Հասարակություն

«Հրապարակ». Կիսագրագետ անտառապահներն էկոպարեկներ են դարձել

«Հրապարակ». Կիսագրագետ անտառապահներն էկոպարեկներ են դարձել

Էկոպարեկային ծառայությունում, հատկապես Տավուշի մարզում, շատ են թափուր պաշտոնները։ Նախկին անտառապահների զգալի մասը, որոնք համապատասխան կրթություն չունեն, դարձել են էկոպարեկներ։ Սակայն ոչ բարձր աշխատավարձը, կոնֆլիկտային աշխատանքը պատճառ են դարձել, որ Տավուշի մարզում էկոպարեկների տասնյակ հաստիքներ թափուր մնան` չհամալրվեն։ Էկոպարեկային ծառայությունը Տավուշում էկոպարեկների հաստիքների համալրման մասին հայտնում է․ «Էկոպարեկային ծառայության կադրային համալրման բազմափուլ գործընթացը թեւակոխեց իր ամենավճռական՝ հարցազրույցի փուլը, որն ամփոփում է ֆիզիկական պատրաստվածության ստուգումներն ու մասնագիտական գիտելիքները գնահատող մրցութային թեստավորումը։ Անցկացված այս փուլը նպատակ ուներ բացահայտել այն թեկնածուներին, ովքեր ունեն ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ու պատրաստվածություն, այլեւ տիրապետում են բարձրագույն անձնային որակների եւ էթիկայի՝ հանդիսանալու Ծառայության անբաժանելի մասը։ Թափանցիկության սկզբունքի պահպանումը եղել է գործընթացի անկյունաքարը, ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր մասնակիցների համար։ Հարցազրույցի արդյունքները կլինեն վերջնական գործոնը՝ որոշելու Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքները համալրող ապագա էկոպարեկային ծառայողներին»։

Մինչդեռ էկոպարեկային ծառայության ղեկավարներն իրենք մասնագիտական կրթություն չունեն, անտառագետ, բնապահպան չեն։ 2025թ․ հոկտեմբերի 16-ին շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Դուք, էկոպարեկային ծառայության շատ պաշտոնյաներ չունեք բնապահպանական, անտառագիտական կրթություն, այդ հանգամանքը չի՞ խանգարում էկոպարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությանը»։

Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը պատասխանել է․ ««Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղարը եւ կենտրոնական մարմնի հիմնական աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, եւ վերջիններիս աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաեւ՝ ծառայությունում պաշտոնների նշանակվելու պայմանները, ծառայության պաշտոնի անձնագրի՝ կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ծառայության պետի տեղակալներից մեկին շնորհված է «Ճարտարագետ-անտառագետ»-ի բակալավրի աստիճան՝ «Անտառային ճարտարագիտական գործ» մասնագիտությամբ, եւ «Անտառագետի» մագիստրոսի աստիճան՝ «Անտառ-անտառպարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությամբ»։ Ղեկավար պաշտոնների նշանակելու գործը, իհարկե, կատարվում է օրենքի տառին համապատասխան` այստեղ խնդիր չկա, սակայն էկոպարեկային ծառայության աշխատանքում առկա բազում խնդիրները նաեւ այդ ծառայության ղեկավարների ոչ մասնագետ լինելու հետեւանք են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image