերձ․ Հուդան՝ մատնիչը, դավաճանը, եղել է հենց այն տասներկուսու մեջ, որոնք ամենամոտն էին Քրիստոսին։ Այսինքն՝ մարդկության պատմության ամենաարդար և ամենասուրբ միջավայրում անգամ եղել է մեկը, որը խանգարել է, պառակտել, փորձել քանդել ներսից։ Դա նշանակում է մի բան․ հուդաները՝ որպես երևույթ, ժամանակի հատկություն են, ոչ թե բացառություն։
Եվ հենց այստեղ է իմ հույսի հիմքը։

Այսօր, երբ մեր Եկեղեցու ներսում և շուրջը ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ծառայության հանդեպ անվստահություն են առաջացնում, որոնք գործում են պառակտիչ կերպով՝ շատերը սա ընկալում են որպես անկում, ճգնաժամ։ Բայց եկեք մի րոպե դադարենք ու հարցնենք՝ ո՞րն է ավելի վտանգավոր։ Հուդան՝ թաքնվա՞ծ, թե՞ հայտնված։

Երբ չարիքը փակ է, երբ այն լռելյայն գործում է ստվերում, երբ մենք չենք կարող տեսնել իրական դեմքը՝ վտանգն ավելի մեծ է։ Այդպիսի իրավիճակում ժողովուրդը պաշտպանված չէ, որովհետև չգիտի՝ ում վստահել, ումից զգուշանալ։
Իսկ երբ չարիքը բացահայտվում է, երբ արդեն գիտես, թե ինչ հիվանդություն ունես, դա ոչ թե թուլացում, այլ բժշկում է։ Պատմությունը բազմիցս է ցույց տվել, որ հենց ճգնաժամի պահին է սկսվում մաքրումը։ Հուդաները գալիս, հայտնվում, աղմուկ են բարձրացնում, բայց չեն մնում ։ Նրանք ժամանակավոր են։ Միշտ ժամանակավոր։
Եկեղեցին՝ որպես աստվածատուր հաստատություն, և ժողովուրդը՝ որպես հավատքի կրող, մնացել են բոլոր ժամանակներում, անցել են պատերազմների, ճնշումների, բացահայտ դավաճանությունների միջով և միշտ դուրս եկել ավելի մաքրված, ավելի ամրացած։

Եթե այսօր տարբեր եկեղեցիներում, տարբեր համայնքներում այս կամ այն անձը, այս կամ այն խմբակը փորձում են պառակտել, թուլացնել, կասկածի մեջ գցել՝ սա ոչ թե Եկեղեցու վերջի նշան է, այլ հենց նրա առողջանալու սկիզբը։
Որովհետև, երբ հուդաները տեսանելի են դառնում, նշանակում է՝ մաքրագործման գործընթացն արդեն սկսվել է։ Լույսը հաղթում է, երբ խավարը դուրս է գալիս  խորշերից։ 

Ուստի պետք չէ հուսահատվել։ Հակառակը՝ պիտի տեսնել մեծ գործընթացի տրամաբանությունը․ թաքնվածը հայտնվում է, խավարն ի հայտ է գալիս լույսի մեջ, իսկ լույսը խավարին երբեք չի պարտվել։
Մեր Եկեղեցին ունենալու է դժվար օրեր, բայց նաև՝ մեծ հաղթանակ։ Հիմա՝ այս բացահայտումների, շփոթությունների, ցավերի փուլում, իրականում հիմնվում է նոր, մաքրված, ինքնագիտակից եկեղեցական կյանք։  Ու պատճառն այն է, որ այսօր ի հայտ են գալիս նրանք, մանրերը,  ովքեր միշտ գոյություն են ունեցել, բայց չեն երևացել։ Եվ եթե նրանք երևում են, նշանակում է՝ ճանապարհը լուսավորվում է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image