Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին, ինչպես հայտնի է, հանդիպել են Երեւանում։ Պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները:
«Քննարկվել են նաեւ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսեւորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձեւաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում շարժման ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարեցին մասնակիցները:
Սակայն, մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները, ինչը նշանակում է օրենսդրության, ինչպես նաեւ այլ միջոցառումների սինխրոնիզացում Հայաստանում եւ Արցախում։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո սույն միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում։ Որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի, ՔՊ-ականները, սակայն, 2021-ի ընտրություններից հետո հանձնաժողովն այդպես էլ չձեւավորեցին եւ այնքան վախեցած են, որ խուսափում են ձեւավորելուց ու նիստեր հրավիրելուց։