Մայիսի 2-ին Գյումրու նորընտիր ավագանու հերթական նիստն է։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն փորձելու է բոյկոտել ավագանու նիստերը։ Իշխող կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ Իշխանականները կարծում են, որ Գյումրիում նոր ընտրություններ պետք է անցկացնել։
Գյումրիի քաղաքապետի նախկին ԺՊ, ՔՊ ավագանու անդամ Սարիկ Մինասյանը hraparak.am-ի հետ զրույցում ասել էր.
«Մենք չենք խուսափում մեր պատասխանատվությունից։ Նիստը կլինի, և մենք կմասնակցենք։ Օրակարգին կծանոթանանք: Իշխանության ձևավորմանը չենք մասնակցի, բայց մնացածը օրակարգին ծանոթանալուց հետո, իհարկե, կորոշենք»։
Մայիսի 2-ի ավագանու նիստի օրակարգում փոխքաղաքապետերի ընտրության հարցն է։ Այսինքն ձևավորվում է համայնքային իշխանությունը։ Այդ օրը կընտրվեն նաև հանձնաժողովների նախագահները։Կոմունիստական կուսակցության ցուցակով քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը չեն զիջելու, թեկնածուն փեսան է՝ դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը, որը Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին եղել է ավագանու անդամ ՝ «Հայկական վերածնունդ» խմբակցությունից։
Ուշագրավ է, սակայն, որ քաղաքապետի երկրորդ տեղակալի պաշտոնում ևս առաջադրվելու է Կոմունիստական ցուցակով ավագանու անդամ Գագիկ Մանուկյանը, քանի որ, մեր տեղեկություններով, երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնի համար մյուս քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրելու։
Նշենք, որ Գագիկ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի նախկինում քաղաքապետ եղած տարիներին էլ է զբաղեցրել փոխքաղաքապետի պաշտոնը։ Ղուկասյանի մտերիմ ընկերն է, տարեկից են, ԱԺ պատգամավոր է եղել։