Հարցազրույց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ
-Իլհամ Ալիևը երեկ հերթական անգամ իր ելույթում սպառնալից հայտարարություններով է հանդես եկել: Որո՞նք էին Ալիևի ելույթի հիմնական ուղերձները և ինչպե՞ս կգնահատեք այդ ելույթը:
-Երեկ Ադրբեջանի նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ ամփոփելու ընթացիկ տարվա առաջին վեցամսյակի արդյունքները, որի ժամանակ էլ հանդես է եկել ելույթով: Կարծում եմ ճիշտ կլինի առանձնացնել հիմնական մի քանի կետեր, որպեսզի ավելի հստակ երևա ելույթի ուղերձները՝
Նախ, իմ տպավորությամբ ադրբեջանական կողմը հերթական սադրանքների գնալու ահազանգ էր հնչեցնում: Ալիևը, մասնավորապես, իր խոսքում նշել է. «ՀՀ–ն չի կատարում նոյեմբերի 9–ին հայտատարությամբ ստանձնած պարտավորությունները: Մենք այդ հարցը բարձրացրել ենք ռուսական կողմի առաջ: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հավաստիացրել է, որ մինչև հունիս ամիսը ՀՀ ԶՈւ–ն դուրս կգան Ղարաբաղից (Արցախից), սակայն արդեն հուլիս ամիսն է, բայց դա չի իրագործվել: Ռուսական կողմը չի հարկադրել նրանց դա անել: Դա մեզ համար անթույլատրելի է: Եթե Հայաստանը իր զինված միավորումները դուրս չբերի, թող մեզ բաց տեքստով դա ասեն, քանի որ մենք մեր անելիքը գիտենք...»: Այստեղ կային բողոքներ հասցեագրված ռուս խաղաղապահներին, ինչպես նաև հնարավոր նոր ագրեսիայի գնալու հստակ սպառնալիք: Ալիևը նաև նշեց իր խոսքում, որ «թեև այս վերջին վեց ամիսների ընթացքում քայլեր են ձեռնարկվել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց իրական արդյունքներ դեռ չկան: Թեև պատերազմից անցել է մեկ ու կես տարի, բայց Հայաստանը դեռևս չի կատարում իր ստանձնած պարտավորությունները»: Շարունակ հայկական կողմի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով՝ Ադրբեջանի նախագահը ցույց է տալիս նոր էսկալացիաների գնալու իր անթաքույց ցանկությունը: Այս ամենը համեմվում է «խաղաղություն» բառով և դրա իմիտացիայով՝ նախատեսված արտաքին աշխարհի համար: Խոսելով սահմազատման գործընթացի մասին Ադրբեջանի նախագահն ասել էր. «Գալիք ամսում (օգոստոսին) կկայանա սահամազատման հանձնաժողովի հարցերով երկրորդ նիստը: Հուսանք սա ավելի գործնական բնույթ կկրի, մենք արագ արդյունքեր ենք ակնկալում, քանի որ սա երկարատև գործընթաց է, բայց մենք այն հաջողությամբ ավարտի կհասցնենք»: Նշեմ, որ ադրբեջանական կողմի ընկալմամբ, այդ գործընթացի ավարտին Հայաստանը պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, իսկ հայկական կողմը նշել է, որ տեսնում է Արցախի հարցն ու սահմանազատման գործընթացը իրարից անջատ:
-Այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ: Այդ ֆոնին Թբիլիսիում տեղի է ունենում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:
-Ալիևի երեկվա եկույթից հետո դա ավելի քան սպասելի էր: Հիշեցնեմ, որ վերջին երկու զոհերը, որոնք ունեցել ենք հակառակորդի կողմից արձակված կրակի հետևանքով, եղել են Ալիևի ելույթից մեկ կամ երկու օր անց: Խոսքը Դավիթ Վարդանյանի և Հրաչ Փիլիպոսյանի մասին է: Ալիևը իր ելույթներով, ինչպես նշեցի, նոր էսկալացիայի հրահանգ է տալիս:
Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպմանը, ապա մենք անգամ չգիտենք, թե ինչ օրակարգ ունի հայկական կողմը կամ ինչի վերաբերյալ է այս հանդիպումը, իսկ Ադրբեջանի նախագահը երեկ այդ հանդիպման մասին նշելով ասել է. «Մենք արդեն սեղանին դրել ենք, թե ինչ հարցերի շուրջ պետք է քննարկում ընթանա: Այդ հանդիպումը դրական արդյունք կունենա, եթե Հայաստանը ձևավորի «Խաղաղության պայմանագրի» վերաբերալ բանակցությունների իր աշխատանքային կազմը»:
