Քաղաքականություն

Ովքե՞ր եւ ինչո՞ւ ճանաչեցին Շուշիի ադրբեջանական պատկանելությունը

Ովքե՞ր եւ ինչո՞ւ ճանաչեցին Շուշիի ադրբեջանական պատկանելությունը

Ադրբեջանա-թուրքական կոնֆեդերացիա ստեղծելու ծրագրերն արդեն որոշակիանում են։ Դրա առաջին քայլը «Շուշիի հռչակագիրն» է, որից մեկ ամիս անց Բաքուն պաշտոնական հրավեր ուղարկեց Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին՝ Շուշի եւ Վարանդա այցելելու, որն ընդունեց 46 երկրի դիվանագետ։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, հրավերը չէին ընդունել՝ դրանից առաջ տարածելով հայտարարություն առ այն, որ ղարաբաղյան բանակցությունները պետք է շարունակվեն, եւ խնդրին պետք է վերջնական լուծում տրվի։

Բայց այս պարագայում առավել հետաքրքիր է ոչ թե այն, թե որ երկրները չեն գնացել Շուշի, այլ թե որոնք են գնացել եւ ինչու։ Մանավանդ որ դրանով այս երկրները, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, ճանաչում են Շուշիի ադրբեջանական պատկանելությունը։ Ո՞ր երկրներն են դրանք․ Ավստրիան, Բելառուսը, Բուլղարիան, Բրազիլիան, Չինաստանը, Աֆղանստանը, Ալժիրը, Պաղեստինը, Վրաստանը, Խորվաթիան, Հորդանանը, Իսրայելը, Շվեդիան, Շվեյցարիան, Իտալիան, Կոլումբիան, Կորեան, Քաթարը, Լատվիան, Հունգարիան, Մալայզիան, Մեքսիկան, Մարոկկոն, Նիդերլանդները, Պակիստանը, Լեհաստանը, Սերբիան, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան,  Ճապոնիան, Հունաստանը, Բելգիան, ԱՄԷ-ն, Չիլին, Էստոնիան, Իրաքը, Իրանը, Ղազախստանը, Լիտվան, Լիբիան, Ռումինիան, Սլովակիան, Սուդանը, Վենեսուելան։ 
Դեսպանների մակարդակով Շուշի այցելած երկրների ցանկում կան այնպիսիները, որոնց Շուշիում լինելը «բնական է»՝ պայմանավորված վերջիններիս քողարկված կամ անթաքույց աշխարհաքաղաքական եւ կամ պրոթուրքական դիրքավորումներով։

Դրանք են՝ Իսրայելը, Պակիստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը (վերջիններս ՀԱՊԿ-ում մեկ անգամ չէ, որ իրենց կեցվածքը ցուցադրել են), Վրաստանը եւ վերջապես՝ Թուրքիան։ Հատկապես հետաքրքիր է որոշ եվրոպական երկրների, Չինաստանի, Իրանի եւ Հունաստանի ներկայությունը։ Երկրներ, որոնք Թուրքիայի հետ լինելով մրցակցության մեջ, բնավ պրոթուրքական չլինելով՝ դիտարկվում էին որպես ռազմաքաղաքական ու տնտեսական այլընտրանք Ռուսաստանին։ Խոսքն Իրանի, Չինաստանի մասին է, իսկ Հունաստանը 44-օրյայի ժամանակ դիտարկվում էր որպես Հայաստան-Հունաստան-Եգիպտոս հակաթուրքական հնարավոր կոալիցիայի առանցքային երկիր։ Մի խոսքով՝ սա լուրջ ապտակ է ՀՀ արտաքին քաղաքականությանը, որը հասցրել է հարաբերություններ փչացնել անգամ շահերի ընդհանրություն ունեցող երկրների հետ։
Արմեն Բադալյանն ասում է․ «Հայաստանի նկատմամբ այդ երկրների քաղաքականությունն այնպիսին է, որ նրանք չպետք է որ կաշկանդված լինեն Շուշի գնալու հարցում։

Օրինակ՝ Չինաստանն ինչո՞ւ չպիտի գնա, երբ Հայաստանը հակաչինական այդ կառույցի անդամ է, որը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից։ Հայաստանը որոշակի գործողություններ է արել Իրանի դեմ 2018-ից սկսած։ Իրանը, բնական է, նկատել է, թե ինչպես են Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն հոգեւոր առաջնորդի դեմ ցույց կազմակերպում։ Իրանը չի մոռացել նաեւ բանկային համակարգի հետ կապված Երեւանի որոշակի գործողությունները։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա ճիշտ է՝ ժամանակին բավականաչափ աջակցել են, բայց 2018-ից հետո տեսան, որ ՀՀ-ն այդքան էլ մեծ ոգեւորություն չի դրսեւորում՝ իրականություն դարձնելու 2017-ի նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ կնքված համագործակցության պայմանագիրը, իսկ նրանք ազատ են իրենց արտաքին քաղաքականության մեջ։

