Համալիրում ընթանում է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը: Մեծաթիվ ոստիկանական ուժեր կան այստեղ, չնայած նրան, որ սա ՊՆ-ի միջոցառումն է և Ռազմական ոստիկանության տիրույթում է անվտանգության ապահովումը:
Լրացուցիչ ուժեր են բերվել, քանի որ երեկվանից համացանցում քննարկվում է առաջնությունը բոյկոտելու, այստեղ ակցիա իրականացնելու հարցը: Մենք գրել էինք, որ պրոֆեսիոնալ ըմբիշները հայտարարել էին, որ Հայաստանի իշխանությունը միտումնավոր ներկայացրել է թույլ կազմ՝ դուրս թողնելով ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայտնի ըմբիշներ Մալխաս Ամոյաին, Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, Արման Անդրեասյանին, Մանվել Խնձրցյանին, Վիգեն Նազարյանին, Գևորգ Թադևոսյանին, Կնյազ Իբոյանին։ Նշենք, որ առաջնությանը մասնակցելու են նաև Թուրքիայից ժամանած մարզիկներ։ Մարզիկներն իրենց ինստագրամյան էջերով հանդես էին եկել աղմկահարույց հայտարարությամբ։
Ըմբիշ Արսեն Հարությունյանը գրել էր․ «Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնության»-ը։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել: Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք»։ Հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Մալխաս Ամոյանը՝ նշելով․ «Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, սակայն մեզ համար անհայտ և անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից։ Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»։
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտարարեց, որ հայտնի ըմբիշներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից: