Հասարակություն

Ավետիք Չալաբյանին ուզում են 2 տարով զրկել քաղաքական գործունեություն ծավալելուց

Ավետիք Չալաբյանին ուզում են 2 տարով զրկել քաղաքական գործունեություն ծավալելուց

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ քննեց Չալաբյանի նկատմամբ նշանակվելիք պատժի տեսակն ու չափը, նախորդիվ դատարանն արդեն իսկ հաստատել էր Չալաբյանի մեղքը։ Մեղադրող դատախազը նիստի ընթացքում հայտարարեց, որ դատարանից պահանջում է Չալաբյանի նկատմամբ կիրառել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում, որից եթե հանվում է կալանքի ժամկետը, ստացվում է 1 տարի 11 ամիս։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ դահլիճին իբրեւ թե հանգստացնելու համար հայտարարեց, որ ազատության սահմանափակումն ազատազրկումը չէ։ Թե ինչ է ենթադրում ազատության սահմանափակումը՝ հարցրինք Չալաբյանի պաշտպան Արմեն Անդրիկյանին։

«Քրեական օրենսգրքով նախատեսված է ազատության սահմանափակում պատժատեսակը, այն մոտավորապես հետեւյալն է, որ նշված ժամանակահատվածում անձի տեղաշարժի, որոշակի միջոցառումներին մասնակցության եւ նմանատիպ գործընթացների վրա դրվում է սահմանափակում։ Այսինքն՝ կոպիտ ասած, պետությունը հսկողություն է սահմանում անձի վարքագծի նկատմամբ նշված ժամանակահատվածում եւ կիրառում է որոշակի սահմանափակում որոշակի գործընթացներին մասնակցելու, որոշակի տեղեր այցելելու առումով։ Այս պահին ես չեմ կարող ասել՝ եթե, օրինակ, դատարանը նման պատժատեսակ կիրառի, ապա ինչ սահմանափակումներ կկիրառի, կարծում եմ, որ նշված պատժատեսակը շատ խիստ պատժատեսակ է իրենից ներկայացնում կոնկրետ Ավետիք Չալաբյանի մասով եւ կոնկրետ հոդվածի մասով, կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլինի կիրառել ավելի մեղմ պատժատեսակ։ Օրինակ՝ մյուս մեղադրյալ Էմմա Սարգսյանի պարագայում դատախազը միջնորդեց, որ կիրառվի տուգանք, եւ ես իմ խոսքում նշեցի, որ տարբերությունը միայն նրանում էր, որ Էմմա Սարգսյանն ընդունել է մեղքը, իսկ Ավետիք Չալաբյանը չի ընդունել»,- ասաց Անդրիկյանը։

Ավետիք Չալաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, անկախ ամեն ինչից, բողոքարկելու է դատական ակտը, քանի որ ինքն իր մեղքը չի ընդունում։ «Այս ամբողջ գործընթացը բացարձակ քաղաքականացված է, դուք տեսնում եք, որ պատիժը, ըստ էության, կապված է իմ քաղաքական գործունեության արգելքի հետ։ Դատախազը հրապարակեց, եւ, փաստորեն, նրանք ուզում են, որ 2 տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքների չմասնակցեմ, քաղաքական գործունեությամբ չզբաղվեմ, եւ այդ ամբողջը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Ես իմ մեղքը չեմ ընդունում, անկախ նրանից, թե ինչ դատավճիռ է լինելու այս դատարանում, մենք դա բողոքարկելու ենք եւ հետեւողականորեն շարունակելու ենք գնալ բոլոր այն ատյաններով, մինչեւ հասնենք արդարության։ Հատուկ ուզում եմ շեշտել դատախազի այն պարադոքսալ միտքը, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ծանրացուցիչ հանգամանք է։ Դա աբսուրդ է, որովհետեւ ցանկացած մարդու իրավունքն է իր համոզմունքն արտահայտելը, եւ դա ոչ մի կապ չունի արարքի ծանրացման կամ թեթեւացման հետ։ Ես համագործակցել եմ նախաքննության հետ, դատական բոլոր նիստերին ներկայացել եմ, երբ ցուցմունք տալ է պետք եղել, ցուցմունք եմ տվել։ Այսինքն՝ ես փորձել եմ այս գործընթացի մաքսիմալ թափանցիկությունն ապահովել, ուստի եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ոչ միայն իմ իրավունքն է, այլեւ իմ համոզմունքն է, որովհետեւ ես մեղք չունեմ, որ ընդունեմ։ Ավելին՝ դատախազությունը ոչ մի կերպ չի կարողացել այս մեղքն ապացուցել»,- պատասխանեց Չալաբյանը։

Նրան հարցրինք՝ մոտ ապագայում կամ այդ 2 տարիների ընթացքում ի՞նչ քաղաքական գործունեություն է ինքը պլանավորում, որը ցանկանում են խոչընդոտել դատախազությունն ու դատարանը։ Օրինակ՝ խոսվում է արտահերթ ընտրությունների մասին, եթե այդպիսիք լինեին, ինքը կմասնակցի՞։ «Ես չէի ուզենա մեկնաբանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները, որովհետեւ դա գործող խորհրդարանը պետք է որոշի` ցրվել, նոր ընտրություններ նշանակել եւ այլն։ Այս պահին դրանք խոսակցություններ են, մենք որեւէ կերպ այդ խոսակցություններին չենք մասնակցում։ Մենք «Հայաքվեի» համատեքստում ասել ենք, որ մերժելով օրենքի նախագիծը, այս խորհրդարանի կառավարող մեծամասնությունն իրեն օրենքից դուրս է դրել, որովհետեւ իր իսկ կողմից հաստատված կառավարության ծրագրին հակառակ է գնացել։ Բայց թե երբ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դա մեր խնդիրը չէ, դա գործող խորհրդարանի խնդիրն է, ինքը կարող է որոշել, իսկ դրանց ես որպես անհատ կմասնակցեմ, թե ոչ, դա ժամանակի հարց է` կորոշենք։ Ակնհայտ է, որ ես մշտական քաղաքական ակտիվություն եմ ցուցաբերել, եւ գործող իշխանությունը ցանկանում է այդ ակտիվությունը սահմանափակել, եւ այն պատժատեսակը, որն իրենք առաջարկում են, ուղիղ կապված է այդ սահմանափակման հետ»։

Չալաբյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 21-ին, ժամը 17։30-ին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image