Օրինակ՝ Լիտվան, որ ԵՄ-ում Լեհաստանի հետ Հայաստանի շահերն էր պաշտպանում, ի տարբերություն Լատվիայի եւ Էստոնիայի, որոնք երբեք դաշնակից չեն եղել, ամբողջովին ազատ է Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականության մեջ։ Կամ՝ Հունաստանը․ ժամանակին հակաթուրքական մի շարք երկրներ հակաթուրքական կոնֆերանս կազմակերպեցին, Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, եւ Հայաստանը կարող էր մասնակցել, բայց չմասնակցեց։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ Հունաստանն այլ կերպ պետք է նայի Հայաստանին, որն անթաքույց կերպով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեղմ արտաքին քաղաքականություն վարելու կողմնակից է»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասում է․ «Գնացողների մասով․ սա պետք է դիտարկել ինչպես Ադրբեջանի՝ այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի՝ այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների կոնտեքստում»։ Իսկ ինչո՞ւ էին այդ երկրները դիտարկվում որպես Հայաստանի դաշնակիցներ։ Սուրեն Սարգսյանն ասում է․ «Այդ բոլոր կոալիցիաները, որոնք առաջարկվում էին, կրում էին հակաթուրքական բնույթ։ Բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ ոչ բոլոր երկրները, որոնք կարող էին դառնալ հակաթուրքական կոալիցիայի անդամ, նաեւ հակաադրբեջանական քայլեր պետք է անեն։ Այս երկուսն իրարից պետք է անջատել»։
Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ Գերմանիայի դեսպանի բացակայությունը եւս ՄԽ-ի բացակայության կոնտեքստում է՝ ՄԽ դիրքորոշման նմանությամբ։ ԵՄ գլխամաս կամ սիրտ համարվող Բրյուսելի ներկայությո՞ւնը․ Սուրեն Սարգսյանն առաջարկում է Բրյուսելը չդիտարկել այդ կոնտեքստում, այլ որպես երկիր, որն ինքն է որոշում, թե իր դեսպանն ինչ այցելություններ կարող է անել։ «Օրինակ՝ ՀՀ-ի մուտքը հակաչինական ալյանս կարող էր ազդեցություն ունենալ Չինաստանի կողմից դեսպանի գնալու վրա։ Նաեւ կարող էր պայմանավորված լինել նրանով, որ Հայաստան էր այցելել չճանաչված Թայվանի էկոնոմիկայի նախարարը։ Իրանը․ նախ պետք է հասկանալ իրանաադրբեջանական հարաբերությունների կոնտեքստն ու վերջին 3 տարում՝ հայ-իրանական։

Այնպես որ, տարբեր հանգամանքներ կան, որ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվեն, թե որ երկրի դեսպանն ինչու է գնացել»։ Ըստ Սուրեն Սարգսյանի՝ ամենակարեւորն այն է, որ դրանից հետո ՀՀ արտգործնախարարության կողմից որեւէ արձագանք չեղավ, եւ դա կարող է դիտարկվել որպես մեր կողմից հավանության նշան։

Ի դեպ, նախկին մի դիվանագետ Հունաստանի հետ կապված բացատրեց՝ այդ երկիրն Ադրբեջանից նավթ է գնում, եւ տնտեսական շահեր ունեն Թուրքիա գնացող «Հարավային հոսքում»։ Իսկ մյուս երկրների առնչությամբ ասաց․ «Իսկ ինչո՞ւ չպիտի գնային․ Հայաստանը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ոչ ոք բանի տեղ չի դնում, Ադրբեջանի հետ ինչ-որ հարաբերություններ՝ պաշտպանում են»։ Այդ դեպքում ինչո՞ւ չգնացին Գերմանիան ու Մեծ Բրիտանիան։ «Մեծ Բրիտանիան մի քանի անգամ գնացել է այդ տարածքները, առաջարկել է ներդրումներ եւ իրեն պահում է առանձին, ստից երկրների հետ չի գնում։ Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այդ երկիրը, առհասարակ, նման կոնֆլիկտային տեղերում իրեն հեռու է պահում»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ Իրանի դեսպանի գնալու վերաբերյալ լակոնիկ պատասխան տվեց․ «Եթե մեր ամենաբարձր պաշտոնյան ասում է՝ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է, մենք ի՞նչ հավակնություն ունենք Շուշիի նկատմամբ, որ ասենք՝ ինչո՞ւ է Իրանը գնում։ Դե իրենք էլ կասեն՝ դուք եք ասում, որ Շուշին թուրքական է։ Եթե Դուք հրաժարվում եք, մենք ինչո՞ւ պետք է…»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image