Քաղաքականություն

«Հրապարակ». Բոլորը հասկանում են, որ նոր ընտրություններ ու ավելի լեգիտիմ իշխանություն է պետք

«Հրապարակ». Բոլորը հասկանում են, որ նոր ընտրություններ ու ավելի լեգիտիմ իշխանություն է պետք

Եթե նիկոլական Հայաստանի թույլ ու նվաստացած վիճակից անտեղյակ մեկն ընթերցեր իշխանությունների պաշտոնական հանդիպումների մասին պատմող հաղորդագրությունները, կմտածեր՝ մենք աշխարհին հետաքրքրող մի երկիր ենք, որտեղ իրար հերթ չտալով՝ մե՛կ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարն է այցելում, մե՛կ՝ ԱՄՆ-ի ԿՀՎ ղեկավարն ու նրա տեղակալը, մե՛կ` փոխպետքարտուղարը։

Այս օրերին Հայաստանում է ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Օրեր առաջ ԱՄՆ մեկ այլ փոխպետքարտուղար՝ Բրենդոն Յոդերն էր Երեւանում։ Իսկ հուլիսի 4-ին Փաշինյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Արեւմտյան պաշտոնյաների հետ Հայաստանի իշխանությունների հանդիպումների մասին պատմող տեքստերի վերլուծությունը երկու բան է ցույց տալիս․ նախ, Հայաստանն այս երկրներին հետաքրքիր է տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական շահերի պատճառով, իսկ ավելի հստակ՝ օրվա իշխանության որդեգրած հակառուսականության գծի շրջանակներում, եւ երկրորդ, Հայաստանի ներքաղաքական զարգացումների՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ներկա աղետալի վիճակի պայմաններում, այդ երկրներին Հայաստանում պետք են այնպիսի իշխանություններ, որոնք անվրեպ իրականացնում են տարածաշրջանում այդ շահերի սպասարկումը։ Հենց սրանով է պայմանավորված, օրինակ, Օ՛Բրայենի հայտարարությունը, թե Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները, ու թե Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը կողք-կողքի գոյություն ունեն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էլ նախօրեին այցելել էր ԱԺ` հանդիպել Ալեն Սիմոնյանի հետ` այն օրը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ բազմահազար աջակիցների հետ, խորհրդարանի մատույցներում էր գիշերել՝ վարչապետի հրաժարականի պահանջով։

«Իրականում գնում է պայքար տարածաշրջանի համար։ Ռուսաստանը, կորցնելով իր ավանդական տնտեսական գոտին Եվրոպայում ու առհասարակ Արեւմուտքում, նոր ուղիներ է փորձում կառուցել դեպի գլոբալ Հարավ, եւ այստեղ կարեւոր է Հարավային Կովկասը, որտեղով պետք է դուրս գա Իրան ու Պարսից ծոց՝ Հնդկական օվկիանոս: Արեւմուտքը փորձում է փակել այդ ուղիները եւ թույլ չտալ Ռուսաստանին՝ նոր ուղիներ ունենալ: Սա է ողջ պատմությունը, եւ դա էր Արցախի պատերազմի հիմնական պատճառը՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել մեր տարածաշրջանում: Արեւմուտքի նպատակն է՝ Ռուսաստանին դուրս հանել Հարավային Կովկասից»,-Հայաստանով այսքան հետաքրքրվածությունն այսպես է բացատրում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Հրապարակ»-ի զրուցակցի խոսքով, ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Ռուսաստանում ուշադիր հետեւում են ներքաղաքական կյանքին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Իսկ Ադրբեջանում քաղաքական կյանք չկա, բայց այնտեղ նրանք կարող են բլիթի ու մտրակի քաղաքականություն վարել Ադրբեջանի նախագահի հասցեին: «Այս տարածաշրջանի ցանկացած քաղաքական նոր դասավորվածություն կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածությունը: Դրա համար հետաքրքրությունը մեծ է, ու նման այցեր են կատարվում»,- շարունակում է Դանիելյանը: 

Այս այցելություններն արդյո՞ք ի սատարումն օրվա իշխանության են, երբ զուգահեռ իրականության մեջ բազմահազար քաղաքացիներ մերժում են նրանց։ «Սա իշխանության աջակցություն չէ, այլ իշխանության կուրսի աջակցություն, եթե հաջորդ իշխանության հավակնորդները խոստանան շարունակել այդ կուրսը, ապա կաջակցեն իշխանափոխությանը՝ հասկանալով, որ գործող կառավարությունն արդեն ոչ լեգիտիմ է, չունի հանրային վստահություն եւ չի կարող երաշխիքներ տալ, որ պայմանավորվածությունները կարող է կատարել: Բոլորը հասկանում են, որ նոր ընտրություններ ու ավելի լեգիտիմ իշխանություն է պետք: Բայց թե ինչ պատկերացումներ ունեն ՔՊ-ի հակառակորդները, անհայտ է, գուցե իրենք էլ չգիտեն, թե իշխանության գալուց հետո ինչ են անելու, դրա համար էլ արտաքին ուժերը սպասողական դիրք են բռնել»,- բացատրում է քաղաքագետը:

Ուշագրավ է, որ ինքը՝ Արեւմուտքը եւս քաղաքական հնարավոր փոփոխությունների նախաշեմին է։ ԱՄՆ նախագահական հերթական ընտրություններն այս տարվա նոյեմբերին են, իսկ ԵՄ-ում Եվրախորհրդարանի ընտրությունները վկայեցին, որ այսօրվա դերակատարները, ինչպես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կամ Գերմանիայի կանցլեր Շոլցը, ըստ էության,  արդեն լեգիտիմությունը կորցնող ղեկավարներ են։ Նրանց կուսակցությունները պարտվել են։ Հաջողությունը ծայրահեղ աջերի հետ է։ Մակրոնն անգամ խորհրդարանը ցրելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարեց։ Նույն պատկերն Ավստրիայում եւ Բելգիայում է։ Կազդի՞ սա հարավկովկասյան տարածաշրջանում եվրոպական քաղաքականության վրա, ըստ Դանիելյանի, այս պահին դժվար է ասել․ «Կարծում եմ, Եվրոպան գնում է դեպի աջ, ավելի ազգային ուժեր են գալիս իշխանության, ու այդ գործընթացը շարունակվելու է, բայց թե դա որքանով կազդի արտաքին քաղաքականության վրա, դժվար է ասել, որովհետեւ աջերի հիմնական օրակարգը ներքին խնդիրներին է ուղղված՝ էմիգրանտների խնդիրներ եւ այլն: Չեմ կարծում, որ մոտակա տարիներին աջերի ուժեղացումը մեծ ազդեցություն ունենա արտաքին քաղաքականության վրա»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական օրակարգին, որն այսօր հովանավորվում է հավաքական Արեւմուտքի կողմից, այստեղ ամեն բան փոխկապակցված է մեծ խաղացողների շահերով: «Մասնավորապես, որ Սյունիքը գրավված չէ, դա Իրանի դիրքորոշման պատճառով է: Արեւմուտքին պետք է, որ Սյունիքը Թուրքիան վերահսկի, ոչ թե Ռուսաստանը, Ռուսաստանին պետք է, որ ինքը վերահսկի, Իրանին պետք է, որ որեւէ միջանցք չլինի: Դա է որոշիչը: Հայաստանի դերն ու ազդեցությունն այնքան են նվազել, որ մենք ազդեցություն չունենք, այս իշխանության միակ գործառույթն է, թե ում զորքերը կհրավիրի Հայաստան»,- ցավալի արձանագրումով եզրափակում է մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image