Հարցազրույց

Մենք պետք է սկսենք ինքներս մեզանից, այլ ոչ թե «մուննաթ» գանք սրա- նրա վրա

Մենք պետք է սկսենք ինքներս մեզանից, այլ ոչ թե «մուննաթ» գանք սրա- նրա վրա

«Հայկական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը բառացիորեն հեղեղված են ամերիկացիների և ռուսների կողմից գեներացվող գործընթացների շուրջ քննարկումներով, որոնք վերաբերում են Հայաստանին և Արցախին։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշեց կրկին շրջանցել 907-րդ ուղղումը (այս ուղղումն արգելում է ԱՄՆ-ին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին) և որոշեց ռազմական օգնություն տրամադրել ահաբեկչական ագրեսոր երկրին՝ Ադրբեջանին։ Սրան զուգահեռ նույն ԱՄՆ-ն մեծ գումարներ է հատկացնում Հայաստանին` այն երկրի հետ «խաղաղության օրակարգի» համար, որին որոշել են «մի քիչ զինել» հայերի դեմ։ Ցինի՞զմ է։ Իհարկե՛»,- «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերջինս գտնում է, որ սա շատ կոպիտ է, բայց համապատասխանում է իրական քաղաքականության օրենքներին: Աբովյանը գտնում է․ «Սա յուրօրինակ աջակցություն է Ադրբեջանին` ուկրաինական զինված ուժերին օգնություն ցուցաբերելու համար (գաղտնիք չէ, որ ուկրաինական տանկերի վառելիքի և քսանյութերի շատ լուրջ բաժինը անվճար մատակարարում է ադրբեջանական նավթային հսկան` «Սոկար»-ը): Սա նաև Իլհամ Ալիևի ռեժիմի արժանիքների մասնակի ճանաչում է` եվրոպացիների համար ռուսական գազը ադրբեջանական գազով հրատապ փոխարինելու հարցում (օրինակ, Բուլղարիան այժմ օգտագործում է միայն ադրբեջանական գազը՝ հրաժարվելով ռուսական գազից): Սա նաև Ադրբեջանում պետական մակարդակով կենդանական ռուսաֆոբիայի աջակցությունն է։ Ոչ պակաս կարևոր է նաև Ալիևին ուղղված «երախտագիտությունը» ԱՄՆ-ից՝ ֆինանսական և վառելիքային ոլորտներում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու համար։ Մի խոսքով, ամեն ինչ միանգամայն սպասելի ու հասկանալի է։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակի լուծարման մասին ռուսական կողմի սենսացիոն հայտարարություններին, ապա այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ է և պահանջում է մանրամասն ուսումնասիրություն։ Նախ պետք է նշել, որ Ռուսաստանն, իհարկե, քաջատեղյակ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանում ռուսական գործոնը իջեցնելուն միտված խաղ է խաղում՝ ռուսներին տարածաշրջանից հետագայում դուրս մղելու հեռանկարով: Նվազագույնը պայմաններ ստեղծելու համար, որպեսզի չերկարաձգի  ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը Արցախում։ Սա պարզ է, սակայն ռուսական կողմը կարծես թե միտված չէ դիտարկել այլեւս ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես արցախա-ադրբեջանական խնդրի լուծման հիմնական հարթակ։ Ինչու՞․․․»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսեցին ֆրանսիացիներն ու ամերիկացիները, որոնք միանշանակ կողմ արտահայտվեցին ԵԱՀԿ ՄԽ մանդատի երկարացմանը և նույնիսկ համաձայնեցին աշխատել ռուսների հետ այս ձևաչափով։ Իսկ Ռուսաստանն իր հերթին կարծում է, որ հավաքական Արևմուտքն այժմ խաղում է իր տարածաշրջանային ներկայությունը ամրապնդելու խաղ՝ տարածաշրջանը վերահսկելու հարցում ռուսների դերը կտրուկ իջեցնելու համար, ակտիվացնելով բանակցային գործընթացների ձևաչափերը (Բրյուսելի գագաթնաժողովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումը, երկկողմ հանդիպումները և այլն): Ռուսները հիմա երկու խնդիր են լուծում։ Նախ՝ փորձում են կանխել արևմտյան վեկտորի ակտիվացումը տարածաշրջանում և Բաքվի ռեժիմի հետ խաղակցումը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախում երկրորդ ճակատի բացումը թույլ չտալու համար։

Ռուսներն այժմ բոլոր հնարավոր միջոցներով լոկալ խնդիր են լուծում՝ տարածաշրջանում հարաբերական «կայունություն» ապահովելու համար, բայց ամեն ինչ հակառակը կլինի, քանի որ պայմանական հայ-ադրբեջանական բալանսի վրա խաղալը ընդհակառակը դրդում է թուրք-ադրբեջանական օկուպանտներին ռազմական իրավիճակի ուժգնացմանը։ Նույն ռուս վերլուծաբանների բացարձակ մեծամասնությունը նշում է, որ թուրք-ռուսական անխուսափելի բախումը ռուսների կողմից հետաձգելու այս փորձերը կհանգեցնեն իրադարձությունների հետագա բացասական զարգացմանը։ Իսկ մեզ` այս տարածաշրջանային խաղերի մեջ պետք է դադարել մեղադրել ռուսներին, եվրոպացիներին ու ամերիկացիներին մեր խնդիրների մեջ։ Նրանք պաշտպանում են իրենց շահերը, սակայն իրականում շարժվում են Հայաստանի ներկայիս իշխանության կողմից Հայաստանի քաղաքական և դիվանագիտական շահերի տոտալ զիջման տրամաբանության ներքո և առաջին հերթին մենք պետք է սկսենք ինքներս մեզանից, այլ ոչ թե«մուննաթ» գանք՝ սրա, նրա վրա։ Եվ եթե Հայաստանը հրաժարվում է պաշտպանել իր իսկ շահերը` ազգային կործանման սպառնալիքը անվանելով «խաղաղության դարաշրջան», ապա ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները հայերի փոխարեն չեն պայքարի Հայաստանի և Արցախի շահերի համար»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image