-Ալիևի ելույթի նույն օրը՝ երեկ ՀՀ վարչապետը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում կրկին խոսեց խաղաղության օրակարգի մասին:
-Խնդիրը խաղաղության օրակարգը չէ, այլ դրանում բովանդակության իսպառ բացակայությունը: Խաղաղության մասին խոսել են ՀՀ բոլոր նախկին ղեկավարները: Այսօր Ալիևն էլ է խոսում խաղաղությունից, դրա ներքո դնելով հստակ տարածքային նկրտումներ: Որպեսզի ցույց տամ, թե որքան կտրված է ՀՀ ղեկավարությունը իրականությունից մի օրինակ բերեմ. այն դեպքում, երբ և՛ Արցախում և՛ ՀՀ–ի հետ սահմանի երկայնքով Ադրբեջանը տեղակայում է հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումներ, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ իր կառավարության քաղաքականության տրամաբանությունն այն է, որ «Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց Զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ»: Սա խաղաղության օրակարգ չէ, սա ինքնաոչնչացման օրակարգ է, պետականության կործանման օրակարգ, որովհետև չես կարող նման բաներ խոսել այն պարագայում, երբ հակառակորդիդ գործողությունները փաստում են ակնհայտ սադրանքների, էսկալացիաների, միգուցե նաև ավելի լայնամասշտաբ գործողություններ գնալու վտանգի մասին: Փոխարենը նախապատրաստեն երկիրը դրան դիմակայելուն, առավոտից երեկո խոսում են երևակայական և անհիմն բաների մասին: Միգուցե վարչապետին թվում է, որ խաղաղություն բառը շատ կրկնելով խաղաղություն են կառուցում, բայց իրականությունը այլ է, խաղաղության համար պետք է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ, պետք է ձևավորել այնպիսի անվտանգային համակարգ, որ հակառակորդդ միշտ գերադասի բանակցել քեզ հետ, այլ ոչ թե իր հարցերը լուծել ռազմական ճանապարհով:
-Վերջին հարցը՝ Ադրբեջանի նախագահը երեկվա իր ելույթում նաև նշեց, որ նախատեսվում է ԵՄ-ի հետ էներգառեսուրսների մասով նոր համաձայնագրի ստորագրում:
-Այո, Ալիևն իր խոսքում նշեց, որ «մոտ օրերս ԵՄ–ի և Ադրբեջանի միջև կստորագրվի կարևոր փաստաթուղթ: Դա վերաբերում է էներգետիկ անվտանգությանը: Այն ավելի կխորացնի համագործակցությունը Ադրբեջանի և ԵՄ–ի միջև»: Հավելեմ, որ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը կայցելեն Ադրբեջան: Վստահաբար խոսքը գազային հնարավոր գործարքների մասին է, որի քննարկումները սկսել էին դեռևս այս տարվա փետրվար ամսին։ Այդ ժամանակ էլ Ադրբեջանը ստացավ ԵՄ–ից 2 միլիարդ եվրո՝ առանց որևէ հստակեցման, թե որ ոլորտների համար են արվել այդպիսի հատկացումները: Ակնհայտ է, որ Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի արտահանման մասին համաձայնագիր կնքել՝ նվազեցնելու Եվրոպայում ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը: Բայց ուշագրավն այն է, որ այս տարվա փետրվարին Պուտինի և Ալիևի միջև ստորագրված դաշնակցային հռչակագրի 25-րդ կետում նշված է. «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը զերծ կմնան մյուս կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց»: Իսկ այն գործարքը, որը նախատեսված է Ադրբեջանի և ԵՄ–ի միջև ակնհայտորեն հակասում է այս կետին: Ես արդեն չեմ խոսում ԵՄ–ի կողմից հռչակված արժեքների և սկզբունքների մասին, ինչպիսիք ենք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որոնք հենց ինքը ԵՄ–ն ոտնահարում է կամ անտեսում, քանի որ շուտով Եվրահանձնաժողովի նախագահն անձամբ գործարքի կգնա բռնապետ Ալիևի հետ: