Գյումրու փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, այսօր ունեցած ասուլիսին անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, թե Գյումրիիում արագացված ձևով ՏԻՄ ընտրություններ պիտի անցկացվեն, փոխքաղաքապետը իշխանություններին կոչ արեց դադարեցնել քաղաքական հետապնդումները։
«2025 թվականին մենք տեսանք, որ Գյումրիում տեղի ունեցան արդար և թափանցիկ ընտրություններ, որոնց ընթացքում շուրջ 30 հազար քաղաքացի իր ձայնը տվեց ընդդիմությանը։ Ընդդիմությունը միասնական կերպով ընտրեց քաղաքապետ։ Հիմա ես Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ դադարեցնել անհարկի հետապնդումները։ Այս շինծու, կարված գործը, որն արդեն փուչիկի նման պայթում է, ակնհայտ է դառնում յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում։ Ես անձամբ մասնակցում եմ Վարդան Ղուկասյանի դատական նիստերին և տեսնում եմ, որ վկաները հրաժարվում են իրենց նախկին ցուցմունքներից, համոզիչ ապացույցներ չեն ներկայացվում։
Փաշինյանին հորդորում եմ դադարեցնել այս անհարկի հետապնդումները և հնարավորություն տալ, որ մենք աշխատենք։ Թող Գյումրին հանգիստ թողնեն, և բոլորը կտեսնեն, թե ինչպես է քաղաքը զարգանում ու ծաղկում»,- ասաց նա։
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե նոր ընտրություններ անցկացնելու համար օրենքով անհրաժեշտ են որոշակի հիմքեր, այդ թվում՝ կառավարման ճգնաժամի առկայությունը, և ինչպիսի՞ վտանգներ է այս պահին տեսնում, որ իշխանությունները կարող են գնալ նման սցենարի, Ավետիս Առաքելյանը պատասխանեց.«Այս երկրում ժողովրդավարություն գոյություն չունի, դա միֆ է։ Եթե իրական ժողովրդավարություն լիներ և ընտրություններն անցկացվեին լիարժեք հավասար պայմաններում, ապա քաղաքական պատկերը բոլորովին այլ կլիներ։ Այս իշխանության համար, ցավոք, կարմիր գծեր գոյություն չունեն։ Օրենքի հետ վարվում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Դրա մասին բազմիցս ենք խոսել, և, իմ կարծիքով, դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ արդեն շուրջ յոթ-ութ ամիս է՝ մեր ընտրված քաղաքապետը գտնվում է կալանքի տակ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ մեթոդներով են փորձում ազդել քաղաքական գործընթացների վրա։ Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ եթե որոշեն Գյումրիում քաղաքական ճգնաժամ կամ կոլապս ստեղծել, ապա կարող են անգամ ինձ կալանավորել և այդ կերպ փորձել հասնել իրենց նպատակին։ Նման մեթոդներ մենք արդեն տեսել ենք նախկինում։ Եթե ցանկություն լինի ճգնաժամ ստեղծելու, դրա համար տարբեր գործիքներ կարող են կիրառվել»,- ասաց նա` ընդգծելով, որ գյումրեցիների ընտրությունը պետք է հարգվի, իսկ քաղաքային իշխանություններին հնարավորություն տրվի աշխատել՝ առանց քաղաքական և իրավական ճնշումների։Անդրադարձ եղավ նաև Անի թաղամասի ճանապարհների վիճակին և դրանց վերականգնման ծրագրերի ընթացքին, որոնց մասին օրերս խոսել էր նաև Փաշինյանը։
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, որ թաղամասի փողոցների հիմնանորոգման ծրագիրը իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ՝ վարկային և դրամաշնորհային բաղադրիչներով։Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամբողջ ընթացքում այս մեծածավալ ծրագրից իրականացվել է միայն մի հատվածը։
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը երկար ժամանակ ձգձգվել է՝ պայմանավորված տարբեր տեխնիկական ու ընթացակարգային գործընթացներով։ Միաժամանակ ընդգծեց, որ վերջին շրջանում քաղաքային իշխանությունները փորձել են արագացնել աշխատանքները և դուրս բերել ծրագիրը գործնական փուլ։Գյումրու ներկայիս վարչակազմին հաջողվել է կարճ ժամանակահատվածում հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկները, ինչը թույլ կտա շուտով տեսանելի արդյունքներ գրանցել թաղամասի ճանապարհաշինության ոլորտում։
«Այս ընթացքում հաջողվել է որոշ հարցեր տեղից շարժել, ինչի շնորհիվ առաջիկայում արդեն հնարավոր կլինի անցնել շինարարական աշխատանքների իրական փուլին»,– նշեց նա։