Սեպտեմբերի 29-ին եզդիների սուրբ օրվան՝ Մալաքե Թաուսին նվիրված տոնն առանց միջադեպի չի անցել։ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գտնվող նրանց սրբավայրում եզդի ակտիվիստներ են ձերբակալվել։ Նրանք փորձել են տաճարից հեռացնել Իրաքից եկած, իրենց ասելով՝ քրդացած եզդիներին, քանի որ «նրանց այցի նպատակը ոչ այնքան տոնին մասնակցելն էր, որքան եզդիներին կրոնափոխ անելու քարոզ տանելը։ Իրենք որոշել էին տաճարում լուրջ քարոզ իրականացնել, մենք խանգարեցինք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց մոսկվաբնակ Մանվել Մամոյանը։
Նա քրդերի՝ Հայաստան գալու նպատակների մասին տեսաուղերձով դիմել է ԱԱԾ-ին, որպեսզի կանխվի նրանց մուտքը մեր երկիր։ Ասում է՝ երկրի անվտանգությունից ելնելով՝ շատերին են արգելել, պետք է սրանց էլ թույլ չտան, որ Հայաստանի ծանր վիճակից օգտվելով՝ գան ու թուրքական պետության հովանու տակ լծվեն Թուրանի ծրագրի իրականացմանը։
«Իրաքից Հայաստան են ժամանել մարդիկ, որոնք եզդի ժողովրդի հետ կապ չունեն․ չնայած ազգությամբ եզդի են՝ իրենց դուրս են հայտարարում մեր կրոնից։ Ավելին, նույնիսկ ասում են՝ եզդին ազգ չէ, կրոն է։ Ծրագիր ունեն՝ աշխարհի եզդիներին հավաքել քրդերի կողմից ստեղծված նոր՝ «Յիզիդիզմ» կոչվող դավանանքի ներքո։ Ցավոք, ինչպես հիմա Լալեշում է ստիպողաբար քրդացնելու քաղաքականություն իրականացվում, նույնն էլ ուզում են անել Հայաստանում։ Մալաքե Թաուսին նվիրված տոնը նրանց համար լավ առիթ էր՝ իրենց սրբապիղծ քարոզը տարածելու համար»,- ասաց ակտիվիստ Մամոյանը։
Նրա խոսքով՝ դավանափոխ եղած «եզդի քրդերին» Ակնալիճում գլխավորել է Իրաքի եզդիների առաջնորդ Հազըմ Թահսին Բեկը, ով մերժված է աշխարհասփյուռ եզդիների կողմից։ Ըստ Մամոյանի՝ Հազըմ Բեկն Իրաքի եզդիների առաջնորդ է նշանակվել Քուրդիստանի ռեգիոնալ իշխանությունների կողմից՝ եզդիների կամքին հակառակ։ Ասում է՝ քրդերը ձգտում են Հազըմ Բեկին ընդունելի դարձնել աշխարհի եզդիների համար, որ նրա միջոցով հավատափոխ անեն եզդիներին։
«Հազըմ Բեկի գլխավորությամբ Հայաստան են եկել մեծ թվով քրդական ագենտներ։ Տեղեկանալով, որ Ակնալիճ են գալու՝ Հայաստանում բնակվող եզդիներին կրոնափոխ անելու քարոզի նպատակով, ակտիվիստներով, անհնազանդության կոչերով բողոքի ակցիա ենք կազմակերպել եւ հսկել տարածքը, որ դավաճանները մուտք չգործեն։ Իսկ հայ ոստիկանները, որ տեղեկացված էին «Ընդդեմ քրդացման» մեր ակցիայի մասին, փոխանակ արգելեին նրանց մուտքը սրբավայր, ձերբակալեցին իրենց բարեկամ եզդիներին։ Հայ ոստիկաններին, ի դեպ, ցուցում էր տալիս տաճարը կառուցող բարերարի որդին՝ Ռոման Սլոյանը։ Ինքն էր ասում՝ ում բռնել, ում հեռացնել տարածքից։ Նա եւս քրդացած եզդիների կողքին է»։
Հազըմ Բեկի այցը, ըստ զրուցակցիս, մի քանի վտանգ է պարունակում՝ խարխլել այստեղ ապրող եզդիների միասնությունը, բաժանելով դարձնել կառավարելի, որ հեշտությամբ լվանան ուղեղներն ու տեղ բացեն նոր կրոնի համար։ Իսկ ամենավտանգավորը՝ հետագայում օգտագործել նրանց պրոքրդա-թուրքական ծրագրերի համար։ Հազըմ Բեկի թիկունքում կանգնած քրդական քաղաքական ուժը ստիպողաբար Իրաքի եզդիներին դարձնում է «քուրդ եզդիներ»։ Հերթը Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում ապրող եզդիներինն է՝ մտահոգված է զրուցակիցս։
Նա չի բացառում, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւս պաշտպանում է քրդերի շահը։ «Ես Ռուստամին անձամբ եմ ճանաչում, շատ վաղուց։ Աղքատ տղա էր։ Իսկ հիմա ճոխության մեջ է ապրում։ Պատգամավորի իր աշխատավարձով դժվար կարողանար շքեղ կյանք կառուցել, Իրաքում բիզնեսներ ունենալ։ Իսկ Իրաքի քրդերը հենց այնպես ոչ ոքի բիզնեսին մոտ չեն թողնի․ դրա դիմաց ծառայություն է պետք մատուցել։ Ես փաստեր չունեմ, որ Բաքոյանին հավաքագրել են եզդիներին քրդացնելու ծրագրին, բայց դատելով Իրաքում ծաղկող նրա բիզնեսներից ու կյանքի որակի սրընթաց աճից՝ ենթադրում եմ, որ իրենց հետ է»,- ասաց Մամոյանը։
Տեղի ունեցածի առիթով իր վրդովմունքն է արտահայտել նաեւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահը։ Խդր Հաջոյանը տեսաուղերձով դիմել է եզդիներին՝ ինքնությունը չկորցնելու կոչով։ Նաեւ հայտարարել է, որ հավատարիմ են մնալու իրենց ակունքներին, եւ, ի գիտություն աշխարհասփյուռ եզդիների, ասել է՝ թող բոլորն իմանան, որ Հազըմ Բեկին չենք ընդունում որպես եզդիների առաջնորդ, որովհետեւ նա ծառան է քրդական քաղաքականության։