Հասարակություն

Ինչո՞ւ է ադրբեջանագետ Էլիբեգովան հրավիրվել ԱԱԾ

Ինչո՞ւ է ադրբեջանագետ Էլիբեգովան հրավիրվել ԱԱԾ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ բացատրություն տալու համար է այնտեղ։ Նա այլ մանրամասներ չկարողացավ հայտնել ու խոստացավ դուրս գալուց հետո խոսել։

Սահմանադրական իրավունքի մասնագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Էլիբեգովան, ամենայն հավանականությամբ․ ԱԱԾ-ում է՝ կապված հանցագործության մասին հաղորդման հետ։ 

«Եթե կհիշեք նախորդիվ, երբ մեզ այն հայտնի գործով [«Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան էջի] տարան Ազգային անվտանգության ծառայություն, հետո աղմուկ բարձրացավ, իշխող ուժի արբանյակները, հավանաբար չհանդուրժելով տիկին Էլիբեգովայի բարձր հանրային վարկանիշը, սկսեցին ֆեյք օգտահաշիվներով արատավորող տեղեկություններ տարածել առ այն, որ ինքն իբր Ադրբեջանին տեղեկատվություն է մատուցում և այլն։ Դրա հետ կապված, ինչպես տիկին Էլիբեգովան հայտարարել էր, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ մասնավորապես սուտ մատնության հիմքով», - ասաց Մելոյանը։

Նրա համոզմամբ՝ Էլիբեգովան հենց այս հաղորդման հիմքով է հրավիրվել ԱԱԾ։

Ֆեյսբուքյան օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» գործով Էլիբեգովան ու Գոհար Մելոյանը նույնպես այս տարվա փետրվարի 19-ին հրավիրվել էին ԱԱԾ։ Այս դեպքից հետո իշխանություններին աջակցող ինչ-որ կասկածելի խմբեր սկսել էին սուտ տեղեկություններ տարածել ադրբեջանագետի մասին, որի հետ կապված էլ նա փետրվարի 21-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ «առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն»։

«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են: Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։

Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար», - գրել էր Անժելա Էլիբեգովան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image