Հարցազրույց

Սա ի՞նչ է, եթե ոչ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում

Սա ի՞նչ է, եթե ոչ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում

Հրմշտոց, սպառնալիքներ, տագնապ ու մեծաթիվ ոստիկաններ: Արդեն մի քանի օր է՝ նման իրավիճակ է տիրում Պաշտպանության նախարարության նախկին, այժմ` ՊԵԿ-ի շենքում, որտեղ մի շարք ընտանիքներ` տարբեր սոցիալական խավերից, բնակություն են հաստատել:

Երեկվանից ոստիկանները լքված այս շենքում բնակվող 150 ընտանիքներին հեռացնելու աշխատանքներ են իրականացնում: Պաշտպանության նախարարությունը 2000-ականներին է հեռացել այստեղից։ Սրան զուգահեռ անօթևան ու անապահով մարդիկ տեղավորվել են այս լքված կառույցում, տարիների ընթացքում քաղաքացիներն իրենց միջոցներով տարբեր աշխատանքներ են արել, տնավորվել են։ Հիմա շենքը դարձյալ պետությանը պետք է, այստեղ շինարարություն է սկսվելու եւ ՊԵԿ-ն է տեղակայվելու: Նրանց շարքերում կան թե զոհված զինծառայողների ծնողներ, թե Արցախից Հայաստան տեղափոխված անօթևաններ և, թե հաշմանդամություն ունեցող անձինք: Ոստիկանները պատնեշ կազմած արդեն երկու օր է կանգնած են շենքի դիմաց, իսկ քաղաքացիները պնդում են, որ ոչ մի տեղ չեն գնալու, պետությունը չի հոգում իրենց կարիքներն, իրենք էլ տանիք են գտել եւ փորձում են պահել այն: Նկատենք, որ որոշ քաղաքացիների բերման էին ենթարկել` իբրև թե ոստիկանների աշխատանքը խոչընդոտելու համար: Այս թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով երկար տարիներ զբաղվել է փախստականների հարցերով:

- Արդեն երկրորդ օրն է ոստիկանների և ՊՆ-ի նախկին շենքի ժամանակավոր բնակիչների միջև պայքար է ընթանում: Ոստիկանները պատ են կազմել, քաղաքացիներին ստիպում են լքել տարածքը: Իրավապահների պնդմամբ` այդ մարդիկ անօրինական զավթել են տարածքը: Նրանց շարքերում կան հաշմանդամներ, զոհվածի ծնողներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Ի վերջո, ո՞վ պետք է այս մարդկանց կեցության խնդիրը լուծի և ինչպե՞ս:

- Չեմ կարողացել նրանց հանդիպել, սակայն, տեսնելով, թե ինչ է կատարվում, կարող եմ ասել, որ դուրս են հանում մարդկանց այդ շենքից, սակայն չեն տրամադրում գոնե ժամանակավոր կացարան: Պետությունը պետք է այդ հարցը անմիջապես հոգար, լուծում տար այդ մարդկանց խնդիրներին: Անգամ չեն փորձում հասկանալ, թե այդ մարդիկ ովքեր են, ինչպես են այդ տարածքում հայտնվել, ով է նրանց թույլ տվել և այլն: Որքանով տեղյակ եմ, շենքի բնակիչներին խորհուրդ են տվել դիմել Սոցապ նախարարություն, սակայն պետք է շեշտել, որ դա ՊՆ-ի նախկին շենքն է: Ի՞նչ է, ՊՆ-ն խռո՞վ է այս երկրից: Պետք է կարողանան այս հարցին լուծում տալ: Տպավորություն է, թե այս նախարարություններում նստած մարդիկ նորություններ են հայտնաբերում: Նորից եմ կրկնում` պետությունը պարտավոր է ապահովել նման քաղաքացիների խնդիրները: Մենք ունեցել ենք 90-ական թվականներ, բազմաթիվ փախստականներ` ոչ միայն Ադրբեջանից, այլև Կենտրոնական Ասիայի երկրներից, Աֆրիկայից անգամ: Այն ժամանակ պետության կողմից բոլոր նման խնդիրները լուծվում էին: Մեր հասարակական կազմակերպությունը բազմիցս նման խնդիրների է անդրադարձել: Ես վրդովված եմ, որ հասել ենք այն օրին, որ անգամ մարդու իրավունքների փոքրիկ նվաճումները փորձում են մսխել: Սա ապշելու բան է: Ի՞նչ է նշանակում պետության այս անտարբեր մոտեցումը:

- Նման դեպքեր երբևէ եղե՞լ են, որ մարդիկ պետական շենքում բնակություն հաստատեն և նման խնդիր առաջանա:

- Իհարկե, բազմաթիվ նման դեպքեր եղել են: Երրորդ մասում 90-ականներին մարդիկ բնակություն էին հաստատել պետական երկհարկանի շենքերում: Մարդիկ մինչև անգամ վթարային պետական շենքերում են ապրել, մինչև տան հարցը պետությունը լուծել է: Նման հարցերին պետք է լուծում տալ, այլ ոչ թե խորհուրդ: Պետությունն ունի այդ փորձը, այնպես չէ, որ սա նորություն է:

- Պետությունն ինչո՞ւ է նման կրավորական կեցվածք ընդունել:

- Ես վաղուց եմ ասել, որ օրվա իշխանություններին չի հետաքրքրում հասարակությունը, նրանց հոգսերն ու խնդիրները: Նրանք զբաղված են այլ հարցերով, եկել են այլ խնդիրներ լուծելու համար: Իշխանությունների անտարբերությունն անտանելի է ուղղակի: Անգործության և անտարբերության արդյունք է այս ամենը, սա ի՞նչ է, եթե ոչ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում:

- ՊՆ-ի նախկին շենքում ապրում են նաև 44-օրյա պատերազմի հետեւանքով տուն ու տեղը կորցրած քաղաքացիներ: Նրանք փախստականներ են, սակայն այսօր փաստացի անգամ փախստականի կարգավիճակ չունեն: Ի՞նչ է սա նշանակում:

- Այո, նրանց փախստականի կարգավիճակ չի տրվել, ինչն ուղղակի ապշեցուցիչ է: 1951 թվականին փախստականների ստատուսի մասին կոնվենցիայի տակ է ստորագրվել: Այդ կոնվենցիան ամեն ինչ նախատեսում է փախստականների համար: Ստացվում է՝ այսօր պետական մարմինները հրաժարվում են կոնվենցիայի պահանջները կատարել: 1992-ին Հայաստանը վավերացրել է փախստականների մասին կոնվենցիան:

- Եթե պետությունը չի հոգում այդ մարդկանց խնդիրները, ի՞նչ կարող են անել նրանք, ո՞ւմ պետք է դիմեն:

- Նախ պետք է վարչական դատարան դիմեն, բարձրաձայնեն խնդիրը: Ցավոք, մեր ՀԿ-ն այսօր այլ հարցերով է զբաղված, հակառակ դեպքում ես անպայման այդ մարդկանց կողքին կլինեի:

- Ինչո՞ւ են լռում միլիոնավոր գրանտներ ստացող իրավապաշտպան ՀԿ-ները:

- Ես այդ կազմակերպություններին այժմ ծանոթ չեմ, քանի որ նրանց աշխատանքն աննշան է: Նրանք, ըստ իս, միայն իշխանությունների դիրքորոշումը պաշտպանելու համար են:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image